Մեկնաբանություն

06.07.2023 18:29


Ինչպես են նիկոլենք հրապարակային ինքնախաբեություն ցուցադրում ու «փիարվում»

Ինչպես են նիկոլենք հրապարակային ինքնախաբեություն ցուցադրում ու «փիարվում»

Ինչ-ինչ, բայց Նիկոլ Փաշինյանը կարողանում է «փիարվել»: Օրինակները չափազանց շատ են: Խնդրեմ, կարելի է հազարներով թոշակառուների մահվան մատնել, բայց «փիարվել», թե կենսաթոշակն աննախադեպ բարձրացրել են, իսկի Արշակ Երկրորդի ժամանակ նման բան չի եղել:

Նիկոլ Փաշինյանն ապացուցեց, որ կարելի է հազարավոր զինվորականների ուղղակիորեն կոտորածի մատնել, բայց «փիարվել», թե «25 հազար (հետո դարձրեց 35 հազար) կյանք է փրկել»:

Կամ կարելի է Հայրենիքի ահռելի մի հատված, նաև՝ կտոր-կտոր ուղղակիորեն հանձնել թշնամուն, այդ թվում՝ առանց մի կրակոցի, բայց «փիարվել», թե «տիեզերքի ամենահայրենասեր տղեն Փաշինյան Նիկոլն ա»:

Փաշինյանի սատանայական գլուխգործոցներից մեկն էլ այն է, որ ինչ աղետ ասես՝ կարելի է երկրի ու ժողովրդի գլխին բերել, պատերազմի տանել, բայց «փիարվել» «խաղաղության օրակարգով»:

Այդ խորապատկերում արդեն «մանրուք» են թվում այնպիսի բաները, որ կարելի է երկրում ապօրինաություն ու բեսպրեդել արմատավորել, բայց «փիարվել» որպես օրինապահության ջատագով: Որ կարելի է հղի կնոջ ու նրա չծնված զավակին սպանել, բայց «փիարվել» որպես «լավ մարդ»: Որ կարելի է երկրի տնտեսությունը հյութաքամ անել, չտեսի «կայֆերի» տրվել, բայց «փիարվել», որպես «խեղճ, հասարակ, անձնական շահ չհետապնդող, հակակոռուպցիոն» ու էլի նման մի բան:

Այդ «կոլեկցիայում» այսօր մի դրվագ էլ ավելացավ: Այս տարի մեկնարկել է մի կառավարական ծրագիր, որի հրապարակված իմաստն այն է, որ սահմանամերձ գյուղերում պետությունը սուբսիդավորում է տների կառուցում:

Դա մի տարի առաջ հաստատված ծրագիր է, որով Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ո՛չ այն է՝ նախատեսում է, ո՛չ այն է՝ կանխատեսում է (դե իրենք իրենց գրբացի տեղ են դնում) մինչև 2024 թվի վերջը Հայաստանի սահմանամերձ 80 գյուղական բնակավայրում մինչև 550 ընտանիքի ֆինանսավորեն, որ տուն կառուցեն: Այս տարվա բյուջեով նախատեսել են դրա համար 466 միլիոն դրամ հատկացնել, եկող տարվա համար՝ էլի մի այդպես՝ 1.5 միլիարդ դրամ:

Նիկոլ Փաշինյանի կառավարության այսօրվա նիստում այս «աննախադեպ» ծրագրի տրտունջքն էր: Բանն այն է, որ մինչև հիմա, նախատեսված 550-ի փոխարեն (տեսնես ինչո՞ւ 555 չեն նախատեսել, էդպես ավելի տպավորիչ կլիներ), դիմել են Տավուշի մարզում՝ 3 հոգի, հետո էլի՝ 3-ը, Գեղարքունիքի մարզում՝ էլի 3 հոգի, Վայոց ձորում՝ 4-ը, Սյունիքում՝ 8-ը, իսկ Արարատի մարզում ընդհանրապես դիմող չի եղել:

Ու Փաշինյանի կառավարության նիստում երկար-բարակ էին անում, թե «տեսնես այդ ինչո՞ւ… մարդիկ չեն դիմում, որ վարկ վերցնեն, որ տուն սարքեն»:

Հիմա ի՞նչ անենք, նրանց ասե՞նք, թե ինչո՛ւ:

Էհ, Նիկոլ Փաշինյանի ու իր կառավարության, իր քպ-ի վարած «քաղաքականության» ուղղակի հետևանք է դա, որ մարդիկ չեն մտնում այդ թվում է, թե ձեռնտու, «տնաշինական» վարկերի տակ: Եթե, իհարկե, քաղաքականություն կարելի է անվանել Նիկոլ Փաշինյանի ու նրա գլխավորած իշխանության հակահայ ու տնաքանդ, երկրաքանդ «գիծը»:

Նախ, Նիկոլ Փաշինյանը բերեց նրան, որ Հայաստանի եղած-չեղած գրեթե ամբողջ տարածքը դարձավ ոչ թե պարզապես «սահմանամերձ», այլ ուղղակիորեն դրվեց թշնամական կրակի ու նշանառության տակ՝ Շորժայից մինչև Մեղրի, Երասխից մինչև Ագարակ, դեռ թշնամուն հանձնված ավելի քան 100 քառակուսի կիլոմետր ՀՀ տարածքի մասին էլ եթե լռենք:

Երկրորդը՝ Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության դիրքորոշումն այն է, որ թուրքերը, տվյալ դեպքում՝ ադրբեջանական թուրքերը որ հայկական գյուղն ու սարը ուզեն, սրանք արագ-արագ հանձնելու են: Օրումեջ հենց միայն այն են հայտարարում, թե համարյա մի 10 հայկական բնակավայր հանձնելու են Ալիևին՝ որպես… ադրբեջանական անկլավ:

Էհ, նման պայմաններում, երբ մարդիկ չգիտեն ու չեն կարող վստահ լինել, որ վաղը, մյուս օրը Նիկոլ Փաշինյանը իրենց գյուղը, տո իրենց էլ՝ հետը չի հանձնելու մարդակեր թուրքերին, ի՞նչ տուն կառուցելու, առավել ևս՝ տնաշինական վարկի տակ մտնելու մասին պիտի մտածեն:

Մարդիկ, ով ինչպես կարողանում է, կամաց-կամաց թողնում-հեռանում են: Կամ Երևան են գալիս, իսկ հնար ունեցողներն ընդհանրապես թղնում-գնում են կործանման ու մահվան, նվաստացման ու չմոյացման մատնված «Նիկոլի Հայաստանից»:

Այդ խորապատկերում սրանք նստել ու կառավարության նիստում ինքնախաբեություն են ցուցադրում, թե «վա՜յ, տեսնես էս մարդիկ ինչո՞ւ չեն ուզում սահմանամերձ գյուղում տուն կառուցելու համար վարկ վերցնել»: Ու համ էլ «փիարվում» են: Տնաքանդները «փիարվում» են, թե տեսեք-տեսեք՝ տնաշինական վարկեր են տալիս:

Ի դեպ, «ադրբեջանական անկլավների» մասին: Այսօրվա դրությամբ ու արդեն 5 տարի է, ինչ Հայաստանում շատ ակտիվ «ադրբեջանական անկլավ» կա: Տեղն էլ կարող ենք նշել՝ Երևան, Հանրապետության հրապարակ, կառավարության թիվ 1 մասնաշենք: Ու քանի դեռ այդ «անկլավը» կա, որևէ բանի մասին խոսելն ավելորդ է:

Արթուր Խայթ

Այս խորագրի վերջին նյութերը