Կարծիք

05.08.2023 10:47


«Կարճ ասած»․ Սա շատ մեծ ռումբ է, որը պայթելու է (տեսանյութ)

«Կարճ ասած»․ Սա շատ մեծ ռումբ է, որը պայթելու է (տեսանյութ)

Օրերս մի հաղորդում պատրաստեցի՝ հետևյալ վերնագրով՝ Բաներ, որ պետք է ասի Ալիևը, բայց ասում է Փաշինյանը։ Ներառել էի Փաշինյանի ասած թշնամական թեզերից ընդամենը մի քանիսը։ Երկու օր առաջ Եվրոնյուզին տված հարցազրույցում և կառավարության օգոստոսի 3-ի նիստում ցանկը ընդլայնվեց։ Կառավարության նիստում, օրինակ, Արարատ Միրզոյանի բառերով ասած՝ «նավոդկա» տվեց Ադրբեջանին, որ կարող է խաղաղության պայմանագիր ստորագրել, որպեսզի Փաշինյանը ձեռքի տակ թուղթ ունենա, իսկ հետո կարող է տարածքային պահանջ ներկայացնել։ Կառավարության նիստում մի քանի րոպե խոսեց այդ մասին, Արցախի սովահարության մասին ու գնաց իր գործերով՝ խնջույքների ու փառատոնների։

Կառավարության նիստին զուգահեռ բողոքի ակցիա էր․ մտահոգ քաղաքացիներն ահազանգում էին, որ մեր երկրում մի կողմից շոուներ են, մյուս կողմից աղետ։ Արցախը շրջափակված է ու սա ողբերգական ավարտ է ունենալու, մարդիկ են ուշագնաց լինում հացի հերթերում, հղիները կորցնում են երեխաներին, առանց բուժպօգնության մարդիկ են մահանում։ Հացի պահանջարկն ավելացել է, ծավալը՝ փոքրացել, մեր թշնամի պետությունները ամենօրյա քննարկումների մեջ են Զանգեզուրի միջանցքի շուտափույթ բացում պարտադրելու շուրջ։ Հայաստանից ու Արցախից մարդկանց է թշնամին առևանգում, անհետ կորածների հարազատները պահանջներ են ներկայացնում, թեև փոքրաթիվ, սակայն ակցիաներ են Երևանում միջազգային կառույցների գրասենյակների դիմաց։ Սա այն իրականությունն է, որի մեջ ապրում են հարյուր հազարավորները։

Մյուս կողմում բոլորովին ուրիշ իրականություն է, որը պարտադրում է իշխանությունը։ Այդ երկրորդ իրականության մեջ ինչ-որ այլ մարդիկ են ներգրավված՝ ծիրանի փառատոն, վարչապետի գավաթ սիրողական լողի մրցաշար, «Տարազֆեստ», «DILIJAN WINE FEST», Սևանի միջազգային երաժշտական փառատոն, տոլմայի փառատոն, ոչխարների խուզման փառատոն, գարեջրի փառատոն, գինու փառատոն, Ֆեստիվառ, պարի միջազգային փառատոն, մշակութային-խոհանոցային փառատոն։ Եվ այլն։ Ու լիքը նման փառատոններ գովազդում են հենց իշխանության ներկայացուցիչները։ Երևանյան խնջույքի սրահներում մինչև նոյեմբեր հերթեր են։ Շոուներն ու փառատոններն էսքանով չեն սահմանափակվում, կան նաև քաղաքական շոու-փառատոններ՝ Խաչատուրովի գործը հետ են ղրկում նոր քննության, բայց իրեն պահում են կալանքի տակ։ ԱԺ-ում ինչ-որ հարցաքննություն-շոու է։ Աշոտյան են բռնել, Սմբատյանների են բռնում։ Զավեշտ է, չէ՞, փառատոն ես անում ու կալանավորում ես գլխավոր դիրիժորին, որի շնորհիվ կարողացել եք անել այդ փառատոնը։

Աբսուրդայինը այն է, որ սրանց կեսը բնորոշում են միջազգային, կեսը բնորոշում են համահայկական։ Երևանում տեղի էր ունենում համահայկական երիտասարդական ֆորում, Գյումրիում էլ տեղի են ունենալու համահայկական խաղեր։ Համահայկական անունը ի՞նչ է ենթադրում․ համահայկականը բաղկացած է առնվազն երեք մասից՝ Հայաստան, Արցախ, Սփյուռք։ Արցախը բլոկադայի մեջ է, հանձնում եք, Հայաստանից հատվածներ են հանձնված, թուրքի երախն ա մտնում արդեն, թուրքական զորքը մեր երկրի մի հատվածում ա, խեղված վիճակում է երկիրը, Սփյուռքը գտնվում է նվաստացած վիճակում, ի՞նչ համահայկական։ Դու դրել ես, խեղված օրգաններովին հագցնում ես հարսի սպիտակ ու պլպլան շոր ու հանում ես բեմ, բայց որ պահին շորը հագից ընկավ՝ մեղկությունը երևալու է։ Մի օրգանը կտրել ես, մի օրգանը փտում ա, մյուսը հեռացման եզրին է, ի՞նչ համահայկական, ո՞ր համահայկականը։ Համահայկական խաղերի մասնակցին աէրոպորտից հետ ես ուղարկում, ասում ես քո մուտքը հայրենիք արգելված է ու ասում ես համահայկական խաղեր եմ անո՞ւմ։ Ով խոսի համահայկականից, դու խոսիր քյաբաբից ու խորովածից, ինչպես հենց դու էիր ասում։

Երիտասարդներին ի՞նչ մանկուրտացման դպրոց ես տանում։ Իրենց արցախցի քույր-եղբայրների փորը սովից ուռում ա, հացի հերթերում ուշագնաց են լինում, դու իրենց հասակակիցներին բերում տաշի-տուշի ես անո՞ւմ, սովորացնում ես թքած ունենա՞լ ազգակիցների վրա, որովհետև դու ասել ես Արցախն Ադրբեջան է և վերջ։ Արցախցի 3 տարեկան երեխան հացի տոպրակը տեսնում է ուրախությունից չգիտի ինչ անի, խորոված փառատոն եք անո՞ւմ համահայկական, Կարապի լճում երիտասարդական ֆորումի քեֆն ես անում։ Ասում են կառավարությունը 23 մլն դոլար է տվել հարկատուների փողերից, որ համաշխարհային աստղ գա երգի, սրանք հակադարձում են, թե՝ սուտ ա, 23 մլն դոլար չէ։ Ասենք՝ 23 մլն դոլար չէ, 120 դրամ է, բայց դրա վախտն է՞։ Հայրենակիցներդ կյանք ու կռվի, պայքարի մեջ են, դու փոխարենը քո մասով պայքարն անես, սաղ աշխարհ ոտի հանես, ռեփ երգիչ ես բերո՞ւմ։ Համաշխարհային աստղ․․․ Էդ աստղի գալուստը ավետող պաշտոնյան, որին ժողովրդի տված մականունի բանջարեղենից անգամ Արցախում չկա, որ ուտեն, գովազդում է, թե՝ համաշխարհային սպորտային առաջնություն է լինելու Հայաստանում։ Հայաստանում էսօր համաշխարհային խայտառակություն է։

Գիտե՞ք բանը որն է․ այդ փառատոնները, եթե որոշել էիր խայտառակվել ու անել, գոնե կարող էիր օգտագործել Արցախի ծանր վիճակի մասին բարձրաձայնելու համար, բայց դու հակառակն ես անում, միջոցառումների ժամանակ Արցախի դրոշ են ծածանում, ձերբակալում եք։

Ինչո՞ւ են անում էդ շոուները, ժողովուրդ ջան․ հլը պատկերացրեք մի պահ՝ դրանք չկան, ամբողջ ժողովուրդը ուշադրությունը կենտրոնացնելու է արդեն լուրջ բաների վրա։ Սրանք հաշվարկել են, թե ինչով զբաղեցնեն մարդկանց․ ծիրանի փառատոն չես ուզում, գնա տոլմայի փառատոնի, ջազի փառատոնի, գինու փառատոնի, կարտոշկի փառատոնի, էնքան շատ են դրանք, որ ոնց էլ չլինի, մի տեղ քո հետաքրքրությունը կգտնես։ Մենակ պարապ չմնա ուղեղդ, որ չմտածես մեր վիճակի մասին ու իշխանափոխության կոչ անես։

Գեղարքունիքի մարզում կան բազմաթիվ գյուղեր, որոնցում, ըստ Նիկոլ Փաշինյանի բանակցությունների, պետք է ադրբեջանցիներ գան ապրեն՝ փախստական ձևակերպմամբ։ Միայն Վարդենիսում կա նման 30 գյուղ, էդ գյուղացիները սարսափները սրտում է, դու գնում ես այցի Վարդենիս, բայց նրանց չես հանդիպում, ինչ-որ դհոլ-զուռնայի շոու ես անում, հետո նույն Գեղարքունիքում, որից տարածքներ ես հանձնել, ինչ-որ փառատոն ես կազմակերպում ու դեպուտատդ էլ գովազդում ա։

Կարճ ասած՝ Հայաստանի այս իշխանությոնը այդպես էլ չհասկացավ իր պաշտոնի լրջությունը։ Չի էլ հասկանա։ Սրանք մեր ազգի նշաձողն էնքան են իջեցրել, որ հասցրել են իրենց մակարդակին։ Ի վերջո մեր երկրում հաղթելու է երկու իրականություններից մեկը։ Ինչքան էլ չտեսնելու տաս էս խնդիրները, որոնք մայրաքաղաքից մի քիչ հեռու են, դրանք Երևան են հասնելու, որտեղ ապրում է երկրի բնակչության ուղիղ կեսը։ Ու պայթելու է։ Դուք ոչ թե փուչիկ եք փչում ձեր շոուներով, այլ՝ ռումբ, մեծ ռումբ եք փչել ու դրել ձեր ու մեր ժողովրդի տակ, ու դա պայթելու է։

Ժողովուրդ, չե՞ք կարծում, որ պետք է վերականգնել համահայկական արժանապատվությունը։ Դրա համար միակ համահայկական բանը, որ մեր երկրում պետք է տեղի ունենա, դա համահայկական ցասումն ա ու համահայկական պայքարը։ Էս նվաստացումից պետք է դուրս գալ։ Կրկնում եմ՝ համահայկական մեկ բառ պետք է լինի՝ պայ-քար։

Կհանդիպենք սեպտեմբերին և տա Աստված, որ գոնե սրանից վատ չլինի։

Սևակ Հակոբյան

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը