Մեկնաբանություն

19.10.2011 19:33


Ժողգործիքների «քաստինգն» սկսված է. տեղերն անսահմանափակ են

Ժողգործիքների «քաստինգն» սկսված է. տեղերն անսահմանափակ են

Սերժ Սարգսյան–Գագիկ Ծառուկյան քաղաքական հարաբերությունների ճշգրտման այս փուլում նախագահական նստավայրի երիտհուշագրամոլները կրկին խաղի մեջ են մտցրել «դհոլներին», բայց ի տարբերություն այս տարվա փետրվարին տեղի ունեցած իրադարձությունների, երբ ՀԱԿ–ը որոշակի ծառայություններ մատուցեց Բաղրամյան 26–ին՝ այս անգամ Սերժ Սարգսյանի իշխանության «կայունության երաշխիքի» դերը ստանձնել են «ազատ, բայց սերժատու» լրագրողները, ինչպես նաև  անհատական ծրագրով հանդես եկող ժողգործիքության թեկնածուները։ Վերջիններս, ի դեպ, մեյդան են դուրս եկել ընդդիմադիր քաղաքական գործիչների  կարգավիճակով և ներկայացնում են տարբեր ճամբարներ, սակայն նրանց հիմա միավորում է այն, որ բոլորը խոսում են ԲՀԿ–ի դեմ և Սարգսյանի սրտի ուզածով։

Ուշագրավ է, որ Ծառուկյանի կողմից Ս. Սարգսյանին հակադրվելը, ԲՀԿ–ի կոալիցիայից դուրս գալու և ընդդիմադիր դաշտ տեղափոխվելու հավանականությունը խիստ վրդովվեցրել է, ասենք, ՀԱԿ–ը ներկայացնող Զոյա Թադևոսյանին և ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանին։ Չենք ուզում մտածել, որ  հարգարժան տիկնայք գործում են նախագահականի հրահանգով և «հաճախորդացում» ծրագրի շրջանակներում, բայց եթե նրանք մի կողմից հրապարակավ Սերժ Սարգսյանի իշխանության փոփոխության մասին են շարունակ խոսում, իսկ մյուս կողմից էլ դեմ են դուրս գալիս Գագիկ Ծառուկյանին, ով չի ուզում նույն Սերժ Սարգսյանի վերարտադրությանը նպաստող հուշագրային թամաշայի մասնակից դառնալ, ապա ստիպված ենք մտածել, որ գործ ունենք Արտաշես Գեղամյանի դպրոցի կարկառուն ներկայացուցիչների հետ։ Ի դեպ, Ս. Սարգսյանի գործերն այնքան են վատացել, որ Մամիկոնիչին ստիպված  կրկին ասպարեզ են բերել ու այնպիսի դմբլդոցներ են հանում ներքաղաքական թեմաներով, որ ձայնը մինչև խնամու տունը հասնում է։ Ինչևէ։

Որոշ լրագրողների, «վերլուծաբանների» և կրակոտ քաղաքական գործիչների ասածներից պարզվում է, որ ընդդիմադիր դաշտ մտնելու կամ Սերժ Սարգսյանի դուդուկի տակ չպարելու համար ԲՀԿ–ն պետք է լիցենզիա վերցնի իրենցից, ներողություն խնդրի, որ եղել է կոալիցիայի անդամ ու նոր միայն ինդուլգենցիայի հույս ունենա։ Այսինքն՝ դուրս է գալիս, որ նշյալ սուբյեկտները ոչ թե իշխանությունն ուզուրպացրած նախագահական նստավայրից ու Տիգրան Սարգսյանից են հաշիվ պահանջում, այլ երկրում ստեղծված իրավիճակից իր դժգոհությունը հայտնող և կոնկրետ քաղաքական դիրքորոշում ցուցաբերող ԲՀԿ–ից։ Ա՛յ, ա՛յ, ա՛յ...

Շատ հնարավոր է, որ Սերժ Սարգսյանի օգտին և Ծառուկյանի դեմ խոսացողներից ոմանք դա անում են ինքնաբուխ կամ, այսպես ասած, «գաղափարական» խնդիրներից ելնելով, բայց Հայաստանի քաղաքական պրակտիկան ցույց է տվել, որ բոլոր նրանք, ովքեր կամա թե ակամա ծառայություններ են մատուցել ՀՀԿ «ճկուն» ղեկավարին՝ վերջում նպաստել են ՀՀ քաղաքական դաշտի ժողգործիքների տեսականու ավելացմանը։ Այնպես որ ինքնաառաջադրմամբ կամ ուղղորդվող «դհոլությունն» անհետևանք չի մնալու։ Ամեն ինչ ֆիքսվում է, և ոչինչ չի մոռացվելու։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Առաջիկա օրերին նախագահական նստավայրի PR–շիկները, անկասկած, հասարակության վրա բաց կթողնեն իրենց ողջ զինանոցը՝ «վերլուծաբաններ», «փորձագետներ», «սոցիոլոգներ» և այլ վարձկաններ, ովքեր կխոսեն ԲՀԿ–ի դեմ, բայց դա որևէ բան չի փոխի։

Այս խորագրի վերջին նյութերը