Կարծիք

18.10.2011 17:17


Տիգրան Սարգսյանը՝ կուստոմսեր բաժանող

Տիգրան Սարգսյանը՝ կուստոմսեր բաժանող

Որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Սարգսյանն այցելում է Տավուշի մարզ, վատ չէ, բայց շատ վատ է, որ նա իր այցը ծառայեցնում է կուսակցական քարոզչություն իրականացնելու համար: Որ նա այցելում է Բերդի մշակույթի պալատ, հրաշալի է, բայց մտահոգիչ է, որ նա այնտեղ կուստոմսեր է բաժանում «շուրջ հարյուր տավուշցիների»:

Առողջ տրամաբանությունը հուշում է, որ վարչապետն առաջիններից մեկը պետք է լինի, որ չխախտի գործող օրենքները, բայց պարզվում է՝ Հայաստանում դա այդպես չէ: Պարզվում է, որ նա լավ չի կարդացել կուսակցությունների մասին օրենքը կամ կարդացել է, բայց համապատասխան հետևություններ չի արել: Մեկ այլ վարկածի համաձայն էլ՝ նրան այդ հակաօրինական քայլին դրդել է Սերժ Սարգսյանը: Մենք դեռ չենք մոռացել այն օրերը, երբ Տիգրան Սարգսյանն ամեն ինչ անում էր, որ իր վրա պահպանի «կուսության» փոշին և պահպանելով վարչապետի պաշտոնը՝ միաժամանակ չանդամագրվի ՀՀԿ-ին: Նա երկար չկարողացավ դիմադրել և հիմա էլ մարզային այցելություն է կատարում ու հանրապետական տոմսեր բաժանում օրվա հացի մի կերպ վաստակող շամշադինցիներին:

Իսկ վարչապետը կուստոմսեր բաժանելու փոխարեն նույն այդ մշակույթի տանը պետք է փորձեր հասկանալ, թե ինչ կյանքով է ապրում բերդցին, հարակից գյուղերի բնակիչը: Մնում է գուշակել, թե արդյոք նա հետաքրվե՞լ է, թե ինչու է տավուշցին արտագաղղթում, ի՞նչն է պատճառը: Բնականաբար, նա այդ հարյուր մոլորյալներին չի հարցրել, թե ինչո՞ւ են ցանկանում անդամագրվել ՀՀԿ-ին, երբ Տավուշի մարզում կենսամակարդակն այդքան ցածր է, չկան աշխատատեղեր, իսկ բերքն էլ անչափ դժվար է իրացնել: Չի հարցրել, քանի որ, հաստատ, անկեղծ պատասխան չի ստանա: Իսկ մենք արդեն գիտենք, թե ինչու են նրանք անդամագրվել ՀՀԿ-ին: Հայաստանը փոքր երկիր է, և այդ հարյուրն էլ ունեն հարազատներ, ընկերներ–ծանոթներ, որոնց հետ անկեղծանում են, երբ մոտակայքում բարձրաստիճան կամ ցածրաստիճան պաշտոնյաներ չեն լինում: Այսպիսով՝ նրանց մեծ մասին պարզապես ստիպել են, իսկ մի մասն էլ ակնկալում է այդ տոմսով աշխատանք գտնել:

Երբ վարչապետը հարյուրավոր կիլոմետրեր է անցնում` ծախսելով բյուջետային փողերը, ակնկալում ես, որ նա պետք է գոնե մի քանի հարց լուծի, բայց խնդիրն այն է, որ վարչապետի այցը որևէ հարց Բերդի տարածաշրջանում չի լուծել և չէր կարող լուծել, քանի որ Տիգրան Սարգսյանը այնտեղ վերածվել էր կուսակցական տոմսեր բաժանող կուսաշխատողի: Այս օրինակն էլ բավական է հասկանալու համար, որ իշխող վարչախումբը որևէ մտադրություն չունի հետևություններ անելու և մտադիր է շարունակել այն, ինչ արել է մինչ օրս: Ամենայն հավանականությամբ՝ Սերժ Սարգսյանի խորհրդականները նրան համոզել են, թե որքան խորանա բարոյալքումը, այնքան ավելի հեշտ կլինի կառավարումը:

Կարելի է գուշակել, որ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ մենք կսկսենք ավելի հաճախ տեսնել, թե ինչպես է վարչապետը կամ նախարարներից մեկը կուստոմսեր բաժանում: Դժվար չէ կռահել, որ կուստոմսեր բաժանողները հազիվ թե ժամանակ գտնեն գործով զբաղվելու համար: Եթե ժամանակ գտնեն, ապա նույն Տիգրան Սարգսյանը կփորձեր գոնե տեղում հասկանալ, թե որն է առկա խնդիրների պատճառը: Նույն Տավուշի մարզի կենտրոն Իջևանում բազմաթիվ խնդիրներ կան, որոնց լուծումը կախված չէ ո՛չ Ղարաբաղի խնդրի կարգավորումից, ո՛չ էլ հայ-թուրքական սահմանի բացումից: Փորձեք պատկերացնել, որ եթե մարզկենտրոնն է լեցուն խնդիրներով, ապա ինչ է կատարվում Նոյեմբերյանում կամ նույն Բերդում ու հարակից գյուղերում:

Բայց եկեք անկեղծ լինենք՝ մի՞թե Տիգրան Սարգսյանին հուզում են հայ մարդու խնդիրները: Եթե հուզեր, ապա նա կփորձեր կարգավորել բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծումը, մեղմ ասած, դժվար չէ գտնել: Որքան շատ ես հետևում Տիգրան Սարգսյանի գործունեությանը, այնքան ավելի պարզ է դառնում, թե ինչու է Հայաստանը հայտնվել նման ահասարսուռ իրավիճակում: Եվ ինչո՞վ է Սերժ Սարգսյանը տարբերվում՝ իր կողքին հանդուրժելով Տիգրան Սարգսյանին:

Այս իրավիճակից դուրս գալու համար մեր երկրին արմատական լուծումներ են անհրաժեշտ: Նման վարչախմբից ազատվելուց հետո պետք է ամեն ինչ անել, որ բացառվի նման իշխանության ի հայտ գալը: Վերջին հաշվով մենք բոլորս մեղքի մեր բաժինն ունենք ստեղծված իրավիճակի համար:

Նույն տավուշցին մեղքի իր բաժինն ունի, որ վատ է ապրում: Եթե նա այնքան համարձակություն ունենար, որ վարչապետի կամ մարզպետի ներկայությամբ ասեր այն, ինչ իրականում մտածում է կառավարության և նախագահի մասին, խոսեր թերություններից, հանդես գար առաջարկներով, ապա իրավիճակը հաստատ այլ կլիներ: Բայց այսօր ունենք վախեցած բնակիչ, որն իր առաջընթացը կապում է ՀՀԿ-ական կուստոմսի հետ: Հաստատ՝ մի քանի շաբաթ հետո այդ տոմսերը երեխաների ձեռքին խաղալիք են դառնալու, քանի որ կուստոմսերի տերերը հասկանալու են, որ իրենք դարձել են շաուի դեկորացիա, և իրենց կյանքն էլ այդ տոմսը չի փոխում:

Տիգրան Սարգսյանը նորաթուխ հանրապետականներին ասել է, թե իրենց նպատակը համախմբված կերպով բարեփոխումներ իրականացնելն է: Այստեղ պետք է մտածել և կռահել, թե «համախմբված բարեփոխում ը» ինչ է նշանակում, բայց վարչապետի մտքերը հասկանալը չափազանց լուրջ գործ է և ոչ բոլորին է հասու: Իսկ ամենահուզիչն այն է, որ այդ բարեփոխումները նպատակ ունեն լուծել մեր ժողովրդի կենսամակարդակի և ազգային խնդիրների հետ կապված հարցերը:

«Մենք ունենք հստակ ծրագրեր, որոնք միտված են դեպի ապագան»,–ասել է նա: Իսկ մենք, ծանոթանալով բյուջեի նախագծին, շատ լավ գիտենք, թե որն է իրականում Տիգրան Սարգսյանի նպատակը:

«Հանրապետական կուսակցությունը փորձելու է իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք մեզ համար բացելու են զարգացման նոր հնարավորություններ»,-ասել է Տիգրան Սարգսյանը՝ «մեզ» ասելով ամենայն հավանականությամբ նկատի ունենալով ՀՀԿ-ական վերնախավի սերժսարգսյանական թևին, քանի որ նրա պաշտոնավարման ընթացքում աճել է արտագաղթը, կրճատվել տնտեսվարողների թիվը, մեծացել ինքնասպանությունների թիվը և կրճատվել նորմալ ապրող մարդկանց թիվը: Իսկ մենք` ժողովուրդը, առաջընթաց կունենանք, երբ բարձր պաշտոններում Տիգրան Սարգսյանի նման արկածախնդիրները չլինեն:

Վարդան Մխիթարյան

Այս խորագրի վերջին նյութերը