Մեկնաբանություն

26.07.2023 20:15


Հրապարակ ելած հայրենակիցներն անտարբեր չեն, բայց ասելիքի ու անելիքի հստակեցման խնդիր ունեն

Հրապարակ ելած հայրենակիցներն անտարբեր չեն, բայց ասելիքի ու անելիքի հստակեցման խնդիր ունեն

Այս օրերին նկատելի է, որ Արցախի գլխին փաշինյանական իշխանության կուտակած սև ու մահառիթ ամպերը, Արցախի մեր ազգակիցներին սպառնացող վտանգները հասարակության մեջ որոշակի խմորումների ու դրսևորումների են հանգեցրել: Երեկ, օրինակ, բազմամարդ հանրահավաք տեղի ունեցավ Ազատության հրապարակում: Ըստ որում, որևէ քաղաքական ուժ, խմբավորում կամ քիչ թե շատ ծանրակշիռ գործիչ կամ շրջանակ նախապատրաստական կազմակերպչական, իրազեկման աշխատանք չէր տարել: Հազարավոր մարդիկ, ուղղակի իրենց տագնապներից ու մտահոգություններից մղված, փողոց էին ելել, նաև՝ տեսնելով, որ ինչ-որ մարդիկ նման ակցիա են անում:

Սա որոշակի ցուցիչ է նաև քաղաքական դաշտին, քաղաքական ուժերին, առաջին հերթին՝ ընդդիմությանը:

Այդ միտինգի, այդ եղելության ամենից դրական պահն այն է, որ դա տեղի ունեցավ: Բոլորը տեսան, որ իրականում հազարավոր ու հազարավոր հայ մարդիկ, ըստ որում՝ մեծ թվով երիտասարդներ ամենևին էլ թքած չունեն այն ամենի վրա, ինչ կատարվում է, ինչ անում են մեր երկրի ու ժողովրդի գլխին: Բոլորը տեսան, որ իրականում մարդիկ անտարբեր չեն, որ իրականում հազարավոր ու հազարավոր մարդկանց համար հետաքրքրում է Արցախի ու Հայաստանի Հանրապետության ճակատագիրը:

Երեկվա հանրահավաքի հիմնական «պլյուսներից» մեկը հենց «կյանքը Երևանում ուրախ է և անհոգ, մարդիկ ուտում-խմում են ու չեն հետաքրքրվում Արցախով կամ ընդհանրապես քաղաքականությամբ» փաշինյանական քարոզչամեքենայի թեզի խարխլումն էր:

Մի խոսքով, չնայած դիտողություններ կամ դիտարկումներ անելու տեղեր շատ կան (միշտ էլ կլինեն), բայց հիմնականն այն է, որ մարդիկ ու բազմաթիվ մարդիկ ոտքի են ելել: Սա հիմնականն է: Սա հստակ նշան է այն բանի, որ ավելի կազմակերպված աշխատանքի ու նախապատրաստության դեպքում ոտքի ելնողների շարքերը կարող են աճել երկրաչափական պրոգրեսիայով՝ հասնելով այն կրիտիկական զանգվածին, որի դեպքում ո՛չ փաշինյանական ռեպրեսիվ-սադիստական ոստիկանամեքենան, ո՛չ բռնաճնշումները ոչնչի չեն կարողանալու հասնել:

Հանրահավաքը եկավ հաստատելու նաև այն դիտարկումները, որ իրավիճակը թե՛ առկա սպառնալիքների, թե՛ հանրության տրամադրությունների առումներով էլեկտրականացված է ու բավական է մեկ կայծ, որպեսզի ուժգին պայթյուն տեղի ունենա: Այնպիսին, որը կարող է նաև առկա իշխանությունից ոչինչ չթողնել:

Հիմնականը, ինչն աչքի էր զարնում, այն է, որ այդ միտինգի ասելիքը էապես կաղում էր բովանդակության, խնդիրների ու գնահատականների հստակ ձևակերպումների առումներով: Հասկանո՞ւմ եք, եթե մարդիկ հավաքվում են ազգային կենսական խնդիրների հետ կապված ու մտահոգված, որքան էլ ջանաք, չեք կարող խուսափել կոնկրետ քաղաքական վերաբերմունքից, կոնկրետ քաղաքական գնահատականներից, որոշակի դիրքորոշում ձևակերպելուց ու արտահայտելուց:

Այո՛, հրապարակ ելած հայրենակիցները անտարբեր չեն, բայց ասելիքի ու անելիքի հստակեցման խնդիր կա:

Հա, մեկ անգամ կարող եք ընդհանուր բնույթի պաթետիկ կոչեր անել, բայց երկրորդ անգամ դա չի անցնի, ավելին՝ կվանի շատերին: Բայց դա արդեն քաղաքական դաշտի ակտորների խնդիրն է: Տվյալ դեպքում կարևորը, կրկնենք, մարդկանց ոտքի ելնելն է:

Արթուր Խայթ

Այս խորագրի վերջին նյութերը