Մեկնաբանություն

04.08.2023 10:05


Նիկոլ Փաշինյանի կադրային մատնոցախաղը

Նիկոլ Փաշինյանի կադրային մատնոցախաղը

Նիկոլ Փաշինյանը ցանկացավ հիշեցնել, որ իր ենթակայության տակ այդպիսի մի կարճաժամկետ քաղաքապետ է եղել՝ Հրաչյա Սարգսյան: Նրան մի քանի ամսով տվել էին Երևանի «բանալիները», որ մի քիչ քաղաքապետ խաղա, ինչպես պարզվեց, մինչև Տիգրան Ավինյանը հարմարվի: Հետո Նիկոլ Փաշինյանը Հրաչյա Սարգսյանին տարավ «թոշակի», այսինքն՝ նշանակեց իրեն խորհրդական: Իսկ այսօր որոշեց, որ չէ, ավելի լավ է, որ Հրաչյա Սարգսյանը պետք է, այնուամենայնիվ, նշանակվի պաշտպանության փոխնախարար:

Ըստ պաշտոնական կենսագրության, ի տարբերություն բազմաթիվ քպ-ական պաշտոնյաների, Հրաչյա Սարգսյանը ծառայել է ՀՀ զինված ուժերում, ավելին՝ եղել է դասակի հրամանատար ու զորացրվել է սպայական կոչումով՝ լեյտենանտ: Թե ծառայությանը հաջորդած ավելի քան 15 տարիներին Հրաչյա Սարգսյանը ռազմագիտական ինչ ակադեմիաներ է ավարտել զանազան բանկերում վարկային գործերով զբաղվելուն զուգահեռ, պատմությունը, պաշտոնական կենսագրույթունն ու անգամ հավաստի ու մշտապես իրազեկ աղբյուրները, լավատեղյակ պուլպուլակներով հանդերձ, լռում են:

Բայց դե Նիկոլ Փաշինյանը հո պատահական մեկին չէ՞ր վերցնի ու պաշտպանության փոխնախարար դնի: Մինչև հիմա ո՞ւմ է Նիկոլ Փաշինյանն այդպես նշանակել, ո՞ր փոխնախարարին, արտաքին գործերի՞, թե՞ ԿԳՄՍ և այլնի:

Ի լրումն ամենի, պարզվեց, որ տխրահռչակ Քյարամյանից բացի, կա էլի մեկ գերունիվերսալ կադր՝ Հրաչյա Սարգսյանը: Պե՞տք է՝ քաղաքապետ կլինի, պե՞տք է՝ պաշտպանության փոխնախարար:

Պաշտպանության նորաթուխ փոխնախարար Հրաչյա Սարգսյանը, պետք է ենթադրել, պաշտոնն ստանձնելուց առաջ, պետք է կանգնի Նիկոլ Փաշինյանին ծառայող «գեներալների» առաջ ու հանդիսավորապես երդվի, որ Արցախը ադրբեջանական է, և վե՛րջ:

Այ, այդ դեպքում նա իսկապես կվաստակի Նիկոլ Փաշինյանի պաշտպանության փոխնախարարը լինելու պաշտոնը:

Առհասարակ, Պապիկյանը կարող է սկսել կամաց-կամաց անհանգստանալ իր պաշտոնանկության պահով, քանի որ Հրաչյա Սարգսյանը ժամանակին Հայկ Մարությանի տեղակալն էր: Հետո Հայկ Մարությանին հանեցին ու Հրաչյա Սարգսյանը դարձավ քաղաքապետ: Հիմա Հրաչյա Սարգսյանը Պապիկյանի տեղակալն է...

Իսկ Նիկոլ Փաշինյանի կադրային մատնոցախաղը շարունակվում է: Հայաստանի կործանման ընթացքը՝ ևս:

Մյուս կողմից, ինչ-որ անարդար բան կա այն բանի մեջ, որ Հրաչյա Սարգսյանին պաշտպանության փոխնախարար նշանակեցին: Կարելի էր ակնկալել, որ այդ պաշտոնին կնշանակեն Նիկոլ Փաշինյանի կնոջ հերթական ընկերուհուն, ինչպես, օրինակ, դատախազի դեպքում էր, կամ ՄԻՊ-ի: Ի վերջո, պե՞տք է Հայաստանում էլ պաշտպանության ոլորտում կին-ղեկավարներ լինեն, թե՞ չէ: Միայն՝ չասեք, թե ինչո՞ւ:

Որովհետև:

Մյուս կողմից, ի՞նչ տարբերություն, թե հատկապես ով կլինի Նիկոլ Փաշինյանի մոտ փոխնախարար կամ նախարար (կարևոր չէ, թե ինչի): Որքան «գործից» հեռու անձնավորություն լինի, այնքան լավ... Փաշինյանի համար: Առհասարակ, Հայաստանում հիմա նախարարներ ու նախարարություններ չկան: Այլ կան, օրինակ, ԱԳ «նիկոլփաշինյան», էկոնոմիկայի «նիկոլփաշինյան», պաշտպանության «նիկոլփաշինյան» և այդպես շարունակ: Ու համապատասխանաբար՝ «փոխնիկոլփաշինյաններ»:

Եթե մի փոքր լուրջ, ապա հազիվ թե որևէ մեկը կարողանար ավելի սուր ծաղրել Հայաստանի Զինված ուժերն ու պաշտպանական համակարգը, քան դա արեց ու անում է Նիկոլ Փաշինյանը՝ նման նշանակումներով:

Արթուր Խայթ

Այս խորագրի վերջին նյութերը