Մեկնաբանություն

25.07.2023 20:35


Նիկոլ Փաշինյանը ոչ մի առումով իրավունք չունի «խաղեր տալու» Հայաստանի ու Արցախի ճակատագրի վրա

Նիկոլ Փաշինյանը ոչ մի առումով իրավունք չունի «խաղեր տալու» Հայաստանի ու Արցախի ճակատագրի վրա

Երբ Նիկոլ Փաշինյանը, ինչպես այսօրվա ճապաղասուլիսում էր, արտասանում է «քաղաքական պատասխանատվություն» բառակապակցությունը, դժոխքի «գնդակահարության պատի տակ» ինքնահրկիզվում է «Նիկոլ» անունով մի հերթապահ սատանյակ:

Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե իր դիրքորոշումն այն է, որ «Հայաստանը ԼՂ ժողովրդի ճակատագիրը չի կարող որոշել»: Այսինքն, Նիկոլ Փաշինյանի պատկերացմամբ՝ Հայաստանը պիտի օտարվի կամ ինքնօտարվի Արցախի ու Արցախի հայության ճակատագրից ու այն որոշելուց, այն որոշելու վրա ազդելուց: Սրա ամբողջ «գաղափարաբանությունն» այն է, որ հայությունը ոչ միայն Հայաստանում, այլև Սփյուռքում, իր օրինակով, ուրանա Արցախը, ուրանա Արցախի հայությանը:

Փաշինյանն ասում է. «ԼՂ ներկայացուցիչներն իրենք պետք է լինեն բանակցությունների կողմ, երխոսության կողմ և մենք հենց այդ օրակարգն ենք առաջ մղում՝ նկատի ունենալով, որ ԼՂ ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը պետք է քննարկվեն ԼՂ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ, Բաքու-Ստեփանակերտ երկխոսության ֆորմատով, միջազգային մեխանիզմի շրջանակներում: Կարծում եմ՝ ԼՂ ներկայացուցիչները՝ ժողովուրդը, կառավարությունը, այս բանաձևի շրջանակներում հնարավորություն կունենան իրենց հուզող բոլոր հարցերը հասցեագրել և ոչ միայն հարցեր առաջադրել, ոչ միայն բովանդակություն գեներացնել, այլև, որ շատ կարևոր է, կրել այդ բովանդակության հետ առնչվող քաղաքական պատասխանատվությունը, և ոչ միայն քաղաքական պատասխանատվությունը: Դա է ճիշտ ճանապարհը»:

Սա «գլուխգործոց» է: Իշխանազավթմանը հաջորդած 5 տարիներին եթե ոչ՝ բացառապես, առնվազն՝ գերազանցապես սխալ քայլեր կտարած, այն աստիճանի սխալ, որ շատ-շատերը դրա տակ կոնկրետ միտում են տեսնում, ահա այդ Նիկոլ Փաշինյանը խոսում է «ճիշտ ճանապարհից»:

Արցախի հայությանը բնաջնջման մատնածը, հազարավոր զինվորականների մահվան մատնածն ու երիզորդի նման իշխանությունից կառչածը, կապիտուլյացիա ստորագրածն ու ինքնասպան չեղածը խոսում է... «քաղաքական պատասխանատվությունից» ու ոչ միայն քաղաքական պատասխանատվությունից:

Նիկոլ Փաշինյանը, որ ճվճվում էր, թե՝ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ», հիմա, իրեն մեծ ստրատեգոսի տեղ դրած, բայց այդպես էլ զազրախոս-բանսարկու «լրագրող» մնացած, ասում է, թե Հայաստանը չպիտի կամ չի կարող որոշել Արցախի (ամբողջ ասուլիսի ընթացքում էլ միտումնավոր Լեռնային Ղարաբաղ էր ասում, ոչ թե՝ Արցախի հայություն, այլ՝ «ԼՂ ժողովուրդ») ժողովրդի ճակատագիրը:

Հայաստանը, հայությունը ուղղակի չեն կարող անմասն մնալ Արցախի հայության ճակատագրից: Սա, կներեք, նույնիսկ բացատրել-հիմնավորելն է ամոթ, անգամ՝ վիրավորական:

Իսկ այ, Նիկոլ Փաշինյանն իսկապես էլ չի կարող ու չպետք է որոշի Արցախի, Հայաստանի, մեր ժողովրդի ճակատագիրը: Ո՛չ մարդկային, ո՛չ բարոյական, ո՛չ քաղաքական, ոչ մի առումով նա չունի այդ իրավունքը:

Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ: Նիկոլ Փաշինյանը պետք է անհապաղ հեռացվի իր զավթած պաշտոնից, պետք է հեռացվի իր ուզուրպացրած իշխանությունից: Նա դրժել է իր ընտրողներին տված խոստումը, նա խոստացել է պայքարել Արցախի հայության ինքնորոշման իրավունքի համար, նա առաջադրել է «անջատում՝ հանուն փրկության» կարգախոս, բայց հիմա հայտարարում է, թե՝ Արցախը ադրբեջանական է:

Ավելին, դա դավաճանական բնույթի հայտարարություն է, որի համար Նիկոլ Փաշինյանը, իր բառերով ասած՝ պետք է կրի քաղաքական ու ոչ միայն քաղաքական պատասխանատվություն:

Առհասարակ, նրա այսօրվա ասուլիսի հետ կապված ամենից ահավոր իրողությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը ասուլիս էր տալիս, այլ ոչ թե՝ դավաճանության և կանխամտածված երկրաքանդության մեղադրանքները ճակատին գամված՝ որպես ամբաստանյալ, ցուցմունքներ էր տալիս դատարանում:

Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ամեն օրը, ամեն ժամը մահ է ու կործանում: Նիկոլ Փաշինյանի ամեն մի արտահայտության աղետի և ողբերգության նախերգանք է: Նրա ասած «խաղաղությունը» գերեզմանային է, նրա երազած «խաղաղությունը» համազգային նվաստացում ու թրքացում է: Ով ուզում է թրքանալ, թող շարունակի հանդուրժել ու պաշտել Փաշինյանին: Իսկ ով ուզում է հայ մնալ ու ապրել սեփական երկրում, սեփական պետության մեջ...

Հայաստանը, Արցախը, մեր ժողովուրդը կործանման աղետալի ուղուց դուրս կգան միայն Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելուց հետո: Մնացած բոլոր հարցերը երկրորդական են կամ ածանցված: Հիմնականը Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելն է: Միայն այդ դեպքում կարող է այս արնաթաթախ կոյաճահճից դուրս ելնելու ինչ-որ հույս և հնարավորություն լինել:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը