Մեկնաբանություն

21.07.2023 17:50


Արարատ Միրզոյանը չունի Արցախի ճակատագիրը տնօրինելու մանդատ և նրա ներկայացրած «իշխանությունն» առհասարակ լեգիտիմ չէ՛

Արարատ Միրզոյանը չունի Արցախի ճակատագիրը տնօրինելու մանդատ և նրա ներկայացրած «իշխանությունն» առհասարակ լեգիտիմ չէ՛

Նախօրեին շատերը անտարբեր չանցան Նիկոլ Փաշինյանի անձնական ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի կողմից իր շեֆի՝ Արցախն ուրանալու մասին հայտարարությունը կրկնելուն: Այսինքն, որ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և իրենց քպ-ն՝ ամբողջ կազմով, ուրանում են Արցախը, այն ճանաչում են «ադրբեջանական տարածք»: Բնականաբար, սոցցանցերում Արարատ Միրզոյանի հասցեին վիրավորական և հայհոյախոսական արտահայտությունների տարափ տեղաց՝ նրա այդ հայտարարության հետ կապված: Գուցե ոչ այնքան բուռն, որքան Փաշինյանի հասցեին, բայց՝ տեղաց:

Ըստ որում, արձագանքողներից շատերը անգամ չխորացան, թե որտեղ, ինչ առիթով ու ինչ քաղաքական կոնտեքստում էր Նիկոլի ԱԳ նախարարն արել այդ՝ արձագանքողներից շատերի բնորոշմամբ՝ դավաճանական արտահայտությունը: Մինչդեռ դա անչափ կարևոր է:

Բանն այն է, որ Արարատ Միրզոյանը հակապետական ու հակաարցախյան իր այդ հայտարարությունն արել է Վիեննայում ԵԱՀԿ հատուկ մշտական խորհրդի նիստում, որն էլ, իր հերթին, հրավիրվել էր Հայաստանի պահանջով: Այդ նիստում Արարատ Միրզոյանը երկարաշունչ մի ճառ է արտասանել (ցանկացողներն այն կարող են գտնել Նիկոլ Փաշինյանի ԱԳՆ կայքում), որի ամբողջ բովանդակությունը հանգում է հետևյալին՝ Ադրբեջանը ինչ կա-չկա, այդ թվում Հաագայի դատարանի որոշումը, բազմաթիվ կոչերը, պայմանավորվածությունները խախտելով՝ փակել է Բերձորի միջանցքը, Արցախի հայությանը պաշարման (բլոկադայի է ենթարկում)՝ նպատակ ունենալով իրականացնել էթնիկ զտումներ: Նկարագրելով Արցախում ստեղծված ծանր իրավիճակը վառելիքաէներգետիկ, պարենային, հումանիտար առումներով, Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ հատուկ մշտական խորհրդի նիստում խնդրում-աղաչում-պաղատում է, որ «միջազգային հանրությունը» ճնշում գործադրի Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինս բացի «Լաչինի միջանցքը» Կարմիր խաչի և հումանիտար բեռներ տեղափոխելու համար:

Եվ այդ ելույթի ընթացքում Արարատ Միրզոյանը հայտարարում է (որքան էլ կայքի տարածքն ափսոս է՝ դրանց խոսքերը զետեղելու համար, բայց այդ հատվածը մեջբերենք ամբողջությամբ). «Ինչպես վերջերս հայտարարեց ՀՀ վարչապետը, մենք պատրաստ ենք ճանաչել Ադրբեջանի 86.600 քկմ տարածքը, որը ներառում է Լեռնային Ղարաբաղը, սակայն այն ընկալմամբ, որ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի միջազգային մեխանիզմի ներքո՝ Ստեփանակերտ-Բաքու երկխոսության միջոցով: Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը ոչ մի դեպքում չպետք է և չի կարող սխալ մեկնաբանվել և օգտագործվել որպես Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների արտոնություն»:

Սա կա՛մ երեսպաշտության դրսևորում է, կա՛մ անհամարժեքության, կա՛մ տարրական դատողունակություն չունենալու, կա՛մ թշնամու շահերն սպասարկելու: Կամ էլ՝ նշված բոլորը միասին:

Երբ դու հայտարարում ես, որ ճանաչում ես Արցախը որպես «ադրբեջանական տարածք», չես կարող չհասկանալ, որ այդպիսով արդեն ուրանում ես Արցախը, հրաժարվում ես Արցախից, Արցախի հայերից՝ իրենց իրավունքներով հանդերձ, ու արցախահայությանը մատնում ես թշնամու «ողորմածությանը», ավելին՝ թշնամու ձեռքերն ազատում ես՝ Արցախի ու Արցախի հայության հետ իրենց ուզածի պես վարվելու հարցում, զուգահեռ՝ կապակցում ես ձեռքերը մյուս բոլորի, ովքեր թեկուզ իրենց շահերից ելնելով՝ կարող էին Արցախի հայությանն օգտակար լինել: Ի դեպ, իր երկարաշունչ ճառում Արարատ Միրզոյանը ծպտուն չի հանում Արցախի հայության ինքնորոշման իրավունքի մասին: Միտումնավո՛ր ոչինչ չի ասում այդ հիմնարար իրավունքի մասին:

Կարճ ասած՝ Արցախը ադրբեջանական տարածք ճանաչելը իսկը դավաճանություն է, ինչին ներում չի կարող լինել ու չի լինելու, ի դեպ (թող ոչ ոք իրեն հավերժ ու անպատիժ չերևակայի):

Բա՛յց: Հիմնակա՛նը:

Նախ, ո՞վ է Արարատ Միրզոյանը, որ հանդես է գալիս Արցախի ճակատագիրը տնօրինող հայտարարությամբ: Նրան ո՞վ է նման մանդատ տվել:

Երկրորդ. թե՛ Արարատ Միրզոյանը, թե՛ նրա ներկայացրած «իշխանությունը» բացարձակապես լեգիտիմ չեն: Սրանք (Նիկոլ, Արարատ ու մնացյալք) շարունակ հայտարարում են, թե՝ «ժողովուրդն իրենց ձայն է տվել, քվե է տվել...»: Ստո՛պ: Ենթադրենք, իսկապես էլ 680 հազար քվեարկող 2021-ին դրանց քվե է տվել: Դա էլի ժողովուրդը չէ, բայց՝ ենթադրենք, տվել է: Ինչի՞ն է քվեարկել, ի՞նչ նախընտրական ծրագրի:

Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի նախընտրական ծրագրում (այն, ի դեպ, հիմա բավականին դժվար է գտնել համացանցում) հստակ նշված է. «Ա͟ր͟տ͟ա͟ք͟ի͟ն͟ ͟և͟ ͟ա͟ն͟վ͟տ͟ա͟ն͟գ͟ա͟յ͟ի͟ն͟ ͟ք͟ա͟ղ͟ա͟ք͟ա͟կ͟ա͟ն͟ո͟ւ͟թ͟յ͟ա͟ն͟ ͟գ͟լ͟խ͟ա͟վ͟ո͟ր͟ ͟ա͟ռ͟ա͟ջ͟ն͟ա͟հ͟ե͟ր͟թ͟ո͟ւ͟թ͟յ͟ո͟ւ͟ն͟ն͟ե͟ր͟ի͟ց͟ ͟ե͟ն͟ ͟լ͟ի͟ն͟ե͟լ͟ո͟ւ͟ ͟Ղ͟ա͟ր͟ա͟բ͟ա͟ղ͟յ͟ա͟ն͟ ͟հ͟ա͟կ͟ա͟մ͟ա͟ր͟տ͟ո͟ւ͟թ͟յ͟ա͟ն͟ ͟խ͟ա͟ղ͟ա͟ղ͟ ͟և͟ ͟հ͟ա͟մ͟ա͟պ͟ա͟ր͟փ͟ա͟կ͟ ͟կ͟ա͟ր͟գ͟ա͟վ͟ո͟ր͟ո͟ւ͟մ͟ը͟՝͟ ͟ա͟ր͟ց͟ա͟խ͟ա͟հ͟ա͟յ͟ո͟ւ͟թ͟յ͟ա͟ն͟ ͟ի͟ն͟ք͟ն͟ո͟ր͟ո͟շ͟մ͟ա͟ն͟ ͟ի͟ր͟ա͟վ͟ո͟ւ͟ն͟ք͟ի͟ ͟ի͟ր͟ա͟ց͟մ͟ա͟ն͟ ͟մ͟ի͟ջ͟ո͟ց͟ո͟վ͟, Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումը, ինչպես նաև մշակութային և կրոնական ժառանգության պահպանումն ու հումանիտար խնդիրների լուծումը»:

Մտցրեք դրանց աչքը՝ «արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացման միջոցով»: Իրենք են խոստացել, իրե՛նք են գրել իրենց նախընտրական ծրագրում: Ու քվե են ստացել դրա՛, այլ ոչ թե դրա հակառակն անելու, ինքնորոշման իրավունքից հրաժարվելու համար:

Ըստ այնմ, ի դեմս Նիկոլ Փաշինյանի ու նրա ՔՊ-ի՝ գործ ունենք ապօրինի վարչախմբի, իշխանազավթիչների, առնվազն՝ ոչ լեգիտիմ իշխանության հետ: Այսինքն, այդ անօրինական խորհրդարանը՝ իր մեծամասնությամբ, պետք է անհապաղ լուծարվի: Իրենց ոչ մեկը քվե չի տվել Արցախն ուրանալու համար, իրենց ոչ մեկը մանդատ չի տվել Արցախը ադրբեջանական տարածք հռչակելու համար:

Ուստի ամենից առաջին բանը, որ պետք է անել, դա իշխանությունից Նիկոլ Փաշինյանին ու նրա խմբակին անհապաղ հեռացնելն է՝ հաջորդիվ անխուսափելի քաղաքական ու քրեական հրապարակային պատասխանատվության ենթարկելով: Միայն այդ դեպքում է հնարավոր լուծել մյուս բոլոր օրախնդիր հարցերը:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը