Մեկնաբանություն

28.07.2023 19:25


«Նիկոլ-մահաբեր». թերևս այս պատմանունով նա կմնա Հայոց պատմության անեծքի էջերում

«Նիկոլ-մահաբեր». թերևս այս պատմանունով նա կմնա Հայոց պատմության անեծքի էջերում

Մահացել է փոխգնդապետ Արա Մխիթարյանը: Նիկոլականների գործադրած վայրագ բռնության հետևանքով ստացած վնասվածքներից մոտ չորս տարի կոմայի մեջ մնալուց հետո Արա Մխիթարյանը մահացավ: Չորս տարի նրա ծնողները, հարազատները, մերձավորները ապրեցին այդ տառապանքի մեջ: Դա անմարդկային տանջանք է. չորս տարի շարունակ հետևել, թե ինչպես է անհաղորդ մահանում քո հարազատ մարդը՝ անկարող լինելով որևէ կերպ նրան օգնել:

Երևի անգամ էս-էս-ական դահիճները նման կտտանք չէին կարող մտածել, բայց Նիկոլ Փաշինյանն ու նրա մերձավոր թիմակիցները ահա այդպիսի անմարդկային տանջանքների ու տառապանքի ենթարկեցին Արա Մխիթարյանին ու նրա հարազատներին:

Արա Մխիթարյանը մահացավ: Նիկոլ Փաշինյանը դեռ ապրում է: Տրդատ Սարգսյանն էլ է, գիտե՞ք, դեռ ապրում: Շնչում է, արտաշնչում է: Ուտում է, խմում է: Երևի ծիծաղում է: Չկասկածե՛ք, որ իմանալով Արա Մխիթարյանի մահանալու մասին՝ նա հաստատ մի զիլ քեֆ կանի՝ տաշի-տուշիով, սալյուտով, բանով: Դա՛ են: Դա՛ է դրանց նկարագիրը:

Այո՛, «Նիկոլ-մահաբեր»:

Հարցնում եք, թե ո՞վ է Տրդատ Սարգսյանը: Դա նիկոլական է, Փաշինյանի մերձավոր զինակիցներից: Այնքան մերձավոր, որ Վայոց ձորի մարզպետ էր նշանակվել: Ու, ինչպես այն ժամանակ մամուլում գրվեց, նաև տուժածի հարազատներն էին պնդել, 2019 թվականին հենց նրա՝ Տրդատ Սարգսյանի ու Արա Մխիթարյանի միջև էր միջադեպ եղել: Դրան հաջորդել էր հարձակումը բանակի փոխգնդապետ Մխիթարյանի վրա, ում այնպիսի ծանր վնասվածքներ էին պատճառել հարձակվողները, որ մարդը կոմայի մեջ էր ընկել, իսկ նախօրեին էլ մահկանացուն կնքեց:

Ի՞նչ արեցին ամեն ծակուծուկում օրենքից, օրինապահությունից խոսող Նիկոլ Փաշինյանն ու նրա նիկոլականները: Ո՞ւմ պատասխանատվության ենթարկեցին: Գործնականում՝ ոչ մեկին: Միայն Տրդատ Սարգսյանի օգնականն է, որքան հայտնի է, կալանքի տակ: Ու վերջ: Ինքը, իբրև թե ոչ մի կապ չի ունեցել: Դե՝ «Ռաֆինկ նիֆչյոմ նէ վինավատ»:

Ի՞նչ արեցին նիկոլականները, որ ժամանակին, կհիշե՛ք, շրջապատել էին ՀՀԿ-ական պատգամավորի տունը ու նրա հասցեին գոռում էին մարդասպան, այն դեպքում, երբ ողբերգական եղելությունը, որը նման ցույցերի առիթ էր դարձել, տեղի էր ունեցել այդ պատգամավորին պատկանող ռեստորանում: Դեպքի հետ նա անձամբ առնչություն չէր ունեցել:

Այ, այդ ճվճվացուցարարներն ո՞ւր են: Ի՞նչ է, Տրդատ Սարգսյանի տան մո՞տ ցույցեր արեցին, նրա հասցեի՞ն գոռգոռացին, ի՞նչ արեցին: Այսինքն, իրենց համար լավ է, ոչ մի խնդիր չէ ու բացարձակապես նորմալ, նույնիսկ ողջունելի է, որ փաշինյանական ինչ-որ պաշտոնյա կամ նրա պատճառով է մարդ սպանվում: Դա լրիվ նորմալ է նախկինում աղմկող «ակԾիվիստների» համար: Իրենց համար նորմալ է: Իսկ իրենք մարդկայնորեն զզվելի են, ավելի շուտ՝ եղկելի:

Ի՞նչ արեց Փաշինյանը: Պարգևատրեց յուրային մարզպետ Տրդատ Սարգսյանին, նրան Վայոց ձորի մարզպետի պաշտոնից վերցրեց, բերեց իր կուսակցության աշխատակազմի ղեկավար: Իսկ հետո ավելի ճոխ պարգևատրեց՝ պատգամավորական մանդատ նվիրեց: Ու հիմա Տրդատ Սարգսյանը ոչ միայն ողջ-առողջ է, այլև պատգամավոր է, մեկը՝ փաշինյանական քպ-ից:

Այն դեպքն է, որ եթե ասես՝ «յա՛խք», ապա մարդկայնորեն հասկանալի կլինի, բայց...

Արթուր Խայթ

Այս խորագրի վերջին նյութերը