Մեկնաբանություն

31.07.2023 11:45


Քանի գրոշ արժեն Փաշինյանի նշած «միջազգային մեխանիզմները», եթե անգամ դրանք լինեն

Քանի գրոշ արժեն Փաշինյանի նշած «միջազգային մեխանիզմները», եթե անգամ դրանք լինեն

Ադրբեջանական իշխանությունների կողմից Արցախի 68-ամյա բնակիչ, առողջական խնդիրներ ունեցող և այդ պատճառով Ստեփանակերտից ԿԽՄԿ մեքենայով ու այդ կազմակերպության պաշտպանության տակ գտնվելով Երևան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանի առևանգումը չափազանց բնութագրական եղելություն է: Բացառիկ ցինիզմով ու անմարդկայնության, եթե չասվի՝ վայրագության դրսևորմամբ տարեց, առողջական խնդիրներ ունեցող մարդու առևանգումը ավելին է, քան պարզապես ադրբեջանական հերթական սրիկայությունը հայերի, Արցախի հայության դեմ:

Վագիֆ Խաչատրյանի առևանգումը միանգամից մի շարք հարցերի պատասխանների ակնբախ ցուցադրություն է:

Նախ, Ալիևը, ադրբեջանական իշխանությունները ևս մեկ անգամ, ի տես բոլորի, ցույց տվեցին, որ խորապես թքած ունեն ցանկացած միջազգային կառույցի ու կազմակերպության, անգամ՝ Կարմիր խաչի միջազգային կազմակերպության, այդ թվում իրենց իսկ վավերացրած միջազգային պարտավորությունների վրա:

Բայց այստեղ հիմնական խնդիրն այն է, որ Ադրբեջանը, Ալիևը ոգևորվել, թևավորվել են Նիկոլ Փաշինյանի ու նրա քպ-ական իշխանության հայտարարություններից, որով Արցախը ճանաչել են ադրբեջանական տարածք: Ալիևն էլ ասում է՝ «իմ տարածքն է, ինչ ուզեմ, այն էլ կանեմ, դուք ընդհանրապես ո՞վ եք, հլա շնորհակալություն ասեք, որ միանգամից չեմ մտնում ու մեծումանուկ մորթում»:

Երկրորդ, Բաքուն ցույց տվեց, թե ինչպես է պետք իրականում հասկանալ Ալիևի հայտարարությունները, թե պատրաստ են երաշխավորել Արցախի հայերի համար նույն իրավունքները, ինչ Ադրբեջանի մյուս քաղաքացիներն ունեն՝ իրենց երկրի սահմանադրությամբ: Հուլիսի 29-ին իրականացված առևանգումը ակնհայտ ցուցադրությունն էր բուն իրականության, այսինքն այն բանի, որ Ալիևի այդ հայտարարությունները ոչինչ չարժեն:

Երրորդ ցուցադրվեց այն, թե Ադրբեջանն ինչ է հասկանում՝ խոսելով Արցախի հայության «ինտեգրման» մասին:

Բացի այդ, թշնամին ու Նիկոլ Փաշինյանը այս առևանգմամբ փորձարկեցին նաև, թե ինչ հանրային արձագանք կլինի նման դեպքում: Մի քանի նման «փորձարկումից» հետո, կարելի է չկասկածել, Նիկոլ Փաշինյանը կսկսի կալանավորել ու իր սիրելի Ալիևին հանձնել Արցախյան ազատամարտի հայտնի մասնակիցներին, հրամանատարներին, գեներալներին, ՀՀ նախկին ղեկավարներին:

Սա հեգնանք չէ: Նիկոլ Փաշինյանը դա կանի, իսկ եթե ինչ-որ մեկը ինչ-որ հարց էլ տա, նա միշտ ունի պատրաստի պատասխան՝ «տանք, որ պատերազմ չլինի...» կամ ավելի ագրեսիվ, օրինակ, կճվճվա, ինչպես վերջին ասուլիսում՝ «Հայաստանն ուզում եք մատա՞ղ անել...»:

Ամենից կարևորը՝ տեղի ունեցածը ակնհայտ ցուցադրությունն էր այն բանի, որ ոչ մի գրոշ, անգամ ժանգոտած ու ծռված մետաղադրամ չարժեն այսպես կոչված՝ «միջազգային երաշխիքների», «միջազգային մեխանիզմների» մասին հայտարարությունները: Այն «կախարդական» բառերը, որոնք Նիկոլ Փաշինյանը մշտապես գործածում է՝ իր մահաբեր ու մարդակուլ «խաղաղության օրակարգի», «խաղաղության պայմանագրի», Արցախը ու Արցախի հայությանը թշնամուն հանձնելու մասին անդադար խոսելիս:

Հետևությունները այնքան պարզ ու ակնհայտ են, որ նույնիսկ անհարմար է կրկնել: Միայն իշխանափոխության է հնարավորություն առաջանում իրավիճակը փոխել: Մնացածը դատարկախոսություն է:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը