Մեկնաբանություն

13.07.2023 13:30


Փաշինյանական ռեժիմի խորհրդանշական զոհը

Փաշինյանական ռեժիմի խորհրդանշական զոհը

Այսօր պրոդյուսեր ու պարզապես լավ հայ մարդ Արմեն Գրիգորյանի ծննդյան օրն է: Մարդ, ով իր ժողովրդի համար ամենածանր տարիներին ձգտում էր ինչ-որ ուրախություն պարգևել մարդկանց՝ նաև դրանով նրանց փոխանցելով հույս և այդպես օգնելով դիմակայել ու հաղթել:

Արմեն Գրիգորյանը, առանց շրջասացությունների, առճակատ և ուղիղ արտահայտում էր իր վերաբերմունքը Արցախն ու Հայաստանն աղետած, գլխակեր իշխանության ու դրա պարագլխի նկատմամբ: Հատուկ չենք նշում անունը: Դահիճի անունը հարիր չէ զոհվածի անվան հետ առնվազն նույն նախադասության մեջ հիշատակել:

Այսoր Արմեն Գրիգորյանի ծննդյան օրն է: Իսկ հուլիսի 15-ին, այսինքն՝ վաղը չէ մյուս օրը՝ Արմեն Գրիգորյանի մահվ... սպանությա՛ն տարելիցն է:

Իշխանություն կոչվածի հասցեին մի շարք սուր, բայց տեղին բնորոշումներից հետո, որ Արմեն Գրիգորյանը հնչեցրել էր հրապարակավ, նաև նրա հասարակական ակտիվության հետ կապված, նիկոլական մարդատյաց և հայատյաց ռեժիմը սկսեց քաղաքական հետապնդում իրականացնել նրա դեմ: Ի վերջո, ինչ-որ շինծու պատրվակով Արմեն Գրիգորյանին մեղադրանք ներկայացրեցին և կալանավորեցին: Սա, չնայած այն բանին, որ նույնպիսի մեղադրանքների դեպքում նիկոլական ռեժիմը մեկ այլ մեղադրյալի դեպքում նման սանկցիա չկիրառեց, որովհետև... այդ մյուս գործով մեղադրվողն իրենցից էր:

Իսկ Արմեն Գրիգորյանին կալանավորեցին, չնայած առողջական վիճակին: Հասկանալի է, որ դա արվեց անձամբ Փաշինյանի հրահանգով: Եվ անողներն էլ շատ լավ հասկանում էին, որ այդպիսով կարող են ուղղակի սպանել մարդուն: Եվ սպանեցին: Այո՛, Նիկոլ Փաշինյանն ու նրա բոլոր իշխանավորներն անխտիր մարդասպաններ են, և միայն Արմեն Գրիգորյանի սպանության կամ արյան մեղքի տակ չեն նրանք, այլ հազարավոր հայերի:

Արմեն Գրիգորյանը հուլիսի 15-ին սպանվեց հենց դատարանի դահլիճում:

Այո՛, նշվում է, որ նա դատարանի դահլիճում հանկարծամահ եղավ, բայց դա, մեծ հաշվով ու ըստ էության՝ սպանություն էր:

Նիկոլ Փաշինյանի ռեժիմի պայմաններում, որքան էլ որ այն արևմտյան պաշտոնյաները գուրգուրեն և հռչակեն «ժողովրդավարական... բլա-բլա-բլա...», բանտում պահվող կալանավորը, ով նաև լրատվական գործունեության հետ ուղիղ կապ ուներ, հացադուլից մահացել է («ժողովրդավարության» երկրպագուները ծպտուն իսկ չեն հանել): Փաշինյանական «ժողովրդավարության» պայմաններում դատարանի դահլիճում մահացել է Արմեն Գրիգորյանը...

Ու նա այս անագորույն ռեժիմի խորհրդանշական զոհն է, եթե կարելի է այդպես ասել:

Փաշինյանական ռեժիմը սպանեց, մահվան հասցրեց մի մարդու, ով հանրային դեմք էր և հրապարակավ հանդես էր գալիս իշխող ռեժիմի դեմ, ով պայքարում էր, որ այդ ռեժիմը հեռացվի: Ու շատ վատ է, որ հիմա անգամ չենք կարող Արմեն Գրիգորյանին ասել՝ «ննջիր խաղաղությամբ»: Չենք կարող, քանի որ դրա համար չենք արել հիմնականը:

Փաշինյանական ռեժիմը մահվան հասցրեց մի մարդու, որովհետև այդ ռեժիմը տանել չի կարողանում խոսքի ազատությունը, քանի որ այդ ռեժիմը ազատությունների ու իրավունքների երդվյալ թշնամի է, վատթարագույնը՝ բռնապետական ռեժիմներից: Սա արնածաղրային շաղախով հակահայ բռնապետություն է:

Եվ խորհրդանշական է, որ հենց դատարանի դահլիճում տեղի ունեցավ Արմեն Գրիգորյանի սպանությունը: Վերջին հաշվով, արդեն մոտ 3 տարի Նիկոլ Փաշինյանն ու նրա կատարածուները լծված են Հայաստանում դատարանները վերացնելու, դրանք իրենց բացարձակ իշխանության կրնկի տակ դնելու սև գործին:

Սա մահաբեր-գլխակերների իշխանություն է: Ընդդիմախոսին դատարանի դահլիճում է սպանում: Երիտասարդ հղի կնոջն ու նրա չծնված երեխային՝ Փաշինյանի ավտոշարասյան անիվների տակ ճզմելով է սպանում...

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը