Մեկնաբանություն

24.07.2023 20:16


Եվ իսկապես. դու ի՞նչ գործ ունես այն կաբինետում, որտեղ աշխատել է Վազգեն Սարգսյանը

Եվ իսկապես. դու ի՞նչ գործ ունես այն կաբինետում, որտեղ աշխատել է Վազգեն Սարգսյանը

Վազգեն Սարգսյանն իր գրողական ամբողջ երևակայությամբ հազիվ թե կարողանար պատկերացնել ավելի սյուրռեալիստական այնպիսի մի բան, որ իր ստեղծած «Երկրապահ» կամավորական միության 30-րդ տարեդարձին նվիրված հավաքում ելույթ ունենա Նիկոլ Փաշինյանի նման մեկը և հոլովի իր անունը, խոսի իր ժառանգությունից:

Լավ, Նիկոլ Փաշինյանը հանրահայտ ցինիկ է: Նրա հետ ամեն ինչ պարզ է այդ առումով: Իսկ մասնակիցնե՞րը, հատկապես նրանք, որ Վազգեն Սարգսյանի կողքին եղել են, ժամանակ առ ժամանակ որպես Վազգեն Սարգսյանի զինակից են ներկայանում, անգամ ասում են՝ «Մեր սպարապետը...»:

Չէ՛, Սասուն Միքայելյանին չենք ակնարկում: Նրան ակնարկելը վաղուց անիմաստ է: Ինչպես կարող է Վազգեն Սարգսյանի զինակից համարվել մեկը, ում համար ինչ-որ թափթփուկների հրահրած «թավշյա» հակապետական իշխանազավթումն ավելի կարևոր իրադարձություն է, քան Արցախի ազգային-ազատագրական շարժումը, քան Շուշիի ազատագրումը, քան, առհասարակ, Հայաստանի գոյությունը: Այ, հենց դրա համար էլ, Վազգեն Սարգսյանի քաղաքական ժառանգության կարևոր մի կառույցը՝ «Երկրապահը», Նիկոլ Փաշինյանը դրել է Սասուն Միքայելյանի տակ, ավելի ճիշտ՝ կոշիկի տակ: Որպեսզի «Երկրապահը» բովանդակազրկվի, մինչև վերջ ոչնչացվի՝ որպես գաղափար և որպես կառույց:

Ինչպե՞ս կարելի է մարդկայնորեն նորմալ վերաբերվել կամ թեկուզ՝ բարևել այն «երկրապահներին», որոնք օրնիբուն «գեներալ, գեներալ» էին ասում Մանվել Գրիգորյանին, նրա անունով էին նստում-ելնում, բայց շատ հանգի՜ստ, առանց չնչին ինչ-որ բան զգալու, թույլ տվեցին, որ իրենց «գեներալ ջան, գեներալ ջան»-ին Նիկոլ Փաշինյանը ոչ միայն կալանավորի, ոչ միայն մոնտաժված տեսանյութերով որպես «տուշոնկի գող» ներկայացնի, այլև ծանր հիվանդություն ունեցող Մանվել Գրիգորյանին խեղճացած տեսքով Աննա Հակոբյանը բանտում նկարել տա ու այդ նկարը տարածի իրենց ընտանեկան թերթոնով:

Իսկ իրենք՝ «երկրապահները», ահա, նստած են ինչ-որ ճոխ դահլիճում ու քծնանքոտ ինքնամոռացությամբ ծափահարում են... Նիկոլ Փաշինյանին, որը... Վազգեն Սարգսյանի ժառանգության մասին լոփո-լոփո ճամարտակում է:

Ասում է՝ «Այս բոլոր պատերը կարելի է զարդարել Վազգեն Սարգսյանի ժառանգությամբ»: Չէ, լուրջ, այդ ինչո՞վ էիք «զարդարելու» դահլիճի պատերը, Նիկոլ Փաշինյան ու Սասուն Միքայելյա՛ն: Ինչո՞վ: Վազգեն Սարգսյանի ազատագրած Շուշիո՞վ, որը դուք, այո՛, հենց դո՛ւք հանձնեցիք թշնամուն:

Բանակի ավերակներո՞վ էիք զարդարելու պատերը, այն բանակի, որը ստեղծում էր Վազգեն Սարգսյանը, և որը դուք կործանեցիք՝ 2018-ին իշխանությունը զավթելուն պես:

Թե՞ Վազգեն Սարգսյանի՝ Շուշիում տեղադրված հոյակերտ արձանո՞վ էիք զարդարելու, որը դուք միտումնավոր ու հատուկ ծրագրված կերպով (դրանում կարելի է արդեն չկասկածել), թողեցիք թշնամուն, որպեսզի թշնամին պղծություն անի...

Այդ ի՞նչ ժառանգությունից եք խոսում: Վազգեն Սարգսյանի քաղաքական ամենամեծ ժառանգությունը Հայոց զույգ պետականություններն են, որոնցից մեկը՝ Արցախը, արդեն կախել եք սովի պարանից՝ ձեր գաղափարակից թշնամու հետ, մյուսը՝ Հայաստանի Հանրապետությունը «դիլիմ-դիլիմ» կործանում եք:

Ու շատ ափսոս, որ անհնար է այնպես անել, որ Նիկոլ Փաշինյանի առաջ հանկարծակի հայտնվի Վազգեն Սարգսյանը: Ափսոս, որ դա անհնար է, իրո՛ք: Որովհետև միանգամայն պարզ է, թե ինչ կլիներ, ավելի ճիշտ՝ ինչը չէր լինի հաջորդ վայրկյանին այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանն արտասաներ, թե «Արցախը ճանաչում եմ Ադրբեջանի կազմում»: Կամ եթե Սասուն Միքայելյանն ասեր, թե «թավշյա» ավանտյուրան ավելի կարևոր մի բան էր, քան...

Նիկոլ Փաշինյանն ասում է, թե ինքն աշխատում է այն կաբինետում, որտեղ աշխատել է Վազգեն Սարգսյանը: Իսկապես, ինչպիսի՜ ծաղր, Շուշիում Սպարապետի արձանը թողնելուց ավելի վիրավորական ծաղր թե՛ Վազգեն Սարգսյանի, թե՛ առհասարակ, բոլորիս հանդեպ. Նիկոլ Փաշինյանը՝ վարչապետի աշխատասենյակում:

Նիկոլ Փաշինյանը միայն մի բան կարող էր ասել այդ ելույթում: Այն, որ մեռոնին թույն խառնելու մասին Վազգեն Սարգսյանի արտահայտությունը անձամբ իր մասին է: Մի քիչ էլ՝ իրեն այդպես բուռն ողջունած դահլիճում հավաքվածների:

Արթուր Խայթ

Այս խորագրի վերջին նյութերը