Մեկնաբանություն

06.07.2023 13:50


ԱՄՆ-ն իր շահն ունի, Բաքուն՝ իր շահը, իսկ Հայաստանը… չկա

ԱՄՆ-ն իր շահն ունի, Բաքուն՝ իր շահը, իսկ Հայաստանը… չկա

Թեպետ մինչև այս էլ պարզ էր, թե «խաղաղության օրակարգի» մահաբեր քամին հատկապես ո՛ր կողմերից է փչում, բայց ԱՄՆ դեսպանուհու՝ բացահայտ ցինիզմով և «էշին ասվող դուզ խոսքով» վերջին ելույթից հետո կարելի է ասել, որ այլևս ոչ մեկի համար փակ բան չմնաց:

Եվ այսպես. ինչի՞ շուրջ են Հայաստանի ու Ադրբեջանի այսպես կոչված՝ «բանակցությունները«, որոնց մոդերատորը Միացյալ Նահանգներն են: Ո՞վ ի՛նչ շահեր ունի և հնարավոր ի՞նչ նպատակներ է հետապնդում:

Ադրբեջանի և այն գլխավորող հակահայ ու պատերազմական հանցագործ Ալիևի շահերն ու հետապնդած նպատակները հանրահայտ են ու անթաքույց. ամբողջությամբ հայաթափել Արցախը, այնուհետև «միջանցքներով» կտրտել Հայաստանի հարավային մարզերը (Սյունիք, Վայոց ձոր) և մի քանի տարվա ընթացքում զավթել նաև դրանք, հանրագումարում՝ վերացնել Հայաստանը կամ առնվազն այն վերածել Էրիվան անվանմամբ «քաղաք-պետության»: Առնվազն Արցախի մասով Ադրբեջանը քայլ առ քայլ հանգիստ ու անպրոբլեմ լծված է իր ծրագրի իրականացմանը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի ու նրա ներկայացուցիչների հետ բանակցություններում:

ԱՄՆ-ի շահերը նմանապես դժվար չէ նկատել ու արձանագրել: Միացյալ Նահանգների հիմնական նպատակներն են ա) մեր տարածաշրջանից դուրս մղել Ռուսաստանին, արանքից հանել ռուսական ռազմական ներկայությունը, բ) ձևավորել ամուր պլացդարմ՝ Իրանի վրա հարձակվելու համար:

Հիմա թե այդ ընթացքում Արցա՞խը կհայաթափվի, մի քանի հարյուր հազար հայե՞ր կկոտորվեն, Հայաստա՞նը կվերանա և այլն, կներեք, Միացյալ Նահանգների իշխանություններին ոչ միայն չի հետաքրքրում, այլև նրանք խորապես թքա՛ծ ունեն նման «մանրուքների» վրա: Կարևորը՝ որ ԱՄՆ շահերը բավարարվեն, իսկ թե էնտեղ ինչ-որ հայերի հետ ի՞նչ կլինի կամ ինչ կանեն թուրքերն ու ադրբեջանական թուրքերը, դա նրանց պետք չէ ու ընկալվում է որպես «կողմնակի հետևանք»: Դե, «առանց ձու ջարդելու՝ ձվածեղ չես պատրաստի», հանրահայտ արևմտյան ընկալումային կոդ է և գործելակերպ:

ԱՄՆ-ի ներկայացուցիչները, իհարկե, հրաշալի հասկանում են, որ Ադրբեջանի ենթակայությամբ Արցախի հայերի անվտանգության կամ իրավունքների պաշտպանության մասին իրենց ասածները 1 ցենտի արժեք անգամ չունեն: Բայց դե իրենց չես մեղադրի սեփական շահերն առաջ տանելու համար:

«Իսկ Հայաստա՞նը…»,-միգուցե կհարցնեն ոմանք: Այսինքն՝ իսկ Հայաստա՞նն ինչ շահեր է հետապնդում ԱՄՆ մոդերատորությամբ ընթացող հայ-ադրբեջանական «բանակցություններում: Իսկ Հայաստանը ոչ մի շահ չի հետապնդում: Հայաստան՝ որպես այդպիսին, այդ բանակցույթուններում, առնվազն որպես կողմ, ուղղակի չկա: Կան Նիկոլ Փաշինյանն ու նրա ներկայացուցիչները: Կոնկրետ Նիկոլ Փաշինյանը հետապնդում է իր ԱՆՁՆԱԿԱՆ շահերը՝ Հայաստանի անունից: Նա բանակցում է իր ԱՆՁՆԱԿԱՆ անվտանգության ու ֆիզիկական հետագա գոյության ինչ-ինչ երաշխիքներ ստանալու և իր ու իր որոշ մերձավորների (ոչ բոլորի) շահերի բավարարում ստանալու համար: Վե՛րջ: Նրա խնդիրն ընդամենը այն է, թե ինչ ձևակերպումներով, ինչ «կտերով» ու «կռուտիտներով» այդ ամենը սղացնի ու սաղացնի ՀՀ քաղաքացիների վրա:

Այսպես կոչված «հայ-ադրբեջանական բանակցությունների» օրակարգում Հայաստանի շահերի հարց չկա, այդ «բանակցություններում» Հայաստանը ներկայացուցիչ ունի, բայց իր շահերի պաշտպան չունի: Վերջին հաշվով, ինչպե՞ս կարելի է Հայաստանի ներկայացուցիչ, էլ չենք ասում՝ հայ համարել որևէ մեկերին, որոնք ասում են, թե Արցախն ադրբեջանական է:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը