Մեկնաբանություն

04.08.2023 17:15


Ինչու և ուր է շտապում Փաշինյանը և ում հետ է շտապում

Ինչու և ուր է շտապում Փաշինյանը և ում հետ է շտապում

Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ, ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարի՝ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում, ի շարս այլ հետաքրքրական դիտարկումների, առանձնապես ուշադրություն գրավեց Բաքվի ու Երևանի միջև հապճեպ նախապատրաստված հաշտության պայմանագիր կնքելու հնարավոր պայթյունավտանգ զարգացումների մասին դատողությունը:

«Հապճեպ պատրաստված, «հում» խաղաղության պայմանագիրը կայուն խաղաղություն չի բերի տարածաշրջանին: Ընդհակառակը, դա ապագայում նոր հակամարտությունների ու ողբերգությունների հիմք կդնի։ Առաջնահերթությունը պետք է տրվի ոչ թե արագությանը, այլ հավասարակշռված և փոխընդունելի որոշումների որակյալ պատրաստմանը»,-նշել է ռուս դիվանագետը:

Դենիս Գոնչարն ուշադրություն է հրավիրում այն իրողության վրա, որ Արևմուտքից պարբերաբար հայտարարություններ են հնչում Հայաստանի ու Ադրբեջանի միջև «խաղաղության պայմանագիրը» հնարավորինս արագ կամ շուտ՝ շաբաթների, առավելագույնը՝ ամիսների ընթացքում կնքելու հնարավորության վերաբերյալ:

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշում է. «Պատասխանատու միջնորդների խնդիրն է ոչ թե արագացնել բանակցային գործընթացը՝ հանուն պատեհապաշտ նկատառումների, այլ նպաստել ամուր երկարաժամկետ պայմանավորվածությունների ձեռքբերմանը: Դրանք պետք է հիմնված լինեն տեղում առկա իրողությունների վրա, առաջին հերթին՝ ամենաբարձր մակարդակով ռուս-հայ-ադրբեջանական հայտարարությունների և դրանց հիման վրա գործող մեխանիզմների վրա»:

Այն, որ Հայաստանն ու Ադրբեջանը «խաղաղեցնելու», իսկ որ իրերն իրենց անուններով կոչենք՝ Հայաստանի ու Արցախի հաշվին կամ գնով ՌԴ-ի ու Իրանի դեմ պայքարելու հարցում ԱՄՆ-ը, Եվրոպական միությունը մի այլ կարգի շտապում են, իսկապես ակնհայտ է: Ակնհայտ է նաև, որ «դանդաղ» շտապում է նաև Ադրբեջանը՝ շարունակելով ինչպես ցեղասպանական բնույթի գործողությունները Արցախի հայության դեմ, այնպես էլ՝ չդադարեցնելով բուն Հայաստանի Հանրապետության տարածքների օկուպացիան և ագրեսիվ-զավթողական մոտեցումը: Հասկանալի է, որ շտապում է նաև Թուրքիան:

Թուրքիան, ինչպեսև՝ Ադրբեջանը շտապում են օգտվել ստեղծված իրավիճակից և այն իրողությունից, որ կարողացել են՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, Հայաստանում զավթել իշխանությունը: Նրանց շտապողականության պատճառը հասկանալի է՝ քանի պահն ու իրադրությունը հարմար են, պետք է շտապել պոկել առավելագույնը, հնարավորինս մեծացնել Հայաստանի վերջնական կործանման, սուբյեկտայնության վերացման հնարավորությունը:

Թե ինչու չի ցանկանում շտապել Ռուսաստանը, կարծում ենք, նույնպես առանձնահատուկ բացատրելու կարիք չկա:

Բուն հարցն այն է, թե ինչո՞ւ է շտապում Հայաստանը: Ակնհայտ է, չէ՞, որ աղետալի պատերազմից հետո Հայաստանը ոչ թե թշնամու հետ իրարահաջորդ կապիտուլյացիոն հայտարարություններ ընդունելու հարցում պիտի շտապեր, այլ ձախողված ու աղետաբեր իշխանություններին վռնդելու հարցում, երկրի բանակը վերակազմավորելու, արդիականացնելու և ուժերը վերականգնելու գործերում, սահմաններն ամրապնդելու, արտաքին-քաղաքական դիրքերը վերականգնելու, դաշնակիցներ գտնելու հարցերում պիտի շտապեր: Այսինքն, Հայաստանը պիտի շտապեր բոլոր այն ամենում, ինչը Նիկոլ Փաշինյանը չի անում: Եվ հակառակը՝ Հայաստանը պիտի ամենևին չշտապեր թշնամու հետ պայմանավորվածություններ կնքելու, հայրենի տարածքները, ճանապարհները, բարձունքները թշնամուն զիջելու հարցերում: Այսինքն, բոլոր այն հարցերում, որոնցում շտապում է Նիկոլ Փաշինյանը:

Մեծ հաշվով, շտապում է Նիկոլ Փաշինյանը, որը վաղուց լեգիտիմ չէ ու ոչ մի առումով չունի որևէ իրավունք՝ Հայաստանի անունից հանդես գալու: Իսկ Նիկոլ Փաշինյանը շտապում է, որովհետև այդպես է պետք ա) թուրքերին, բ) Արևմուտքին, գ) անձամբ իրեն: Ահա և այս ամբողջ պատմության բուն էությունը:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը