Մեկնաբանություն

12.07.2023 17:30


Նիկոլ Փաշինյանի բերած աղետային «նախանշանները»՝ ընդհանուր աղետի պայմաններում

Նիկոլ Փաշինյանի բերած աղետային «նախանշանները»՝ ընդհանուր աղետի պայմաններում

Առանց հատուկ դիտարկումներ անելու էլ ակնհայտ է, որ վերջին օրերին Ալիևը կրկին ակտիվացել է, իսկ ադրբեջանական կողմի ագրեսիվ գործողությունների ինտենսիվությունն՝ աճել: Մե՛կ Արցախի տարբեր հատվածներում են կրակ բացում, մե՛կ ՀՀ նեղացված սահմանի: Վերջինն, օրինակ, Տեղի դիրքերի ուղղությամբ էր ու Շուշիի մատույցներում:

Ի լրումն, Ալիևն այնտեղից է վերջնագրային շեշտադրումներով հայտարարություններ անում, Էրդողանը՝ մյուս կողմից: Ադրբեջանական կողմը նաև Արցախի գազամատակարարման խողովակաշարի «վինծիլի» հետ է խաղում, մի քանի ժամով բացում է, ինչ-ինչ «եվրայոնջաների» (ինչպես նախկինում Նիկոլ Փաշինյանն էր նրանց անվանում) ինչ-ինչ ոգևորված հայտարարություններ ստանում, ապա նորից փակում:

Իսկ նախօրեին էլ ադրբեջանական կողմը արգելափակեց անգամ Կարմիր խաչի մեքենաների երթևեկը՝ Բերձորի սիջանցքով:

Եվ չնայած այս բոլոր գործողությունները հիմնականում արվում են ադրբեջանական իշխանությունների կողմից, դրանց ամենաուղիղ պատասխանատուն ու հիմնապատճառը Նիկոլ Փաշինյանն է, ավելի ճիշտ այն, որ Հայաստանի իշխանության ղեկին Նիկոլ Փաշինյանն է։ Նա, ով խոսում է նույնը, ինչ թշնամին, նա, ով թշնամուն ձայնակցած, հայտարարում է, թե Արցախը ադրեջանական է: Այն ամենը, ինչ կատարվում է, հստակ հետևանք է նրա նման հայտարարությունների ու թշնամաշահ մոտեցումների:

Ավելին, փաշինյանական վարչախումբը կատաղի քարոզչական տեռորի է անցել և բնակչությանը ահաբեկում է պատերազմով (կարելի է կարծել, թե եղածն ի՞նչ է, էլի, կամ այս 3 տարի է՝ ինչ վիճակի մեջ ենք)՝ դա փոխկապակցելով ամենատարբեր երևույթների, քաղաքական ու հասարակական դրսևորումների հետ: Արդեն քիչ է մնում Նիկոլն ու ՔՊ-ականները հայտարարեն, որ եթե հենց այսօր բոլորով Դավթաշենի կամ Կիևյան կամուրջներից չնետվենք, պատերազմ կսկվի:

Բայց չշեղվենք ադրբեջանական վերջին ագրեսիվ դրսևորումներից:

Դրանք, բացի այն, որ հետևանք են Նիկոլ Փաշինյանի խաղաղամուրական «դիրքորոշումների», պայմանավորված են նաև այն հանգամանքով, որ առաջիկա օրերին, կրկին Արևմուտքի հովանու ներքո, նախատեսված է Նիկոլ Փաշինյանի ու նրա սիրելի գործընկեր Ալիևի հանդիպումը:

Հիմնականում հենց այդ «բանակցային» հանդիպման հանգամանքով են պայմանավորված իրավիճակի լարվածությունն էլ ավելի մեծացնելուն նպատակաուղղված ադրբեջանական դրսևորումները:

Ճիշտ է, դա ադրբեջանական կողմի մշտական տակտիկան է, գործելակերպը, բայց թույլ տանք մեզ ենթադրել, որ այս պարագայում դա նաև այլ «շերտեր» ունի:

Մասնավորապես, չի կարելի բացառել, որ դա նաև պայմանավորված խաղ է: Խաղ՝ Ալիևի ու Փաշինյանի միջև, բնականաբար, հայ մարդկանց արյան ու կյանքի հաշվին ու վրա: Այնպես որ, դրանք Նիկոլ Փաշինյանի բերած աղետային «նախանշաններն» են՝ ընդհանուր աղետի ու անկման պայմաններում:

Այսինքն, Ալիևը, Փաշինյանի հետ պայմանավորված, ավելացնում է ագրեսիվ դրսևորումները, որպեսզի թշնամուն հերթական զիջումներն անելու «կռուտիտներ» ունենա: Այն առումով, որ էլի մի ինչ-որ խայտառակ պայմանավորվածություն կստորագրի Փաշինյանը, իսկ հետո դա կսկսի արդարացնել նրանով, թե՝ «բա ի՞նչ աներ, Ադրբեջանը սպառնում էր արդեն այս կամ այն քաղաքն էլ խլել», ու այդպես շարունակ:

Դե, ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանը ինչ աղետ բերում է, դա անում է միայն հանուն ապագայի ու խաղաղության, այսինքն, եթե «նիկոլերենից» թարգմանենք նորմալ հայերեն, ապա՝ հանուն կործանման ու պատերազմի:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը