Մեկնաբանություն

08.08.2023 22:30


Ինչ խնդիր է ուզում լուծել ԱՄՆ-ն...՝ Հայաստանը Թուրքիայի երախը նետելով

Ինչ խնդիր է ուզում լուծել ԱՄՆ-ն...՝ Հայաստանը Թուրքիայի երախը նետելով

Երբ բանիմաց վերլուծաբանները, փորձագետները նշում էին, նաև՝ բացատրում, հիմնավորում, որ Հայաստանի այսպես կոչված՝ «արևմտամետների» պատկերացրած «Արևմուտքը» ոչ միայն աշխարհագրորեն, այլև բովանդակությամբ Հայաստանի թրքացումն է, նույն այդ «արևմտամետները» նրանց փոխաբերական իմաստով անարգանքի սյանն էին գամում: Հետևում էին զուտ վիրավորանք ու հույզեր արտահայտող բացականչություններ: Բայց դրանից խնդրի էությունն ու առարկայական հիմնավորումները չէին փոխվում:

Իսկ իրականությունը ոչ միայն դաժան է, այլև սիրում է «վրա հասնել»: Եվ ահա՝ այն վրա է հասնում յոթմղոնանոց քայլերով: Հայաստանի թրքացումը, բնականաբար, Նիկոլ Փաշինյանի ու նրա դրածոյական, թրքաշահ «կառավարության» գործուն մասնակցությամբ, այլևս «տեխնիկայի հարց» է: Մեծ հաշվով, եթե նույնիսկ ինչ-որ հրաշք տեղի ունենա և, ենթադրենք, Նիկոլ Փաշինյանի գլխին երկնաքար ընկնի՝ որպես միլիոնավոր հայերի սրտանց անեծքների մարմնավորում, ու Հայաստանն ազատի նրա ներկայությունից, միևնույն է, ահռելի ջանքեր և ազգային գրեթե ամբողջ ռեսուրսի համախմբում է պահանջվելու՝ այս կոյաճահճից դուրս գալու և պետականությունը, ինքնությունը և գոյության իրավունքը պահպանելու համար:

Գանք թարմ «դեպքերին»:

Հայաստանի բոլոր «արմտամետների» գլխավոր պաշտամունքի առարկա և «պապա» Միացյալ Նահանգների պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը վերջին ճեպազրույցում անդրադառնալով հարցին, թե ինչպիսի դեր կարող է ունենալ Թուրքիան Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում, պատասխանել է, թե չի ուզում մանրամասն խոսել, քանի որ դա մասնավոր դիվանագիտական ​​զրույց է, բայց կարող է միայն ասել, որ... «մենք իսկապես հավատում ենք, որ Թուրքիան կարող է արդյունավետ դեր խաղալ այս հարցում»:

Ավելին, ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը նաև նշել է, որ «չի ցանկանում խոսել Ռուսաստանի մասին, երբ խոսքը վերաբերում է Հայաստանին ու Ադրբեջանին»:

Դրանից հետո մի երկար ու բազմաբարդ, բայց ոչինչ չասող նախադասություն է արտասանել, կամ ինչպես դիվանագիտական շրջանակներում են սիրում ասել՝ «մշուշ է բաց թողել»: Հիմնականը նշված երկու ֆրազներն են:

Ինչո՞ւ է ԱՄՆ ներկայացուցիչը հայտարարում, թե իսկապես հավատում են, որ Թուրքիան կարող է «արդյունավետ դեր խաղալ» Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացում: Վերջին հաշվով, միայն «պաթոլոգիկ ապուշի» բժշկական տեղեկանք ունեցողը կարող է համարել, որ հայության դեմ Ցեղասպանություն իրականացրած Թուրքիան կարող է արդյունավետ դեր ունենալ նման հարցում: Ավելին, ԱՄՆ-ում առավել քան հրաշալի տեղյակ են, որ նախ՝ Ադրբեջանն ի սկզբանե եղել է թուրքական նախագիծ, ժամանակակից Ադրբեջանը հստակ թուրքական ազդեցության տիրույթում է («մեկ ազգ, երկու պետություն»), Թուրքիան ահռելի դերակատարում է ունեցել Արցախի ու Հայաստանի դեմ 2020թ. ագրեսիայի ու դրա շարունակական դրսևորման ընթացքում: Այնպես որ, տրամաբանորեն, եթե Թուրքիան ինչ-որ դեր կարող է խաղալ էլ, ապա դա Հայաստանը ոչնչացնելու, հայությանը բնաջնջելու և իր չճանաչած, բայց իրականացված ցեղասպանության ծրագիրը ավարտին հասցնելու դերն է:

Թե ինչու ԱՄՆ ներկայացուցիչը չի ուզում խոսել Ռուսաստանի մասին՝ նույն կոնտեքստում, կարծում ենք՝ միանգամայն հասկանալի է նաև առանց հավելյալ մեկնաբանությունների:

ԱՄՆ-ի նպատակները միանգամայն բացահայտ ու ցինիկ են ձևակերպված, որքան էլ որ դա պաթոսասեր ու «սա 21-րդ դարն է» կամ «միջազգային հանրություն», «միջազգային իրավունք» ու նման ապուշությունների նկատմամբ գրեթե կրոնական հավատ տածող «խելոք» հայերիս դուր չի գալիս: ԱՄՆ-ը խնդիր ունի ա) Ռուսաստանին դուրս մղել մեր տարածաշրջանից, ձևավորել պլացդարմ՝ Իրանի վրա հարձակվելու համար: Ու ԱՄՆ-ին բացարձակապես չի հետաքրքրում՝ կլինի՞ այստեղ Հայաստան, թե՞ չի լինի: Իրենք խորապես թքած ունեն դրա վրա: ԱՄՆ դաշնակիցը Թուրքիան է: ԱՄՆ-ը ավելի քան կես դար աշխատում է Թուրքիայի հետ: Ինքը՝ ԱՄՆ-ը չի կարող մեր տարածաշրջանում ուղիղ վերահկողություն հաստետել, ուստի «պատվիրակում» է Թուրքիային: Այստեղից՝ հռետորական հարց՝ ի՞նչ խնդիր է լուծում ԱՄՆ-ն պատերազմից ու իրենց դրածո Փաշինյանի կառավարումից քայքայված Հայաստանը Թուրքիայի երախը նետելով:

Կրկնում ենք՝ հարցը հռետորական է:

Արթուր Խայթ

Այս խորագրի վերջին նյութերը