Մեկնաբանություն

17.07.2023 17:45


Համախմբված ենք, բայց ո՞րն է անելիքը, ի՛նչ լուծում ենք պատկերացնում

Համախմբված ենք, բայց ո՞րն է անելիքը, ի՛նչ լուծում ենք պատկերացնում

Արցախում, գործող իշխանության, մասնավորապես, պետնախարար Գուրգեն Ներսիսյանի ակտիվ մասնակցությամբ բազմամարդ հավաքները, ինչ խոսք, այս օրերին առնվազն ուշադրություն են գրավում, իսկ ազգային շրջանակներին էլ, կարծում ենք, մղում են ակտիվանալու:

Հասկացողներին թերևս իմաստ չունի բացատրել, որ Արցախի մեր քույրերն ու եղբայրները օրհասական վիճակում են: Իսկ չհասկացողներին, ավելի վատ՝ Արցախի հայության այդ վիճակի վրա ուրախացող Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներին ընդհանրապես իմաստ չունի որևէ բան բացատրել:

Ինդ վերաբերում է Արցախի իշխանություններին, ապա նրանք գրեթե ամենն ասում են, բացի մեկ բանից. չեն նշում այս ամենի իրական մեղավորին՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի ու նրա գլխավորած ՀՀ իշխանության: Թեպետ ակնարկներ կան. օրինակ, ելույթներում դիմում են Հայաստանի բնակչությանը, այլ ոչ՝ իշխանությանը: Կամ, օրինակ, կրկնում են ԼՂՀ ԱԺ ավելի վաղ արած հայտարարությունը, որ առանց Արցախի հայության ինքնորոշման իրավունքը նկատի առնելու կամ զիջողական համաձայնությունները, որոնք կկայացվեն, առ ոչինչ են:

Բայց այս ամենի հետ կապված կան այլ հարցեր ևս: Արցախի հավաքների նախաձեռնողները չեն նշում, թե որն է իրենց պատկերացրած լուծումը: Շարունակ համախմբման կոչեր են հնչում: Բարի, համախմբված ենք, բայց ո՞րն է անելիքը, ի՛նչ լուծում են պատկերացնում նախաձեռնողները, նրանց կոչերին արձագանքող մեր հայրենակիցները:

Ենթադրենք, Արցախի ներկայիս իշխանությունները չեն ցանկանում նշել Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության պատասխանատվությունը, որովհետև ա) մինչև որոշակի փուլը, շատ հնարավոր է՝ մինչև հիմա, նույն Նիկոլ Փաշինյանի կամակատարներն են իրենք, բ) չեն նշում, որովհետև ֆինանսական կախվածության մեջ են, այսինքն՝ ինչ-ինչ գումարների հատկացումներ և այլն, կարող են դադարեցվել, եթե Ստեփանակերտից քննադատեն Երևանին: Չնայած, այդ պահն էլ է ինչ-որ տեղ անհասկանալի. Ստափանակերտում ի՞նչ պետք է անեն ՀՀ բյուջեից հատկացվող գումարները, եթե խանութներում գրեթե ոչինչ չկա կամ կենսապահովման միջոցները անհասանելի են, վերջիվերջո հո թուղթ փողը չեն այրելո՞ւ, որ ջերմություն ստանան:

Պետք չէ մեծ կանխատեսող լինել, հասկանալու համար, որ ստեղծված իրավիճակում կա ընդամենը մի քանի տարբերակ: Առաջինը՝ Արցախի հայությունը բռնագաղթի է ենթարկվում, Արցախը հայաթափվում է ու թրքացվում, ոչնչացվում են բնիկ հայության բազմահազարամյա գոյության պատմամշակութային հազարավոր հուշարձանները, խաչքարերը և այդպես շարունակ, իսկ Արցախի բռնագաղթած հայությունն էլ տարրալուծվում է ՀՀ-ում կամ հեռանում է օտար երկրներ:

Երկրորդ տարբերակը՝ Արցախի հայությունը, բացարձակապես լքված Հայաստանի ու Սփյուռքի կողմից, ենթարկվում է ֆիզիկական բնաջնջման, կոտորվում է թշնամու կողմից:

Կա երրորդ տարբերակը, Արցախի հայությունը «ինտեգրվում» է Ադրբեջանի կազմ ու մասամբ բռնագաղթում, մասամբ բնաջնջվում ԱՄՆ-ի ու Եվրամիության ցնծագին հայացքների ներքո, բայց ոչ թե միանգամից այլ, ենթադրենք մի երկու-երեք տարվա ընթացքում:

Հարկավ, կա նաև 4-րդ տարբերակը. Արցախի հայությունը դիմակայում է, անխուսափելի ֆիզիկական ագրեսիային էլ է դիմակայում ու, կիսապարտիզանական կռիվներ մղելով, ճարահատյալ հաղթում է կամ կռվելով է բնաջնջվում:

Կա նաև հիմնական տարբերակը. Ստափանակերտում ու Երևանում հայությունը, հախուռն, թե կազմակերված (արդեն կարևոր չէ) ձերբազատվում է պարտություն ու նվաստացում բերած իշխանություններից, ձևավորում է Ազգային փրկության կոմիտե ու նվաճում իր ու իր սերունդների՝ գոյություն ու պետություն ունենալու իրավունքը:

Պարզ է մի բան. քանի դեռ իշխանության ղեկին են Նիկոլ Փաշինյանը, իսկ Արցախում՝ նրա կամակատարները, Հայաստանը և հայությունը կործանման ու ոչնչացման ընթացքի մեջ են լինելու: Որևէ հեռանկարի ցանկացած տարբերակի առաջին քայլը ապազգային (եթե ավելին չասվի) իշխանություններից ձերբազատվելն է:

Արթուր Խայթ

Այս խորագրի վերջին նյութերը