Քաղաքական

24.07.2023 09:54


Մարդիկ հացի հերթեր են կանգնում, տրանսպորտը չի աշխատում, աղիքային հիվանդություններ են տարածվել. ինչ վիճակ է Արցախում

Մարդիկ հացի հերթեր են կանգնում, տրանսպորտը չի աշխատում, աղիքային հիվանդություններ են տարածվել. ինչ վիճակ է Արցախում

Արցախում իրավիճակը օրհասական է. մարդիկ հացի համար հերթեր են կանգնում, տրանսպորտն ընդհանրապես չի աշխատում, աղիքային հիվանդություններ են արդեն տաչծվում բնակչության շրջանում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

«Այսօր ոտքով եմ Ստեփանակերտի մի ծայրից գնացել մյուս ծայր, տրանասպորտն ընդհանրապես չի գործում: Մարդիկ դրսում փորձում են սնունդ հայթայթել, հերթեր են կանգնում հացի համար, կաթնամթերք անհնար է գնել, կարող է բնակչության մեկ կամ երկու տոկոսն է կարողանում օգտվել, տավարի, խոզի, գառի միս այլեւս չկա, չգիտեմ՝ ինչքանով կան պաշարներ, բայց չեն կարողանում գյուղից տեղափոխել: Բանջարեղենի գները շատ թանկ են, լոլիկը՝ 2000-2500 դրամ, սոխը՝ 1000-1700 դրամ ու նման գներ են մնացած բանջարեղենի դեպքում, որ բնակչության մեծամասնությունը չի կարող գնել: Այս պահին Արցախում աղիքային վարակի խնդիր կա, հիվանդանոցները լիքն են, բայց մինիմալ բուժօգնություն են ցույց տալիս: Գյուղերից են դժվարանում բերել քաղաք, խնդրում են ռուս խաղաղապահներին, որ ծանր դեպքերը ուղղաթիռով բերեն, բայց էլի մեծ օգնություն չեն կարողանում ցույց տալ»,-ասաց նա:

Հակոբյանի խոսքով՝ այս ամենից զատ ծանր հոգեբանական վիճակ է տիրում քաղաքացիների մոտ:

«Բոլորը հասկանում են, որ մենք այսօր բացի Ադրբեջան կոչված թշնամուց, մենք այսօր ունենք թշնամի, որոնք Երեւանի կենտրոնում են նստած, մարդիկ դա այդպես էլ ընդունում են, որովհետեւ ՀՀ իշխանությունները հավասար թշնամի են, դրան զուգահեռ Արցախի իշխանությունը, որովհետեւ նախագահի պահվածքը մեկ շաբաթ շարունակ մեծ բարկություն են առաջացրել, լավագույն դեպքում ծաղրում են նախագահի հայտարարությունը: Այսինքն ինչ կտրուկ քայլերի մաիսն է խոսքը, ուղղակի մեկ շաբաթ մարդկանց սպասեցնելով մեր երկրի սուբյեկտայնությունն է իջեցնում, երեւի թե Նիկոլի պահանջով»,-ասաց նա:

Պատգամավորի խոսքով՝ Արցախի նախագահը կոնկրետ գործողություններ կատարելով այս պահին հանձնում է Արցախը:

«Մեր պետության պատառիկները, որը մենք մեր կյանքի, մեր առողջության գնով պահել ենք, նախագահը հիմա ՀՀ իշխանությունների հրահանգով վերացնում է, որ երեւի ավելի հեշտ ինտեգրվենք Ադրբեջանին: Իրականում բարկության ալիքը ներսում է, բայց սա չի կարող մնալ, մարդիկ դեռ սպասում են՝ վաղը ինչ կասի եւ դա պոռթկալու է: Այսօր եւ ՀՀ եւ Արցախի իշխանություններին որպես սուբյեկտ չեն դիտարկում»,-ասաց նա:

Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակում ելքը միակն է՝ հեռացնել իշխանություններին ե΄ւ Հայաստանում, ե΄ւ Արցախում:

«Ես արդեն չեմ հավատում, որ սա թուլության կամ չհասկանալու արդյունքում է տեղի ունենում: Հիմա ամենակարեւորը մեր սուբյեկտայնության պահելն ու բարձրացնելն է, որը մենք առաջարկում ենք, այսինքն պետությունը իր բնականոն կյանքով պետք է ապրի, սակայն որն այսօր խաթարված է: Մեր ներքին կյանքն այսօր չի կառավարվում, իսկ մենք ձեռքներս ծալած սպասում ենք հրաշքի, սակայն հրաշք չի լինելու»,-ասաց նա:

Պատգամավորը նշեց, որ Արցախի հարցը նման կերպ փակելուց հետո, հաջորդը Հայաստանն է լինելու, քանի որ Բրյուսելում քննարկվել է Զանգեզուրի միջանցքի, գյուղերի հանձնման եւ ադրբեջանցիների վերադարձման հարցերը, ինչը տարօրինակորեն չի քննարկվում:

Հիշեցնենք, որ Արցախը շրջափակված է 224 օր:

Այս խորագրի վերջին նյութերը