Քաղաքական

14.07.2023 16:55


Ինչո՞ւ պետնախարարի ելույթի մեջ կային բոլորը, բայց չկային ՀՀ իշխանությունները. Մետաքսե Հակոբյան

Ինչո՞ւ պետնախարարի ելույթի մեջ կային բոլորը, բայց չկային ՀՀ իշխանությունները. Մետաքսե Հակոբյան

Հանրահավաքին եղել եմ, բայց բավականին շատ տարակուսելի բաներ կային: Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության քարտուղար Մետաքսե Հակոբյանը:

Հիշեցնենք, որ վաղ առավոտից Արցախի Հանրապետության քաղաքացիները հավաքվել են Ստեփանակերտի հրապարակում։

Նման կոչով էր հանդես եկել երկրի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։

Նախորդիվ տարածված հայտարարության մեջ նշում էր, որ հումանիտար իրավիճակն Արցախում օր օրի վատանում է, իսկ այսպես շարունակվելու դեպքում լինելու են ծանր ու անդառնալի հետևանքներ։ Ուստի սկսում են համաժողովրդական անժամկետ շարժում:

«Առաջինը, ինչ հարցեր է առաջացնում, թե ինչու երկրի նախագահը չէր խոսում ժողովրդի հետ, ռազմական դրության ժամանակ ինչու երկրի գլխավոր գերագույն հրամանատարը չէր խոսում ժողովրդի հետ, ինչու չկար հստակ ծրագիր, եթե դա ժողովրդական շարժում էր, ինչու չկար հստակ ծրագիր և օրակարգ, ինչու պետք է մարդիկ որոշեին ինչ անել՝ առանց հասկանալու նպատակը և վերջնարդյունքը, ինչու պետնախարարի ելույթի մեջ կային բոլորը, բայց չկային ՀՀ իշխանությունները, ինչու բանակցային գործընթացից մեկ օր առաջ չկար Արցախից հստակ մեսիջ բանակցային սեղանի շուրջ նստողին:

Այս ամենը բազմաթիվ հարցեր և մտահոգություններ են առաջացնում, կարելի է տարբեր ենթադրություններ անել, բայց ես այս փուլում զերծ կմնամ:

Փոխանակ դիմեն իրենց Հայաստանի գործընկերներին, ինչու է Պետնախարարը հայտարարում, որ այն ինչ անում ենք, դա քաղաքական գործընթաց չէ, դա մեղմ ասած անլրջություն է, որովհետև այն, ինչ կատարվում է Արցախում, դա հենց այդ քաղաքական գործընթացների արդյունքն է, ինչը վարում են ՀՀ իշխանությունները: Փաստացի սեղանին դնում են Արցախի հանձնումը:Այս բոլոր հարցերը շատ մեծ կասկածների տեղիք են տալիս, որտեղից է ուղղորդված այս ամենը, արդյոք սա այս կեղեքված ժողովրդի հերթական օգտագործումը չէ»,-ասաց պատգամավորը:

Ինչ վերաբերում է շարժման հետագա քայլերին, Հակոբյանն ասաց, որ դժվար է ինչ-որ բան կանխագուշակել, քանի որ իշխանությունները իրենց որոշումների մասին ոչինչ չեն հայտնում:

Իսկ արդյոք ստեղծված իրավիճակն ու Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանի մեջ կարելի է զուգահեռներ անցկացնել, թե ոչ, Մետաքսե Հակոբյանը պատասխանեց.

«Չեմ ուզում կապել ինչ-որ բանի հետ, բայց լուրջ պրոցես է տեղի ունենում, կարծես վերջին քայլերն են տեղի ունենում, որը օգուտ չի լինելու Արցախին»,-եզրափակեց նա:

Այս խորագրի վերջին նյութերը