Կարծիք

02.08.2023 20:14


«Կարճ ասած»․ Ի՞նչ զարգացումներ են սպասվում Արցախում (տեսանյութ)

«Կարճ ասած»․ Ի՞նչ զարգացումներ են սպասվում Արցախում (տեսանյութ)

Արցախը շրջափակման մեջ է արդեն շուրջ 8 ամիս։ Ի՞նչ են անում այժմ հիմնական գործող անձինք կամ դերակատարները։ Երեկ «Եվրոնյուզին» տված հարցազրույցում թեև նույն բանի մասին էին խոսում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները, սակայն՝ խիստ տարբեր բառապաշարներով։ Փաշինյանը խոսում էր ամեն գնով խաղաղությունից, Ալիևը խոսում էր կապիտուլյացիայից։ Ծայահեղ տարբեր նպատակներ են դրել իրենց առաջ, բայց դրանք փորձում են տեղավորել այդ «խաղաղության պայմանագիր» կոչվածում։ Եթե Փաշինյանը հույս ունի ազատվել Արցախից, Ալիևը հույս ունի ստանալ այն, հետն էլ նոր կապիտուլյացիոն թուղթ։

Կապիտուլյացիայից ուղիղ մեկ տարի առաջ հենց այդ օրը՝ 2019 թվականի նոյեմբերի 9-ին, Նիկոլ Փաշինյանը գնում էր Արցախ, երևի՝ ծառայող տղուն տեսնելու ու Ֆեյսբուքում գրում էր․ «Հաթերք գյուղի մերձակայքում ճամփեզրին դեռ հեռվից մի մարդ նկատեցի՝ որը ձեռքին ինչ-որ բան պահած ակնհայտ սպասում էր իմ մեքենայի մոտենալուն: Չթաքցնեմ՝ մի պահ նույնիսկ լարվեցի. Արփին ինձ հետ էր մեքենայում ու նստած էր հենց այն կողմում, որ ճամփեզրի մարդն էր կանգնած: Ու երբ մոտեցանք՝ անսպասելի բան տեղի ունեցավ. մարդը ջուր լցրեց իմ ավտոմեքենայի ետեւից… Ցավդ տանեմ, եղբայր. ես ո՞նց կարող եմ քեզ հուսախաբ անել: Մենք ո՞նց կարող ենք իրար հուսախաբ անել: Տարբերակ չկա»: Այսօր էս «հուսախաբ չանող» մարդը ասում է՝ ես ճանաչել եմ ձեզ որպես ադրբեջանցի ու հանձնում եմ Ալիևի քմահաճույքին։

Ասում է՝ շատ դժվար է գնալ այնպիսի զիջումների, որոնք նախկինում ունեցած զոհերը կդարձնեն իզուր, բայց ես կգնամ դրան։ Նա ուղիղ հանձնում է այն բանի համար, որ Ալիևն իբր յան տա Հայաստանին նոր պահանջներ դնելը։ Բայց Ալիևը դա չի անում, ամեն կերպ ցույց է տալիս, որ չի էլ պատրաստվում։

Իսկ ինչ է ասում Ալիևը․ ասում է՝ թող ղարաբաղցիները հլը հանձնվեն, կարող ա համաներեմ, թող զորքը հանեն, թող հրաժարական տան բոլորը՝ Արայիկ-բան, թող ստորագրեն, որ Ղարաբաղն Ադրբեջան է, թող իմ պայմաններով խաղաղություն ընդունեն։ Ով չի ուզում, թող թողնի գնա Արցախից, բայց կարողա ճամփին բռնեմ, դատեմ, որովհետև բոլորդ հանցագործներ եք։

Միջազգային հանրությունը ահազանգում է, հայտարարություն-կոչեր է անում, բայց ոչ մի գործնական քայլ։ Դիտորդները արձանագրում են ընդամենը իրավիճակը և ըստ օդում կախված տեղեկությունների՝ զբաղված են Հայաստան տեղափոխվող ադրբեջանցիների համար բնակության վայրերը ճշտելով։ Ռուս խաղաղապահների ներկայությունն էլ ընդամենը արցախցիներին փրկում է կոտորածից։ Ալիևը չի թաքցնում, ուղիղ ասում էլ է՝ եթե խաղաղապահները չլինեին, երկխոսելն ավելի հեշտ կլիներ։ Իսկ թե ինչ է նշանակում ադրբեջանցու երկխոսությունը, իրենց մաշկի վրա զգում են ադրբեջանական բանտերում գտվող գերիներն ու առևանգվածները։

Իսկ ի՞նչ են անում գլխավոր դերակատարները՝ արցախցիները։ Արցախի վիճակը ծանր է բոլոր առումներով։ Քիչ է պարենը, օրվա ունեցածով յոլա են գնում։ Անձրև է գալիս, չեն կարողանում ցորեն քաղել, հաց սարքել, անձրև չի գալիս, չեն ունենում ջուր, ավելի հեշտ է թվարկել թե այնտեղ ինչ կա, քան ինչի կարիք կա։ Գրանցվել են մահվան դեպքեր բլոկադայի պատճառով, տեղի են ունենում Արցախից առևանգումներ, օրերս՝ Վագիֆ Խաչատրյանը, երեկ՝ Ռաշիդ Բեգլարյանը, որը պաշտոնապես ձևակերպվել է որպես խմած ու այն կողմ անցած։ Բայց սրանով հանդերձ՝ չեն հանձնվում։ Իրավիճակը փակուղային է թվում։

Սա այն վիճակն է, որը կա։ Հիմա փորձենք հասկանալ հանգուցալուծումը։

Բանակցություններ են տեղի ունենում տարբեր մայրաքաղաքներում՝ Վաշինգտոն, Մոսկվա, Բրյուսել, բայց որևէ բանակցություն չի բերել ընդհանուր հայտարարի ու վստահ եմ՝ խնդիրը հենց Ղարաբաղն է։ Թվում էր, թե պետք է խնդիր չլիներ, որովհետև Փաշինյանը ճանաչել է Ադրբեջանի կազմում, ասում է՝ դու գիտես՝ քո քաղաքացիները։ Բայց հարցն այն է, որ Նիկոլը որքան ճանաչի, չճանաչի, չի կարող Ալիևը վերցնել, քանի էնտեղ կա դիմադրության կամք։ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելը հեշտ էր Փաշինյանի պարագայում․․․ Դե այս տեսակի ու որակի իշխանություն, բայց մեկ է՝ վերցնելն է անհնար, եթե ոչոք չի պատրաստվում հանձնվել։

Արցախցու հողն է, հայրենիքն է, չեն ուզում դուրս գալ, չեն ուզում Ադրբեջանի էթնիկ հայ փոքրամասնություն դառնալ, ով ինչ ուզում է իրենց ճանաչի։ Անգամ եթե ճանաչողը, Հայաստանի իշխանությունն է։

Ալիևն ասում է՝ Ղարաբաղն իմն ա, ես գրավել եմ, ես ուժեղ եմ, իմ խոսքն է անցնում։ Միջազգային հանրությունն էլ թեև կտրուկ քայլերի չի գնում, բայց ասում է՝ այո, մի մասը գրավել ես, մյուս մասը Նիկոլն է հանձնել, բայց դա չի նշանակում, որ ինչ ուզես կանես։ Մեկին գողացար Հակարիի կամրջի վրայից, մեկին գողացար Աղավնոյի մոտից, երկուսին գողացար Սյունիքից, բայց չես կարող ասել էսքանին տանում եմ դատեմ, մնացածդ էկեք խելոք ինտեգրվեք։

Որքան էլ մեծ է Ալիևի ցանկությունը սովամահ անել, ցեղասպանություն անել, բայց դա արդեն հաղթանակ չէ, հնազանդեցնել չէ ու ինքն էլ է հասկանում։ Նրան հաղթանակ է պետք, ոչ թե պաշտոնապես ցեղասպանի պիտակ։ Ալիևը հիմա հոխորտում է, մատ է թափ տալիս, փորձում է ամեն կերպ ճնշել՝ սովի մատնելով, ազատությունից ու տեղաշարժի իրավունքից զրկելով, էդ բոլորը նրան թույլ է տրվում, բայց չի կարող դնել–կոտորել խաղաղ բնակչությանը։ Իսկ արցախցիներն ասում են՝ կմեռնենք, բայց չենք կարող ապրել Ադրբեջանի հետ, ազատ ենք, անկախ և այլն։

Գիտե՞ք, իմ կարծիքով նրան մնում է լեզու գտնել արցախցիների հետ, եթե ոչ՝ գոնե սառեցնել հարցը անժամանակ։

Ադրբեջանը երկխոսել իհարկե ուզում է, բայց ամեն ինչ անում է, որ այդ երկխոսությունը լինի Ադրբեջանոմ, որպես մի երկրի քաղաքացիներ, բայց և անհավասար։ Վստահաբար՝ Ադրբեջանի հետ ցանկացած հանդիպում-երկխոսություն, այն էլ Ադրբեջանում նշանակում է արցախցու ճանաչում որպես Ադրբեջանի քաղաքացի։ Իսկ Արցախցին պնդում է ինքնորոշման իր իրավունքը և կամք դրսևորում իր ցանկության և իրավունքի առումով։ Սրա հետ ոչինչ անել չես կարող, ով ուզում է լինի։

Կարճ ասած՝ Արցախը թեև հուսահատ, սովի մեջ գտնվող, ամեն դեպքում, հերոսական պայքարի օրինակ է ցույց տալիս ու հենց այդ պայքարի հաստատակամության մեջ է լուծումը։ Չպայքարի արդյունքում նրան սպասում է մահ, գաղթ ու ձուլում, պայքարի արդյունքում կբացվեն հեռանկարներ։ Այսօր զրկանքներ կրելով՝ Արցախի ժողովուրդը կարևոր հարց է լուծում իր համար, իր, նաև՝ մեր ապագայի հարցը։ Էս պահի դրությամբ, ամենից մեծ գործոնը հենց արցախի ժողովուրդն է։ Այս, կարելի է ասել, լուռ պայքարը չի կարող չտալ արդյունք։ Քանի դեռ դուք կանգնած եք, հարցը հօգուտ Ադրբեջանի չի լուծվելու։ Պինդ եղեք ու թող բոլոր ժողովուրդները օրինակ վերցնեն, թե ինչպիսին պետք է լինի ազատատենչ ժողովուրդը։

Սևակ Հակոբյան

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը