Մեկնաբանություն

02.08.2023 19:25


Ինչպես են Ալիևն ու Փաշինյանը հեռացնում Արցախից ռուսական խաղաղապահներին

Ինչպես են Ալիևն ու Փաշինյանը հեռացնում Արցախից ռուսական խաղաղապահներին

Այն, որ Արցախի դեմ ադրբեջանական շրջափակում-պաշարումային ագրեսիան սկսվեց ու թափ առավ Նիկոլ Փաշինյանի կողմից Պրահայում 2022-ի հոկտեմբերի 6-ին Ալիևի ու Էրդողանի առաջ որոշակի պարտավորություններ ստանձնելուց հետո, անհերքելի իրողություն է: Ավելին, այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը, հիշյալ պարտավորություներին համապատասխան, հայտարարեց, որ ուրանում է Արցախը, ավելի կոնկրետ՝ Արցախը հայտարարեց ադրբեջանական տարածք, Ալիևն անցավ ավելի կոշտ ճնշման արցախցիների դեմ: Ու մինչ օրս շարունակվում են ադրբեջանական իշխանությունների կողմից Արցախի հայաթափմանը, Արցախի բնիկ հայ հայ բնակչությանը ցեղասպանության ենթարկելու քաղաքականությունը, գործողությունները:

Ռուսաստանն արդեն մեկ անգամ նշել էր, որ Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունն արմատապես փոխել է իրավիճակը՝ Արցախի խնդրի հետ կապված: Իսկ այսօր էլ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում հայտարարեց. «Դե, ընդհանուր առմամբ, այն բանից հետո, երբ Հայաստանի ղեկավարությունը ճանաչել է Ղարաբաղն ադրբեջանական, ինչպես նրանք այդ մասին ասել են, որեւէ պահանջ ՌԴ հասցեին ջանքերի անբավարարության առիթով կրկնակի անտեղի է թվում»:

Մյուս կողմից, բացի այն, որ ՀՀ իշխանության կողմից Արցախի ու Արցախի հայության ուրացումը արմատապես նոր իրավիճակ է ձևավորել, այդ հայտարարությունները հիմքեր են ստեղծել այն բանի համար, որ վաղը, մյուս օրը Ադրբեջանն ուղիղ կերպով Արցախից ռուսական խաղաղապահ ուժերը դուրս բերելու պահանջ դնի:

Ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայման ու առաքելության ժամկետների, այդ ժամկետները երկարաձգելու հետ կապված պայմանավորվածությունները, որոնք ամրագրված են 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, ըստ էության իմաստազրկվում են Նիկոլ Փաշինյանի՝ Ալիևին ձեռնտու հայտարարություններից հետո: Այդ կետերը ձևակերպելիս Ռուսաստանում, հասկանալի է, ելել են ոչ միայն իրենց շահերից, այլև այն տրամաբանական ընկալումից, որ այս հարցերում Հայաստանի ու Ադրբեջանի մոտեցումները բնականորեն հակադիր կլինեն նաև հետագայում: Սակայն, ինչ-որ 2 տարի անց Ռուսաստանը կանգնեցվում է այն փաստի առաջ, որ Նիկոլ Փաշինյանն ու Ալիևը հանդես են գալիս բացարձակապես նույն դիրքորոշմամբ ու նույն դիրքերից: Երկուսն էլ Արցախը հռչակում են ադրբեջանական:

Ըստ էության, Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախի ուրացումը Ադրբեջանին տալիս է բոլոր հիմքերը պահանջելու համար, որ Ռուսաստանը ադրբեջանական տարածքից հեռացնի իր խաղաղապահ ուժերը և չխանգարի իր ներքին՝ ադրբեջանական հարցերը լուծելուն:

Ելքը մեկն է՝ ՀՀ-ում իշխանափոխություն և բանակցային նոր տրամաբանության հաստատում:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը