Մեկնաբանություն

09.08.2023 18:15


Պետությունը գոյություն ունի՞…

Պետությունը գոյություն ունի՞…

Այս հարցն էլ է ձգտում հռետորականի: Չնայած, շատ հայրենակիցների ընկալմամբ, արդեն հռետորական է: Բայց կոնկրետացնենք հանգամանքները:

Խոսքը մի խումբ ազատամարտիկների, պատերազմի մասնակից մեր հայրենակիցների վերջին երկու օրերի հավաքների ու ակցիաների կամ գործողությունների մասին է:

Լրահոսին հետևողները տեղյակ են անշուշտ, որ դեռ երեկ Հանրապետության հրապարակում հավաքվել էին մեծ թվով ազատամարտի մասնակիցներ, ովքեր նշում էին ջոկատների անուններ, որոնց կազմում կռվել են: Նրանք նշում էին, որ ցանկանում են բացել Բերձորի միջանցքով անցնող ճանապարհը, որպեսզի պարեն և դեղորայք հնարավոր լինի հասցնել ադրբեջանական տոտալ պաշարման մեջ հայտնված Արցախի մեր հայրենակիցներին: Այսօր էլ արդեն լուրեր եկան Կոռնիձորից, որ երեկվա հավաքի մասնակիցների մի մասն արդեն հասել է այնտեղ, սակայն ոստիկանությունը չի թողնում, որ առաջ շարժվեն: Հավելենք և այն, որ նախօրեին կառավարության մոտ եղած հավաքի ընթացքում ոստիկանների հետ բախում եղավ, հավաքի մասնակիցների մի մասին նիկոլական ոստիկանությունը բերման ենթարկեց:

Այս ամենի հետ կապված, բնականաբար, ամենատարբեր ենթադրություններ, դիտարկումներ ու հետևություններ են առաջ գալիս: Նաև տարբեր գնահատականներ են հնչում՝ լավ և վատ։ Բայց դա էական չէ։ Էականն այլ հարց է։ Միջանցքի փակ լինելու ու Արցախի հարցը։

Ալիևը նման կերպ վարվելու հնարավորություն ստացել է Նիկոլ Փաշինյանի միջոցով, նրա քայլերի ու որոշումների հետևանքով: Մեծ հաշվով, Արցախի «կյանքի ճանապարհը» Նիկոլ Փաշինյանն ու նրա ՔՊ-ն են փակել: Եվ փակելու «կախարդական բառը» (երևի պետք էր ասել՝ վհուկական անեծքը) Արցախն ուրանալու մասին հայտարարությունն է, այն, որ ինքը ճանաչում է Արցախն ադրբեջանական, Ադրբեջանի կազմում: Սա է:

Այնպես որ, Արցախ տանող ճանապարհի բացման բոլոր ուղիները անցնում են ՀՀ վարչապետի աշխատասենյակով, ու այդ աշխատասենյակը հիմա զբաղեցնողից ու նրա գլխավորած թիմից ազատվելով: Դա է միակ տարբերակը: Մյուս բոլոր տարբերակները կա՛մ ինքնախաբեություն են, կա՛մ եղած համեստ ռեսուրսների փոշիացում:

Մյուս կողմից՝ նման հարցերի լուծումը նախ և առաջ պետության մենաշնորհն է: Իսկ երբ պետությունը գործնականում չի կատարում իր գործառույթները, ավելին՝ անում է լրիվ հակառակ գործողություններ, առաջանում է վակուում:

Պետությունը չկա: Պետությունն ինքնօտարվել է հայությունից ու հայության շահերից:

Ու չարժե զարմանալ, եթե վաղը, մյուս օրը կազմվեն և ինքնակազմակերպվեն կամավորական ջոկատներ, որոնք իսկապես փորձեն լուծել այս կարևոր խնդիրը կամ էլ լուծման շոու անեն, արդեն էական չէ: Դա լինելու է անխուսափելիորեն ու բնականորեն: Անելանելիությունը, որպես կանոն, մղում է հուսահատ գործողությունների: Մենք մոտեցել ենք հուսահատության կիզակետին:

Հայտնի երգում հենց այնպես չի ասվում, թե՝ երբ չի լինում ելք ու ճար, խենթերն են գտնում հնար: Իսկ փաշինյանական մահաբեր «կառավարման» հետևանքով… խենթացածների պակաս կարծես չունենք:

Արթուր Խայթ

Այս խորագրի վերջին նյութերը