Մեկնաբանություն

20.07.2023 15:35


Աո՜ւ... «մարդասեր», «բնապահպան», «իրավապաշտպան» ՀԿ-ներ...

Աո՜ւ... «մարդասեր», «բնապահպան», «իրավապաշտպան» ՀԿ-ներ...

Պաշարված Արցախը բառացի աղետի մեջ է: Օտարամոլների բառամթերքով ասած՝ «հումանիտար աղետ» է: Ոչ թե աղետի շեմին է, ոչ թե՝ աղետ է սպառնում, այլ հենց աղետ է, որ կա:

Ինչու է և ինչպես է ձևավորվել այդ աղետը, այս խայտառակ վիճակը, հանրահայտ է: Առնվազն մեր ընկալմամբ՝ առաջին ու հիմնական խնդիրն այն է, որ Հայաստանի իշխանությունն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն ու նրա քպ-ն հրապարակավ ուրացել են Արցախը, այն ճանաչել են «ադրբեջանական տարածք»: Իսկ թշնամին՝ ադրբեջանական հանցագործ իշխանությունն էլ դրանից է՛լ ավելի ոգևորված, շրջափակել, ապա լիովին պաշարել է Արցախը՝ հայությանը մատնելով կա՛մ սովի ու բնաջնջման, կա՛մ սովահար անելով՝ բռնագաղթի:

Այս օրերին ով ասես, որ այդ իրավիճակի մասին չի արտահայտվել: Անգամ փաշինյանական իշխանությունը, որը հիմնական մեղավորն է այս ամենի, մեկումեջ հայտարարություններ է անում, ինչ-որ կոչեր, աղերսանքներ է հղում «միջազգային հանրությանը»:

Նույնիսկ Նիկոլ Փաշինյանի տիկինը յուրովի արձագանքեց Արցախում ստեղծված իրավիճակին: Մասնավորապես, հրաշալի իմանալով, որ Արցախում մեր հայրենակիցները կիսասովահար վիճակում են՝ Աննա Հակոբյանը, ուրախ-զվարթ տոնայնությամբ, սոցցանցում զետեղեց լուսանկարներ առ այն, թե կառավարական առանձնատների իր բոստանում ինչ «բանջարեղեններ» են աճել, որոնց հիման վրա էլ ամուսնու համար ընթրիք է պատրաստել: «Բանջարեղեններ»-ով: Շատերը դա որպես ծաղր ու ցինիզմ ընկալեցին, բայց դա էլ է արձագանք:

Մինչդեռ, այս ամբողջ ընթացքում այդպես էլ ոչ մի ծպտուն չլսվեց ու չի լսվում այսպես ասած՝ «քաղաքացիական հասարակության» շրջանակներից կամ, եթե կուզեք՝ համայնքից: Ոչ մի:

Խոսքը այն տասնյակ ու տասնյակ «հասարակական կազմակերպությունների» մասին է, որոնք, օտարերկրյա դրամաշնորհների վրա առատորեն աճեցին ու բազմացան հատկապես վերջին 15 տարվա ընթացքում: Է՛լ բնապահպանական ՀԿ-ներ, է՛լ կանանց իրավունքների պաշտպանության ՀԿ-ներ, է՛լ երեխաների իրավունքների պաշտպանության ՀԿ-ներ, է՛լ էկոակտիվիստներ (մասնագիտություն է, հասկանո՞ւմ եք), է՛լ պարզապես իրավապաշտպան ՀԿ-ներ: Ինչպես սնկերն անձրևից հետո, չնայած այս դեպքում ավելի տեղին կլիներ ժողովրդական մեկ այլ խոսք. «Շնից շատ են, գելից՝ քիչ»: Բայց դա էլ մի կողմ:

Սույն, գրանտային ՀԿ-ներն ու նրանց այլազան ներկայացուցիչները մի այլ կարգի աշխուժակություն էին ապահովում «նախկինների» ժամանակ: Ինչ լիներ-չլիներ, սրանք առաջին շարքերում էին. է՛լ մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ պայքար, է՛լ «Մաշտոցի պուրակի» պաշտպանություն, է՛լ չգիտես, թե ինչ: «Ամուլսարը սար է մնալու»: Ասում էին ու գնում-վրանավորվում, թե՝ թույլ չենք տա սարը ոսկու հանքավայրի վերածել: Ու թույլ չտվեցին: Բայց հետո, երբ իշխանության եկավ իրենց սիրելի Նիկոլ Փաշինյանը, նրանք բոլորը, ասես պարգևավճարի կախարդական փայտիկի շարժումով, կորան, չքացան, անէացան, ու Ամուլսարը հանգիստ վերածվում է չսարի: Մի խոսքով...

Ահա այս բոլոր գրանտային ՀԿ-ները, որ կրկնենք, տասնյակներով էին բազմացվել (հասկանալի է, թե ինչի համար և ինչական ծագման գումարներով), հիմա ոչ մի կերպ չեն դրսևորվում: Պետք է ենթադրել, որ իրենց՝ այդ ՀԿ-ների ղեկավարներին միանգամայն հաճելի է այն, ինչ կատարվում է Արցախում: Դե, իհարկե, չէ՞ որ Արցախում սովի մատնվածների մեջ ո՛չ երեխաներ կան, ո՛չ կանայք, որոնք նույնպիսի իրավունքներ ունեն, ինչպես ցանկացած մարդ այս երկրի երեսին: Երևի չկա՞ն, որ ժամանակին 1 թփի համար իրենց ցուցադրաբար պատառոտող ակԾիվիստներից ոչ մեկը ոչ մի ծպտուն չի հանում:

Թե՞, Սորոս պապին նրանց դրա համար փող չի տվել, իսկ իրենք աղկում են միայն այն դեպքում, երբ իրենց գրանտներով սնուցում են: Կամ էլ, ադրբեջանական իշխանությունները (չի բացառվում, ի դեպ, որ չերեզ Սորոս, հենց Ալիևն էր սրանց ֆինանսավորում), պաշարելով ու սովի մատնելով Արցախի հայությանը, կատարում են գրանտակեր ՀԿ-ների մանկության երազանքը: Չէ՞ որ սրանք բոլորը խորապես ատում են թե՛ Արցախը, թե՛ Արցախի հայերին, թե՛ առհասարակ հայերիս ու Հայաստանը: Առնվազն՝ թքած ունեն...

Այ, թողնես, ժամերով ինչ-որ շունիկի իրավունքներից կիսալացակումած կճամարտակեն, աղի վնասակարությունից, տրանսգենդերների իրավունքներից ու նման բաներից: Իրենք իսկը «Նիկոլի վկաներ» են:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը