Քաղաքական

26.07.2023 10:39


«Փաշինյանի մոտ հիստերիա և պանիկա է. նա փորձում է ժամանակ շահել». Սահակյանց (տեսանյութ)

«Փաշինյանի մոտ հիստերիա և պանիկա է. նա փորձում է ժամանակ շահել». Սահակյանց (տեսանյութ)

Ռեժիսոր-մուլտիպլիկատոր, «Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ Դավիթ Սահակյանցն այն կարծիքին է, որ Արցախում ստեղծված իրավիճակում որևէ բան դեպի դրականը փոխելու առումով միակ խոչընդոտը Հայաստանի իշխանությունն է՝ իր կցորդ Արցախի իշխանություններով:

«Նրանք մեկ նպատակ ունեն՝ հանձնել Արցախը և դրանով փակել այդ հարցը: Կարծում եմ՝ իրենց ներսում այդ հարցը վաղուց լուծել են, իրենց համար գոյություն չունի Արցախ, և հիմա ֆորմալ բաներ են մնացել, որոնք իրենք պետք է իրականացնեն: Ինչ-որ բաներ ուշացնում են, որովհետև գուցե այլ ակնկալիքներ ունեն, վախ ունեն, որը շատ բնական է, որովհետև, եթե վերջնականորեն այդ հարցը լուծվեց, իրենք շատ լուրջ խնդիրների առաջ կկանգնեն: Այդ իսկ պատճառով էլ չեն շտապում: Մի խոսքով՝ Արցախի բլոկադան բացելու, նոր էտապից Արցախի շուրջ բանակցություններ սկսելու մեկ խոչընդոտ կա, և դա այս իշխանությունն է և նրա դրածոներն Արցախում»,-168TV «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Արցախի նախագահի նստացույցը, նրա խոսքով, իրականությունից փախչել է նշանակում. «Եթե պատճառն ես ուզում գտնել և դրա համար նստացույց ես անում, կա մեկ պատճառ, և բարի եղիր բարձրաձայն ասել դա: Բայց քանի որ լավ սերտ կապված ես այն իշխանության հետ, որն այսօր հանձնում է Արցախը, ապա շատ դժվար է խոստովանել, որ հանձնողներից և Արցախը դավաճանողներից մեկն ես, դրա համար պայքարի իլյուզիա է ստեղծում, նստացույց է անում: Աննորմալ իրավիճակ է: Դա պայքարի իմիտացիա է: Կա մեկ պայքարի ձև՝ ձերբազատվել այս իշխանությունից և նոր բանակցող գտնել, որը կկարողանա այս ծուղակից դուրս գալ»:

Նրա կարծիքով՝ Հայաստանի և Արցախի անվտանգությունն ապահովել չկարողացող իշխանությունները հրաժարական չեն տալիս, որովհետև գիտեն՝ պետք է պատասխան տան այն ամենի համար, ինչ բերել են հայկական երկու պետությունների գլխին. «Դրա համար, փորձում են մաքսիմալ մի իրավիճակի բերել, որ մեղավորների քանակը միմիայն ավելանա, դրանով մասնակից և հանցակից դարձնել հասարակությանը, մտավորականներին, էլիտային, բանակին. բոլորին սարքել մեղավոր, որ կարողանան պլստալ այն պատժից, որը, համոզված եմ, լինելու է»:

Անդրադառնալով Փաշինյանի այն պնդմանը, թե պատերազմից հետո ինքը հրաժարական է տվել, բայց ժողովուրդն իրենց վերընտրել է, Սահակյանցը հետևյալն ասաց. «Դա մանիպուլյացիա է: Ժողովուրդը քեզ չի ընտրել, որ Արցախը հանձնես, դու լրիվ այլ խոստումներով էիր մասնակցում ընտրություններին: Թեպետ, հասկացող մարդիկ հասկանում էին, որ նա պատրաստ չէ Արցախը փրկել, նա պատրաստվում է Արցախը հանձնել, բայց հասարակության մի մասը հավատում էր, որ նա ցանկություն ունի ինչ-որ բան անել՝ ի նպաստ Արցախի կարգավիճակի: Խաբելով, մանիպուլացնելով հասարակությանը՝ նա վերընտրվեց: Թեպետ, ես չեմ համարում, որ նա վերընտրվել է, սարսափելի ֆալսիֆիկացիաներ են տեղի ունեցել, ուղղակի միջազգային կոնսենսուս կար, որ Նիկոլ Փաշինյանն այստեղ պետք է մնա իշխանության, և աչք փակեց բոլոր այն խախտումների վրա, որոնք եղան ընտրությունների ժամանակ»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը