Քաղաքական

06.07.2023 09:04


Մեղադրանքը կոնկրետ հասցեատեր ունի․ չարժե իրողությունը լղոզել․ «Փաստ»

Մեղադրանքը կոնկրետ հասցեատեր ունի․ չարժե իրողությունը լղոզել․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը վստահեցնում է, որ Ադրբեջանի իշխանությունների հանցավոր գործողությունները և կիրառած համակողմանի բլոկադան չեն կարողացել կոտրել արցախցիների ոգին և դիմադրությունը: Դա, չնայած այն բանին, որ մարդկանց կենսապահովման նվազագույն կարիքներն արդեն կես տարուց ավելի հնարավոր է լինում բավարարել բացառապես Կարմիր խաչի և ռուսական խաղաղապահ ուժերի իրականացրած հումանիտար բեռնափոխադրումների հաշվին:

Արցախի պետնախարարն «Alpha News»-ին տված բացառիկ հարցազրույցում նաև նկատել է, որ արցախցին այսօր գիտի, թե հանուն ինչի է պայքարում, ու թեև դժվարությունները շատ են, բայց իրենք չեն սիրում խոսել դրանց մասին: Մյուս կողմից՝ Արցախի պետնախարարի խոսքով՝ «այս իրավիճակում ամեն բան արցախցու վրա թողնելն այդքան էլ ճիշտ չէ, քանի որ Արցախը ոչ միայն արցախցունն է, այլ համայն հայությանը»: Հարկավ, որևէ պաշտոնյայի ասելով չէ, որ պիտի իմացվեր Արցախի հայության հերոսական ոգու և դիմադրողականության մասին: Իսկ ինչ վերաբերում է «այս իրավիճակում ամեն ինչ արցախցու վրա» թողնել-չթողնելուն, ապա Արցախի իշխանություններն ու հատկապես այդ իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներն իրենց հանդիմանանքն առաջին հերթին պետք է ուղղեն Հայաստանի գործող իշխանությանը՝ ի դես Նիկոլ Փաշինյանի:

Համենայն դեպս, անառարկելի փաստն այն է, որ եթե Հայաստանում գոյություն ունի մեկը, որն Արցախը համարում է ադրբեջանական, ինչից «թևավորված» էլ Ալիևը ցեղասպանական բնույթի նորանոր հանցավոր քայլեր է անում Արցախի հայության դեմ, ապա այդ մեկը Նիկոլ Փաշինյանն է, գումարած՝ նրա ՔՊ-ն: Այդ Նիկոլ Փաշինյանն է ուրացել Արցախն ու Արցախի հայերին՝ հայոց բազմահազարամյա բնօրրան-երկրամասը հայտարարելով «ադրբեջանական տարածք», իսկ սեփական հայրենիքում ապրող, արարող ու պաշտպանվող հայ մարդկանց էլ՝ ադրբեջանական գերիշխանության տակ գտնվելու ենթակա: Չարժե այդ կոնկրետ իրողությունը լղոզել ընդհանրական դիտարկմամբ կամ հորդորներով, եթե խիստ մեղմ արտահայտվենք»:

Այս խորագրի վերջին նյութերը