Քաղաքական

27.07.2023 15:28


Ասկերանն ամբողջությամբ պարալիզացվել է, խախտվել է մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը. հղիներն անասելի դժվարություններով են հասնում Ստեփանակերտ. Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար

Ասկերանն ամբողջությամբ պարալիզացվել է, խախտվել է մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը. հղիներն անասելի դժվարություններով են հասնում Ստեփանակերտ. Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար

Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում անդրադարձել է հանրային տրանսպորտի աշխատանքի դադարեցման, շրջանում առաջին անհրաժեշտության ապրանքների սղության հետևանքով առաջացած խնդիրներին, բուժհաստատություններում տիրող իրավիճակին և Ստեփանակերտի օդանավակայանի տարածքում ասկերանցիների շարունակվող նստացույցին:

«Հանրային տրանսպորտի աշխատանքի դադարեցմամբ Ասկերանն ամբողջությամբ պարալիզացվել է` խախտվել է մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը ևս։ Հույժ անհրաժեշտության դեպքում այս օրերին մարդիկ հաճախ ոտքով են հասնում Ստեփանակերտ։ Հաշված օրերի ընթացքում կսպառվեն նաև բնակիչների` նեղ օրվա համար նախատեսված վառելիքի խնայողությունները։ Այս իրավիճակի երկարատև շարունակումն աղետալի և անդառնալի հետևանքի պատճառ կարող է դառնալ։

Ինչպես և ամբողջ հանրապետությունում, այնպես էլ մեր շրջանում, առաջին անհրաժեշտության բոլոր ապրանքներն էլ բացակայում են՝ շաքարավազ, ձեթ, մանկական սնունդ, քաղցրավենիք ու այս շարքը շատ երկար է։ Դեղորայքի հետ խնդիրներ կարծես թե, այս պահին չկան, սակայն դա ևս օրերի հարց է»,-ասել է նա։

Շրջվարչակազմի ղեկավարը նայև խոսել է հղիների թերսնուցման և դեռ ևս չծնված երեխաների մահացության մասին.

«Սթրեսային իրավիճակները, թերսնվածությունն ու անորոշությունը անդառնալի հետևանքների պատճառ են դարձել։ Նման պայմաններում շրջանի որևէ բնակավայրից շրջկենտրոն կամ անհրաժեշտության դեպքում մայրաքաղաք հասնելու համար հղի կինը անասելի դժվարությունների է հանդիպում, ինչն էլ հաճախ հանգեցնում է դեռևս չծնված երեխաների մահացության։ Ու վերջերս, համապատասխան մասնագետների հավաստմամբ, շրջանում բավականին աճել է նման դեպքերի քանակը»։

Ըստ Ապրեսյանի՝ հանրային տրանսպորտի իսպառ բացակայության պայմաններում էլ կան անհատներ, ովքեր փորձում են օդանավակայանի տարածքում անշեջ պահել համաժողովրդական շարժման վառած կարմիր լույսը։

«Հուլիսի 15-ից մինչ օրս Ստեփանակերտի օդանավակայնի տարածքում ասկերանցիները շուրջօրյա հերթապահություն էին իրականացնում։ Հանրային տրանսպորտի բացակայության պայմաններում երեկ շրջանի բնակիչներից շատերը, որոնք կամք և ցանկություն ունեին միանալու համաժողովրդական շարժմանը, ոտքով հասել են օդանավակայանի տարածք, որտեղից ահազանգի կոչեր են հնչեցվել շուրջ ութ ամիս շարունակվող շրջափակման և արցախահայության դեմ ուղղված հանցագործությունների վրա կույր և համր ձևացող միազգային հանրության հանցավոր անտարբերության դեմ»,-ասել է Ապրեսյանը։

Այս խորագրի վերջին նյութերը