Հարցազրույց

17.10.2011 14:12


Յուրի Մանուկյան.

Յուրի Մանուկյան.

Հարցազրույց Հայաստանի միավորված կոմունիստական կուսակցության նախագահ Յուրի Մանուկյանի հետ

–Լուրեր են շրջանառվում, թե ՀՀԿ գործադիր մարմնի նիստում Սերժ Սարգսյանը քննարկել է  կոալիցիոն գործընկերներին նոր հուշագիր առաջարկելու մասին հարցը և նշել. «Ով միացավ՝ միացավ, ով չէ՝ մենք միայնակ կգնանք ընտրությունների։ Չնայած կարելի է ավելի լայն կոալիցիա ստեղծելու մասին էլ մտածել, բայց դա այս փուլի խնդիրը չէ»: Եթե ձեր կուսակցությանն առաջարկվի միանալ այդ այսպես ասած ավելի լայն կոալիցիոն հուշագրին, կհամաձայնե՞ք։

2001թ. Հայաստանի կոմունիստական կուսակցության բյուրոն ինձ պատժեց զուտ նրա համար, որ ես ասում էի՝ ճիշտ է, պաշտոն, ճակատագիր, մանդատ չունեմ, բայց երկիրն ու ժողովուրդը մե՛րն են, մենք ամեն ինչ պետք է անենք երկրի, ժողովրդի ապագայի, անվտանգության համար։ Այնպես որ՝ հուշագիր կամ հավաքագրում նոր ձևաչափով, նոր կուսակցություններով, ես միանգամայն համամիտ եմ, բայց այդպիսի առաջարկ ես չեմ ստացել։

–Այսինքն հստակեցնենք՝ եթե ստանաք, կհամաձայնե՛ք։

–Սիրո՛վ։ Դա իմ տարերքն է։ Ես դա համարում եմ քաղաքական ուժերի ծառայելու միակ ձևը, նրանք այլ կերպ չեն կարող ծառայել։ Պարտադիր էլ չէ, որ խորհրդարան մտնենք։ Պետք է համախմբվենք, որպեսզի կարողանանք այս արհավիրքին դիմանալ։ Հազար ձևի մարտահրավերներ են գալիս ժողովրդի և երկրի համար։

–Բայց տարածված կարծիք կա, որ այդ արհավիրքների հիմնական հեղինակը և մեղավորը հենց իշխանությունն է։ Այսինքն՝ նրանց հետ դուք կոալիցիա կազմելով՝ փաստորեն մեղսակից եք դառնում։

–Ո՛չ, ես այդպես չեմ կարծում։ Իշխանությունը նույնպես մարդ է, հայ ժողովրդի զավակ է, նրան պետք է օգնել բարի խորհրդով և գործուն միջամտությամբ։ Կողքից կանգնել–քննադատել բոլորն էլ կարող են։

–Նաև կարծիք կա, որ կոալիցիոն այդ նոր հուշագիրը ստորագրվում է խորհրադարանական, հետևաբար նաև նախագահակական ընտրություններում Սերժ Սարգսյանի դիրքերն ամրապնդելու համար։ Այսինքն՝ դա արվում է ոչ թե երկրի, ժողովրդի համար, այլ կոնկրետ Սերժ Սարգսյանի համար։

–Ես այդպես չեմ կարծում։ Մինչև այսօր ինչ արվել է, արվում է նաև երկրի և ժողովրդի համար։

–Իսկ կա՞ որևէ կուսակցություն կամ անհատ, որի հետ դուք չեք միանա։

–Բոլոր տեսակի ծայրահեղականների հետ ընդհանուր ոչինչ չունի մեր կուսակցությունը։ Ժամանակին կոչվում էինք Նորացվա՛ծ կոմունիստական կուսակցություն, հիմա նորացվածը միավորվել է 1–2 ուրիշ կուսակցությունների հետ, և կոչվում ենք Միավորված, բայց նորացված բառը մեզանից ոչ ոք չի վերցրել։ Մենք նորովի՛ մտածող, հա՛յ կոմունիստներ ենք, ոչ թե կոմունի՛ստ հայ ենք։

–Դուք Լևոն Տեր–Պետրոսյանին և ՀԱԿ–ին ծայրահե՞ղ եք համարում։

–Իհրակե՛ ծայրահեղ են։ Ժողովրդին այսպես փողոց դուրս հանելը ծայրահեղ գործարք է։

–Գործարք ո՞ւմ հետ։

–Ես կասեի՝ սատանայի հետ։ Ամենավատ բանը ծայրահեղականն է, և դա երկրում ժողովրդի համար օգտակար գործողություն չէ, երբե՛ք։

–Դուք ասում եք՝ գործարք սատանայի հետ, բայց ՀԱԿ–ն իշխանության հետ էր երկխոսում։ Ստացվում է, որ սատանան իշխանությունն է։

–Երկխոսությունը տեսա՞ք ինչ ճակատագիր ունեցավ։ ՀԱԿ–ի նպատակն արենայում լինելն է։ Իսկ ես այդպիսի ծրագիր չունեմ, մեր կուսակցությունն արենայում լինելու մասին չի էլ մտածում։ Մենք պայքարում ենք համեստորեն, մի կողմ քաշված։

–Իսկ եթե այնպես ստացվի, որ ՀՀԿ–ն և ՀԱԿ–ն այդ նորացված կոալիցիայում լինեն և նաև ձեզ հրավիրեն, այդ դեպքում փաստորեն կհրաժարվե՞ք։

–Խնդիր չեմ տեսնի։ Իմ ներկայությունը՝ թե՛ տարիքի, թե՛ ճակատագրի բերումով, բավական սաստող գործոն կլինի երկու կողմերի համար էլ։ Եթե դա իշխանության համար է, երկրի համար է, ես պատրաստ եմ այդ դեպքում էլ համաձայնել։

–ՀՀԿ–ի հետ կոալիցիա կազմելու առաջարկ չլինելու դեպքում Հայաստանի միավորված կոմունիստական կուսակցությունը պատարստվո՞ւմ է խորհրդարանական ընտրություններին մասնակցել և ի՞նչ ձևաչափով։

–Այդ հարցը քննարկման ընթացքում է։ Ծրագիր ունենք, որ կոմունիստական բոլոր կուսակցությունները միասնական մոտենան, բայց դեռ որոշում կայացված չէ։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը