Քաղաքական

05.08.2023 21:33


Ազգովի պիտի արթնանանք, ասենք՝ բա՛վ է, այլևս մենք զիջելու ոչինչ չունենք․ Պարգև Սրբազան (տեսանյութ)

Ազգովի պիտի արթնանանք, ասենք՝ բա՛վ է, այլևս մենք զիջելու ոչինչ չունենք․ Պարգև Սրբազան (տեսանյութ)

Հայ ժողովուրդը ունի պայքարի ու դիմադրության ներուժ՝ որքան էլ տարբեր տեխնոլոգիաների միջոցով փորձեն անտարբերություն ու հուսահատույուն տարածել հասարակության շրջանում։ Alpha Newsroom-ի ուղիղ եթերում նման կարծիք է հայտնել Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը՝ վստահեցնելով, որ եկեղեցին՝ որպես համահայկական ու համազգային հաստատություն, միշտ ի վիճակի է համախմբելու ամբողջ ազգին՝ կարևոր օրակարգերի շուրջ։ Նա շեշտել է՝ ոչ միայն Արցախն է վտանգի առջև, այլև Հայաստանն է թրքացման ճանապարհին։

«Օրհասական պահեր ենք ապրում և ցեղասպանության առջև ենք կանգնած, հայաթափման, հայակոտորման և Հայաստանի թրքացման ու ադրբեջանականացման առջև ենք կանգնած։ Ամենամեծ վտանգն այն է, որ ժողովրդին այս 10-15 տարիների ընթացքում կարողացել են հասցնել անտարբերության, հուսահատության՝ աշխատեցնելով լավ տեխնոլոգիաներ։ Հիմա ժողովուրդն էլ անտարբեր է՝ դե, իմ գործը չէ, ինչ կլինի՝ կլինի, կգնամ Սնուպ Դոգի համերգին․․․ Հիմա մենք ազգովի պիտի արթնանանք, ասենք՝ բա՛վ է, այլևս մենք զիջելու ոչինչ չունենք»,-ասել է Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը՝ շեշտելով, որ պայքարողն է, որ սկսում է զորանալ, իսկ եթե չես դիմադրում՝ դիակ ես։

«Ես ասում եմ, որ մեր ժողովուրդը ունի այդ ներուժը, միշտ ունեցել է։ Արցախը եղել է, կա՛ եւ նորից մնալու է հայկական։ Ապարդյուն են լինելու բոլոր գերտերությունների պայքարները մեր Արցախի համար։ Մենք հիմա ազգովի պիտի միաբանվենք Արցախի ու ցեղասպանության խնդրի շուրջ, մենք ոտքի պիտի կանգնենք»,-ընդգծել է Պարգեւ Սրբազանը։

Նա սթափության կոչ է անում՝ այսօր ոչ միայն Արցախն է վտանգի առջև, այլև Հայաստանն է թրքացման ճանապարհին․

«Սովետական իշխանություն կար Հայաստանում,ամբողջ ժողովուրդը ոտքի ելավ, ոչ թե Հայաստանի իշխանության շուրջ, այլ Արցախը փրկելու գաղափարի շուրջ։ Այսօր մենք ոչ միայն Արցախը պիտի փրկենք, նաև մայր Հայաստանը պիտի փրկենք ու մի գաղափարի շուրջ համախմբվենք։ Այդ ժամանակ էլ հերոսներ կծնվեն, նոր ղեկավարներ էլ ի հայտ կգան, կարևորը՝ միաբանվենք այս վտանգի առջև։ Մենք պիտի փրկենք Արցախն է՛լ, Հայատանն է՛լ։ Սխալ քաղաքականությանը պետք է վերջ տալ։ Մենք պետք է պահանջատեր լինենք՝ ազատ ապրելու մեր հողի վրա»,-եզրափակել Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։

Այս խորագրի վերջին նյութերը