Մեկնաբանություն

13.07.2023 10:25


Արցախն ուրացողները ումից են ինչ ակնկալում

Արցախն ուրացողները ումից են ինչ ակնկալում

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ցինիզմի շշմեցուցիչ դրսևորումներ ունի: Մինչ այժմ եղած դրսևորումների շարքում ցինիզմի գագաթնակետը Փաշինյանի այն հայտարարությունն է, թերևս, թե «ամեն դեպքում նույնն էր լինելու, բայց առանց զոհերի...»:

Ոչ պակաս ցինիզմ է, երբ Արցախը հրապարակավ ուրացողները սկսում են այլոց ինչ-որ պահանջներ ներկայացնել, «մուննաթ գալ», ինչպես ասվում է:

Խնդրեմ, թարմ օրինակ է Նիկոլ Փաշինյանի իշխանության կարկառուն ներկայացուցիչներից ԱԽ քարտուղարի՝ «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում արած հայտարարությունը՝ Բերձորի միջանցքի վերաբերյալ: Փաշինյանի իշխանության ներկայացուցիչն ասում է, թե 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ «Լաչինի միջանցքում» Ադրբեջանի ներկայություն չէր նախատեսվում, և ռուսական խաղաղապահ ուժերի խնդիրն էր, որ այդ միջանքով ազատ տեղաշարժ լինի:

Փաշինյանի իշխանության ներկայցուցիչը նաև հայտարարում է, որ հիմա այդ տեղաշարժը չկա, և իրենց ակնկալիքն այն է, որ խաղաղապահներն ամբողջությամբ իրականացնեն իրենց առաքելությունը, Լեռնային Ղարաբաղում ապրող մարդիկ չկանգնեն հումանիտար այսպիսի ճգնաժամի առաջ, որովհետև շարունակական ճգնաժամը խորանում է:

Սա բացարձակ ցինիզմի օրինակ է:

Ո՞վ է այս մասին խոսում, Նիկոլ Փաշինյանի իշխանության ներկայացուցի՞չը, ըստ էության՝ Նիկոլ Փաշինյա՞նը:

Իսկ ո՞վ, ո՞ր իշխանությունն է արել ամեն ինչ, որպեսզի ա) Ադրբեջանը պատերազմ սկսելու լեգիտիմ առիթ ստանա, բ) այդ պատերազմում ունենա կոնկրետ ձեռքբերումներ, գրավի Արցախի որոշակի հատվածը, ներառյալ՝ Հադրութը, Շուշին:

Առավել ևս, այդ ո՞վ է խոսում, Նիկոլ Փաշինյա՞նը (կամ նրա ներկայացուցիչը): Այսինքն՝ այն իշխանությունը, որը փաստաթուղթ է ստորագրում, որ զորքերը կանգնում են այդ պահին զբաղեցրած դիրքերում, որից հետո, սեփական նախաձեռնությամբ ահռելի տարածքներ է առանց կրակոցի զիջում Ադրբեջանին, ինչի հետևանքով թշնամական ուղիղ հարվածի տակ է դնում Կապանը, Գորիսը՝ մերձակա բնակավայրերով ու ենթակառուցվածքներով հանդերձ:

Այն իշխանությունը, որը սեփական նախաձեռնությամբ, ահաբեկելով ու ճնշումներ գործադրելով, «փոխհատուցումներով» կտեր տալով, բացարձակապես թուլացնում է նույնիսկ Բերձորի միջանցքը, հայաթափում է Բերձորը, ապա՝ Աղավնոն, այսինքն՝ թշնամուն էստի համեցեք է անում և հնարավորություն է տալիս դիրքավորվել ու վերահսկողության տակ առնել Հայաստանն Արցախին կապող ճանապարհը:

Ի լրումն, Նիկոլ Փաշինյանը, իր մարմնի կենսաբանական գոյության ինչ-ինչ երաշխիքների դիմաց՝ Արևմուտքի «քավորությամբ», պայմանավորվում է Էրդողանի ու Ալիևի հետ (2022, հոկտեմբեր, Պրահա), որ Արցախը ճանաչում է ադրեջանական:

Դրանից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանության ցանկացած ներկայացուցչի կողմից Արցախի մասին խոսելը առնվազն երեսպաշտություն է և ցինիզմ:

Իսկ Արցախի մասին սրանց «մտահոգությունները» հանգում են միայն մի զզվեցրած երգի, թե «դա ռուսական խաղաղապահ ուժերի խնդիրն» է: Կարելի է կարծել, Արցախում ՌԴ քաղաքացիներ են ապրում կամ ռուսազգի մարդիկ, այլ ոչ թե ուղնուծուծով հայե՛ր՝ մեր եղբայրներն ու քույրերը, արցախցիները:

Մի խոսքով՝ ի՞նչ ակնկալիքներ կարող են ունենալ որևէ մեկից կոնկրետ նրա՛նք, ովքեր ուրացել են Արցախը: Եղած խայտառակ վիճակը ուղիղ հետևանք է Նիկոլ Փաշինյանի իշխանության վարած դավաճանական, զիջողական, պատերազմաբեր «խաղաղության» քաղաքականության:

Արթուր Խայթ

Այս խորագրի վերջին նյութերը