Քաղաքական

29.07.2023 18:25


Ադրբեջանի կողմից ձերբակալված Վագիֆ Խաչատրյանին ծանր հոդվածներով մեղադրանք է առաջադրվել

Ադրբեջանի կողմից ձերբակալված Վագիֆ Խաչատրյանին ծանր հոդվածներով մեղադրանք է առաջադրվել

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել է Վագիֆ Խաչատրյանին կալանավորելու մասին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Խաչատրյանը բուժման նպատակով Հայաստան էին տեղափոխում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ, և Լաչինում տեղակայված անցակետում Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները նրան տարել են անհայտ ուղղությամբ:

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը նշել է, որ Խաչատրյանը «միջազգային հետախուզման մեջ է» (չակերտները - Tert.am)։

Ըստ Բաքվի՝ «օգտագործելով տարբեր տեսակի զենքեր՝ նա տարբեր անձանց հետ 1991 թ․ դեկտեմբերի 22-ին կազմակերպել և Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի ադրբեջանցիների դեմ իրականացրել է հանցագործություններ, ոչնչացրել է նրանց պատկանող գույքը, պետությանը խոշոր չափի վնաս է հասցրել (5,496,900 մանաթի ընդհանուր գումարի նյութական վնաս)» (չակերտները - Tert.am)։

«Սպանել է ազգությամբ 25 ադրբեջանցու, 14 հոգու պատճառել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, 358 ադրբեջանցու արտաքսել օրինական բնակության վայրերից»,-ասվում է դատախազության հայտարարության մեջ։

«Բավարար հիմնավոր կասկածների առաջացման կապակցությամբ որոշում է կայացվել Վագիֆ Խաչատրյանին որպես մեղադրյալ ներգրավել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 103 (ցեղասպանություն) և 107 (բնակչության տեղահանում կամ բռնի վերաբնակեցում) հոդվածներով» (չակերտները - Tert.am),- հայտնել է Ադրեբջանի դատախազությունը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը