Մեկնաբանություն

25.07.2023 18:33


Ցուցադրական որկրամոլություն՝ աղետի պահին

Ցուցադրական որկրամոլություն՝ աղետի պահին

Պաշարված Արցախում արդեն ակներև է սովահարության սպառնալիքը: Ավելի ճիշտ, դա արդեն սպառնալիք չէ, այլ ցավալի իրողություն:

Ադրբեջանի իշխանությունները՝ իրենց հասանելի բոլոր եղանակներով, արգելափակել են Արցախ պարեն, կենսապահովման համար անհրաժեշտ մթերք և ապրանքներ մատակարարելու բոլոր ճանապարհները: Հայաստանի «իշխանություն» կոչվածը ձևական կոչեր է հղում «միջազգային հանրությանը», «միջազգային հանրությունը» ձևական «մտահոգվում է, իր հերթին ինչ-որ կոչեր անում: Իսկ Ռուբեն Սևակի բնորոշածին լիովին համապատասխանող Եվրոպան էլ, դրսևորելով բնութագրական ցինիզմ, բարձր է գնահատում այդ պաշարումն իրականացնող Ալիևի... մարդասիրությունը, որ Բրյուսելում ասում է, թե Աղդամով ճանապարհ կտա «հումանիտար բեռների» համար: Այսինքն՝ Բերձորի ճանապարհը փակել է, որ Ակնայով (Աղդամ)... ճանապարհ տա: Ինչևէ:

Դաժան փաստն այն է, որ Արցախի շրջափակումը, ավելի ճիշտ՝ համակողմանի պաշարումը շարունակվում է: Արդեն տրանսպորտն ամբողջությամբ կանգ է առել, արդեն հաց էլ չի ճարվում, դեռ մնացածի մասին եթե չնշենք: Ու ահա, այդ ամենի խորապատկերում ուղղակիորեն աչք են ծակում Երևանում ու Հայաստանի տարբեր մարզերում, մարզկենտրոններում Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության կողմից հովանավորվող զանազան «փառատոնները»:

Երևանում, օրինակ, մի քանի օր առաջ «գարեջրի փառատոն» էր, հասկանալի է՝ ուտուշ-խմուշով, տաշի-տուշիով:

Չէ, դուք երևի չեք պատկերացնում, թե դա հոգեմտավոր անկման ինչպիսի՜ ցածրակետ է: Դա նույնն է, եթե 1942-ին, Լենինգրադի բլոկադայի պայմաններում, ասենք՝ Մոսկվայում «բլիթների փառատոն» անեին:

Առավել երիտասարդների համար, որոնք մշուշոտ պատկերացումներ ունեն պատմությունից, ավելի պարզ ասենք: Դա նույնն է, եթե ասենք՝ Երևանի Դավթաշեն կամ, ենթադրենք, Աջափնյակ թաղամասը ավելի քան 200 օր շրջապատված լիներ, ժողովուրդն առանց սնունդի ու հացի մնացած, իսկ Դավիթաշենի ու Կիևյան կամրջի մյուս կողմերում հավաքվեին հազարավոր մարդիկ և ցուցադրաբար մանղալները շարած՝ խորոված անեին ու տեսախցիկների առաջ զխտկվեին:

Բայց այս «փառատոնները» նույնն են, ինչ մեր նկարագրածը: Ոչ մի տարբերություն: Չնայած չէ, մի տարբերություն կա: Նկարագրածը երևակայական պատկեր էր, իսկ ուտուշ-խմուշի իշխանական «փառատոնները»՝ ակնառու և աչք ու սիրտ ծակող իրականություն:

Վերցնենք թեկուզ Վանաձորի խայտառակ ու վանաձորցիներին անվանարկած ճոխ համերգը: Փաստերով խոսենք: Նիկոլ Փաշինյանի անձնական օգտագործման «Առաջին ալիքը»՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Լոռու, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում կազմակերպել է «երաժշտական մեծ փառատոն»: Անունն էլ դրել են՝ «Ֆեստիվառ»: Եվ նկատեք, իշխանական կազմակերպիչները հատուկ ընդգծում են, որ իրենց «փառատոնի» «հյուրերը Վանաձորում, Գավառում և Սիսիանում հնարավորություն կունենան համտեսել տեղական արտադրանքը...»:

Այսինքն՝ հատուկ շեշտ են դնում ուտելիքի, ձրի ուտել-խմելու վրա: Դե՝ նիկոլական են, չէ՞: Իրենց կուռք Փաշինյանն էլ է փողոցում բրդուճ, կարկանդակ, «կուկուռուզ» կլանելու մեծ մասնագետ:

Այսինքն, սրանք հատուկ որկրամոլական ցուցադրություն են անում: Լավ, ինչի՞ ծնունդ է պետք լինել, որ հրաշալի իմանալով, որ Արցախում մարդիկ սովահար են՝ նման «փառատոն» մոգոնես, գովազդես, ցուցադրես: Լավ, էդ ցուցադրական լափը ո՞նց լեղի չի դառնում ձեր կոկորդներում... Բոլորս էլ սնվում ենք, բայց դրանից շոու չենք սարքում, սնունդը պաշտամունքի առարկա չենք սարքում, կիսասոված մարդկանց մոտ կուշտ լինելու քարոզ չենք տանում:

Փաստորեն, Նիկոլ Փաշինյանին քիչ է թվում Արցախի հայությանը սովամահության մատնելը: Նրան պետք է, որ մի հատ էլ նման՝ ձրի լափելու «փառատոններ» անի, որպեսզի համատարած բարոյազրկության տեսարաններ ստանա, որպեսզի իր, իր Հ1-ի ու իր ԿԳՄՍ-ի դրած անվճար լափով, որքան կարող է, շատերին մտցնի աններելի մեղքի տակ:

Վանաձորն արդեն ապականված է: Հերթում Գավառն ու Սիսիանն են...

Արթուր Խայթ

Այս խորագրի վերջին նյութերը