Մեկնաբանություն

28.07.2023 16:50


Փաշինյանի ներպետական ֆաշիզմը

Փաշինյանի ներպետական ֆաշիզմը

Գրեթե բոլորը նկատեցին այն անսահման ատելությունը, որ տածում է Նիկոլ Փաշինյանը Արցախի ու Արցախի մեր հայրենակիցների նկատմամբ և բուռն արտահայտեց իր վերջին ասուլիսում: Այն պահից հետո, երբ միանգամայն տեղին ու ճիշտ կեցվածքով տրված հարցերը նրան հունից հանեցին, ավելին, երբ նրան մեծահոգաբար հիշեցրեցին, որ մեռնելու է (բոլորս ենք մահկանացու), դրանից հետո Նիկոլ Փաշինյանից ատելությունն ու մաղձը հորդում էին ուղղակի: Այնպես որ, դա անհնար էր չնկատել:

Ավելին, նա վերստին սկսեց «ֆաշիստական» թեզեր առաջ մղել, ինչն արդեն առիթ ունեցել ենք նշելու՝ բնորոշելով այն որպես ներպետական ֆաշիզմ:

Այդ անձնավորությունն ուղղակիորեն հրահրում է ներքին ատելություն, հայության մի մասին բացահայտ ձգտում է տրամադրել մեկ այլ մասի դեմ: Ճշմարտության դեմ չմեղանչելու համար պետք է նշենք, որ նա՝ Նիկոլ Փաշինյանը, այդպես վարվել է միշտ: Համենայն դեպս այնքան ժամանակ, որքան ժամանակ որ զբաղվել է հրապարակային գործունեությամբ. լինի հոդվածներով, թե ելույթներով:

Նախկինում նրա այդ «գործունեությունը» ևս աննկատ չէր մնում, բայց հիմա արդեն այլ են թե՛ նրա պաշտոնը, թե՛ այդ պաշտոնի ընձեռած քարոզչական հնարավորությունները:

Ու այստեղ հարցը զուտ ատելությունը կամ կոնկրետ վերցրած անձի մաղձը չէ: Ո՛չ: Խոսքը շատ ավելի համակարգված երևույթի մասին է, և այդ երևույթը կոչվում է ներպետական ֆաշիզմ:

Բայց հարց է ծագում, թե նրա ինչին է հիմա դա պետք: Այստեղ, իհարկե, կարող են նաև այլ կռահումներ լինել, բայց մեր կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը հատկապես հիմա է «գազ տվել» ներպետական ֆաշիզմի տարբերակի վրա, քանի որ, ի տարբերություն իր մի շարք թիմակիցների, ինքը շատ լավ է զգում, որ վարչապետական աթոռը երերում է:

Ահա այդ աթոռը պահելու համար էլ նրան պետք է այդ ամենը:

Տեսե՛ք. Նիկոլ Փաշինյանի ամբողջ «քաղաքականությունը» հանգում է հետևյալին. «էդ Ղարաբաղը տանք, պրծնենք, ու սկսենք վերջապես կուշտ ու տռուզ ապրել մեր եղբայր թուրքերի հետ, ջան ասենք, ջհանդամ լսենք, բայց ապրենք, առուտուր անենք, էս, էն...» (ամեն մեկը կարող է իր երևակայության ուժով ու չափով շարունակել, թե հատկապես ինչ՝ «էս, էն»:

Բայց արի ու տես, որ այդ համառ Արցախը, ավելի ճիշտ՝ համառ արցախցիները ոչ մի կերպ չեն ուզում հանձնվել և Նիկոլ Փաշինյանի բոլոր պլանները խառնում են: Ի՞նչ անել:

Երկար մտածելու բան Նիկոլ Փաշինյանը չունի, մանավանդ որ ձեռքի տակ է այն, ինչով միշտ զբաղվել է. պառակտումների ցեց գցել, մի հատվածին տրամադրել մյուսի դեմ, բանսարկություններ տարածել, զազրախոսել: Ու այստեղ էլ նրան պետք է գալիս իր ներպետական ֆաշիզմը: Այսինքն, սա շատ պրակտիկ «գործիք» է, այլ ոչ թե զուտ զգացմունքների դրսևորում: Նրան պետք է այդ «գործիքը»

Խնդիրը պարզ է. տրամադրել մարդկանց մեկը մյուսի դեմ, հանել բախման կամ խթանել, հրահրել բախումներ: Դա ինչ-որ մի նոր հնարք չէ: Նախ, որքան պառակտված լինի հասարակությունը, այնքան քիչ է համախմբման և իրեն ու իր իշխանությունը ռադ անելու հավանականությունը: Երկրորդ՝ ամենակարևորը: Իր կարծիքով «հայաստանցի-ղարաբաղցի» բախում հրահրելով՝ ավելի կհեշտացնի Արցախի հանձնման գործընթացը: Ահա թե ինչու է իրեն ներպետական ֆաշիզմը պետք:

Արթուր Խայթ

Այս խորագրի վերջին նյութերը