Քաղաքական

24.07.2023 12:35


Տարակուսելի է՝ Շուշիում Ալիևի կազմակերպած միջոցառմանը մասնակցում են Վրաստանի Հանրային հեռուստաալիքի գլխավոր տնօրենն ու նույն հեռուստաալիքի հայալեզու բաժնի ղեկավարը. Վրաստանի Հայ Համայնք

Տարակուսելի է՝ Շուշիում Ալիևի կազմակերպած միջոցառմանը մասնակցում են Վրաստանի Հանրային հեռուստաալիքի գլխավոր տնօրենն ու նույն հեռուստաալիքի հայալեզու բաժնի ղեկավարը. Վրաստանի Հայ Համայնք

Վրաստանի Հայ Համայնք կազմակերպությունն անդրադարձել է օրերս օկուպացված Շուշիում հուլիսի 22-23-ը անցկացված մեդիա-համաժողովին, որին մասնակցել են հյուրեր նաև Վրաստանից։ Հայտարարության մեջ նշված է.

«Մինչ Արցախի 120.000-անոց բնակչությունը, բացառապես հայ լինելու պատճառով, Ադրբեջանի բռնապետական ռեժիմի կողմից ենթարկվում է ցեղասպանության` արդեն գրեթե 8 ամիս գտնվելով շրջափակման մեջ և զրկված լինելով բուժօգնության և առաջին անհրաժեշտության այլ կարիքները հոգալու հնարավորությունից, մի քանի կիլոմետր այն կողմ Ի.Ալիևն անցկացնում է «Shusha Global Media Forum» կոչված ծրագիրը: Այլևս զարմանալի չէ Ի.Ալիևի ցինիզմի մակարդակը` Ադրբեջանում լրագրողական կամ օրինակ մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված ֆորումի անցկացման մասով, վերջերս անգամ պարզվեց, որ այդ երկրում կան «բնապաշտպաններ»:

Սակայն մեզ համար տարակուսելի է, որ սովի մատնվող հայ երեխաներից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա նրանց դահիճների կողմից կազմակերպված այս միջոցառմանը մասնակցում են Վրաստանի Հանրային հեռուստաալիքի (որը ֆինանսավորվում է Վրաստանի քաղաքացիների, այդ թվում` շուրջ 180.000 հայերի վճարած հարկերից) գլխավոր տնօրեն Թինաթին Բերձենիշվիլին և նույն հեռուստաալիքի հայալեզու բաժնի ղեկավար Ռամիլա Ալիևան: Հաշվի առնելով, որ Վրաստանի իշխանությունները միշտ հանդես են եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև չեզոք դիրքերից` հաճախ փորձելով դառնալ միջնորդ տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացում, նշված պաշտոնատար անձանց մասնակցությունը Շուշիում կայացած միջոցառմանը անհանգստության տեղիք է տալիս:

Մենք նախկինում ևս հայտարարել էինք, որ Հանրային հեռուստաալիքի հայալեզու և ադրբեջանալեզու բաժնի ղեկավարի պաշտոնում Ռ.Ալիևայի պաշտոնավարումը խոչընդոտելու է բաժնի օբյեկտիվ և անկողմնակալ գործունեությանը, սակայն հեռուստաալիքի ղեկավարության կողմից այդ ուղղությամբ որևէ գործուն քայլ չձեռնարկվեց»։

Աղբյուրը՝ yerkir.am

Այս խորագրի վերջին նյութերը