Մեկնաբանություն

17.07.2023 18:35


Բրյուսելն ու Մոսկվան նշում են այս դժոխքի գլխավոր մեղավորին՝ Նիկոլ Փաշինյան

Բրյուսելն ու Մոսկվան նշում են այս դժոխքի գլխավոր մեղավորին՝ Նիկոլ Փաշինյան

Ի՞նչ տվեցին Բրյուսելում Եվրախորհրդի նախագահ Շառլ Սիշելի «բարձր հովանու ներքո» Ադրբեջանի ղեկավար Ալիևի ու ադրբեջանաթուրքական շահերի սպասարմամբ զբաղված Նիկոլ Փաշինյանի հանդիպում-բանակցությունները: Սկզբունքորեն, այդ հանդիպումը չէր կարող որևէ բան տալ Հայաստանին, առավել ևս՝ Արցախին: Իսկ ի՞նչ կարող է տալ Հայաստանին ու, առավել ևս՝ Արցախին մի հանդիպում, որտեղ ո՛չ Հայաստանի, ո՛չ Արցախի, ոչ էլ հայության շահերը ներկայացված չեն ու ներկայացնող էլ չկա: Այդ ո՞վ պիտի ներկայացներ, Նիկոլ Փաշինյա՞նը: Ինչպե՞ս կարող է մեկը ներկայացնել հայկական շահեր, եթե նա հայտարարում է, որ Արցախը ադրբեջանական է: Նա, առավելագույնը, կարող է սպասարկել թշնամիների շահերը, հանուն իր՝ ոչ մի արժեք չունեցող ֆիզիկական գոյության ու իր մաշկի անվտանգության ապահովման: Նաև՝ անձնական շահի:

Ինչևէ, առանց հայկական ներկայության, թշնամիները սեղանին են դրել Հայաստանն ու Արցախը և դանակն առած, փրթում ու կտրտում են, ինչպես քեֆները տա:

Շառլ Միշելը հայտարարում է, թե ինքը նշել է Աղդամով հումանիտար մատակարարումներ անելու Ադրբեջանի պատրաստակամությունը: Չէ, դուք հասկանո՞ւմ եք, 21-րդ դարի երրորդ տասնամյակում ավելի քան 100 հազար մարդու, բացառապես ազգային պատկանելության պատճառով սովամահության ու առհասարակ, մահվան մատնող տոտալ բլոկադայի ենթարկող ադրբեջանական իշխանության «ջանքերը» ինչ-որ եվրոպական առաջնորդ բարձր է գնահատում, հատուկ նշում է անում:

Եվ ամեն պարագայում. Բրյուսելը նշում է այս դժոխքի հիմնական մեղավորին կամ պատասխանատուին: Դա Նիկոլ Փաշինյանն է: Նա է, քանի որ նա՛ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու այդ ամբողջականության մեջ՝ Արցախը, ինչից հետո որևէ այլ բանի մասին խոսելն անիմաստ է ու վերածվում է «Ադրբեջանի ներքին խնդիրների» քննարկման:

Գրեթե նույն բանը հայտարարում է նաև Արևմուտքի հետ թշնամական հարաբերություններ ունեցող Ռուսաստանի ԱԳՆ-ն: Ավելի պարզ հնարավոր չէ ասել կամ «դուզ խոսքն էշին են ասում» տարբերակով: Այսպես ՌԴ ԱԳՆ-ն: Խնդրեմ, հիացեք. «2022թ. հոկտեմբերին և 2023թ. մայիսին Եվրամիության հովանու ներքո անցկացված գագաթաժողովներում Հայաստանն ընդունել է Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածքի մաս։ Մենք հարգանքով ենք վերաբերվում հայկական ղեկավարության ինքնիշխան որոշմանը, սակայն դա արմատապես փոխել է հիմնարար պայմանները, որոնց պարագայում է ստորագրվել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ինչպես նաև Ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման որոշումը»:

Հասկանալի՞ է: Բոլոր կորուստների, մահերի, սպանությունների, աղետների համար գնացեք ու լպստելով շնորհակալություն հայտնեք ձեր սիրելի կուռք Նիկոլ Փաշինյանին, ումի՞ց եք ի՞նչ ուզում: Հա, ու չասեք, թե՝ «էս ռուսնե՞րն ինչու մի կողմ քաշվեցին»:

Մարդիկ ասում են՝ ձեր Նիկոլ Փաշինյանը ճանաչել է, իրավիճակը արմատապես փոխվել է:

Հիմա. ուզո՞ւմ եք շարունակել մնալ դժոխքում, ուզո՞ւմ եք կոտորվել, ձեր իրավունքն է: Ի դեպ, ոմանք կարծում են, թե շատ լավ կլինի, որ Ռուաստանը տարածաշրջանից հեռանա: Էհ, Ռուսաստանն այնքա՜ն հեռանալու տեղեր ունի, որ էլ ասելու չէ: Եվ իսկապես էլ՝ լավ կլինի... թուրքերի, ադրբեջանական թուրքերի համար: Իսկ հայերի... Իսկ հայեր չեն լինի, ու Հայաստան էլ չի լինի, եթե այս ամենը հանդուրժենք:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը