Մեկնաբանություն

26.07.2023 17:55


Արցախն ու հայությանն ատող անձնավորությունը չի՛ կարող ու չպե՛տք է լինի ՀՀ վարչապետ

Արցախն ու հայությանն ատող անձնավորությունը չի՛ կարող ու չպե՛տք է լինի ՀՀ վարչապետ

Ինչի մասին էր Նիկոլ Փաշինյանի հուլիսի 25-ի ասուլիսը: Իր ասուլիսային ծրագիր-հանձնարարականը, համենայն դեպս, դրանցից մեկը միանգամայն կռահելի էր. ԱԳ նախարարների հանդիպման ֆոն ապահովել և զուգահեռաբար ևս մեկ անգամ հնչեցնել թշնամական կամ, եթե կուզեք՝ հայրենադավ հայտարարությունը, որ ինքն Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում: Սա պարզից էլ պարզ է:

Բայց, եթե այդ թշնամությունը դնենք մի կողմ, է՞լ ինչի մասին էր Նիկոլ Փաշինյանի խոսքը: Մեծ հաշվով, դա ներազգային ֆաշիզմի, ներազգային պառակտման, ատելության եղկելի քարոզ էր:

Շատերը, եթե ոչ՝ գրեթե բոլորը, ովքեր ներվ ու առողջություն ունեին դրա ասուլիսին հետևելու, բացահայտ տեսան, թե Նիկոլ Փաշինյանն ի՜նչ կարգի ատելություն է տածում ա) Արցախի, բ) Արցախի հայության, գ) առհասարակ հայության, դ) Հայաստանի հանդեպ: Ատելով ատում է: Արցախի ու արցախցիների մասին խոսելիս՝ նրա դեմքից, աչք-հոնքից, ձայնի ելևէջներից, տոնայնությունից, միմիկայից և խոսքից ուղղակի մաղձ ու ատելություն էր ժայթքում Արցախի ու Արցախի մեր հայրենակիցների հանդեպ:

Պետք է շնորհակալություն հայտնել մեր այն մի քանի գործընկերուհիներին, որ իրենց կեցվածքով ու հարցերով հունից հանեցին Նիկոլ Փաշինյանին, ստիպեցին մի կողմ նետել «խաղաղասիրական» դիմակն ու ինքնադրսևորվել:

Ու նա դրսևորվեց ու դրսևորեց իր ատելությունը: Այն ատելությունը, որ տասնամյակներով տարածել է իր խմբագրած թերթոնում ունեցած հրապարակումներով: Դրսևորեց այն զզվանքը, որ նա ունի ամեն հայկականի հանդեպ ու արտահայտել է իր զազրախոսախեղդ արած գրքում:

Երևաց բուն Փաշինյանը: Այն Փաշինյանը, որ 2008-ի մարտի 1-ի բախումների ու արյունահեղության հիմնական հրահրիչն էր, այն Փաշինյանը, որ այդ օրը գոռում էր, թե պետք է ղարաբաղցիներից ազատագրել Երևանը: Այն Փաշինյանը, ում հոգին փառավորվում էր (իր բառերն են) ջարդարարության տեսարաններից, արյունահեղությունից:

Պարզապես այս անգամ նա իր անդուր ձայնով ոչ թե բարիկադավորած ավտոբուսի տանիքից էր ծղրտում, այլ ասուլիսային հարթակից էր արտահայտվում: Այն ժամանակ սափրված էր, հիմա՝ անթրաշ:

Ամենակարևորը՝ այն ժամանակ նա ատելություն էր սերմանում, քարոզում, գեներացնում, իսկ հիմա այդ ամենն անում է՝ ունենալով իշխանական բոլոր լծակները, տրամադրության տակ ունենալով կամակատար «ոստիկանություն», հանրությանը լրտեսող «աած», հեռուստաքարոզչական ռեսուրսներ և այլն:

Ու հենց սա՛ է մեր երկրին ու ժողովրդին պատուհասած աղետի, մեր այսօրվա կոյաճահճային վիճակի առանցքային, եթե ոչ անկյունաքարային հանգամանքներից մեկը: Այն, որ նման մեկն է Հայաստանի ղեկավարի պաշտոնում:

Արցախն ու հայությանն ատող անձնավորությունը չի՛ կարող ու չպե՛տք է լինի Հայաստանի վարչապետ: Չի՛ կարող ու չպե՛տք է:

Ներազգային ատելություն սերմանող, ներազգային ֆաշիզմ տարածող, թշնամական թեզերով առաջնորդվող անձնավորությունը, ինչ եղանակով էլ որ իշխանության հասած լինի, պետք է հեռացվի իշխանությունից, ինչից հետո թե՛ ինքը, թե՛ իր խմբոնի բոլոր նկատելի դեմքերը պետք է առհավետ զրկվեն հրապարակային գործունեության որևէ տեսակով զբաղվելու իրավունքից:

Բայց նախ՝ Նիկոլ Փաշինյանին պետք է հեռացնել իշխանությունից: Դա է առկա խնդիրների հաղթահարմամբ զբաղվելուն միտված բոլոր ծրագրերի, քայլերի առաջին պարտադիր նախապայմանը:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը