Կարծիք

27.07.2023 15:32


Մոսկովյան վերջին հանդիպման արդյունքները. հայացք Արևմուտքից

Մոսկովյան վերջին հանդիպման արդյունքները. հայացք Արևմուտքից

Գաղտնիք չէ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների գործընթացը ընթանում է 2 հարթակում, և արևմտյան փորձագետների կարծիքով՝ Մոսկվան դժվար է տանում այս մրցակցությունը, բայց ամեն կերպ փորձում է ցույց տալ, որ դեռևս կարող է ունենալ վճռորոշ, նշանակալից դեր տարածաշրջանում։

Օրինակ, ըստ «Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի» ISW-ի զեկույցի, որտեղ բառացիորեն նշվում է հետևյալը. «Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վերջին մոսկովյան հանդիպման ժամանակ, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, նույնիսկ տեսնելով, որ Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումները խիստ տարբերվում են, փորձեց սիրաշահել երկու կողմերին։ Բանը հասել է նրան, որ ռուսներն այս հարցում նույնիսկ տեխնիկական միջոցներ են օգտագործել։

Օրինակ, նախարարների հանդիպումից առաջ, միացված խոսափողների կողքին, Սերգեյ Լավրովի օգնականը, իբր, «չնկատելով, որ նախարարի խոսափողը միացված է», ասել է Լավրովին, որ նա չպետք է օգտագործի «նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ» ձևակերպումը, քանի որ դա Ադրբեջանին դուր չի գա»։

Ըստ արևմտյան փորձագետների՝ Սերգեյ Լավրովն այս դրվագով փորձել է հաճոյանալ ադրբեջանցիներին: Մյուս կողմից, Լավրովը նշել է, որ «Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունը և նրանց իրավունքները պետք է ապահովվի», և այս ձևակերպմամբ փորձել է հաճոյանալ հայերին։

ISW-ի փորձագետների կարծիքով՝ ռուսական կողմի այս գաղափարը ցույց է տալիս մեկ ճշմարտություն՝ նրանք անհանգստացած են, որ կկորցնեն ազդեցությունը հայ-ադրբեջանական բանակցությունների վրա և ամբողջությամբ դուրս կմնան բանակցային գործընթացից։

ISW-ի զեկույցում նշվում է նաև, որ Թուրքիան արդեն հասցրել է Ադրբեջանի հետ անվտանգության ոլորտում լուրջ համակարգեր ձևավորել, իսկ Հայաստանը, ի տարբերություն սրան, ակտիվորեն սկսել է աջակցել Իրանին։

Հետաքրքիր է նաև, որ արևմտյան մեկ այլ պարբերականում՝ ամերիկյան The National Interest-ում, մեկ այլ արևմտյան փորձագետ Ալեքս Լիթլը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա ակտիվորեն կարող են ազդել 2 երկրներ՝ Թուրքիան և Իրանը։ Նա այն կարծիքի է, որ Արևմուտքը չունի իրական լծակներ տարածաշրջանում իրավիճակի վրա ազդելու, իսկ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայի պատերազմով, և նրա ազդեցությունը տարածաշրջանում նույնպես թուլացել է։

Արդյունքում հայ-ադրբեջանական հարաբերությունների համար վճռորոշ նշանակություն կարող են ունենալ 2 երկրներ՝ Իրանն ու Թուրքիան, որոնք տարածաշրջանում լուրջ լծակներ ունեն և ներգրավված չեն այլ խոշոր հակամարտությունների մեջ։

Արտակ Հակոբյան

Աղբյուրը՝ zham.am

Այս խորագրի վերջին նյութերը