Լրահոս

28.04.2009 10:29


Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունը

Երեւանի քաղաքային իշխանությունների նախընտրական արշավը դեռ չսկսված, վերահաս պարտությունից սարսափած իշխանությունը շարունակում է ապավինել ոչ միայն զանազան ապօրինությունների, այլեւ դիմել քրեական տարրերի ծառայություններին։ Ապրիլի 27-ին, քաղաքացիական հագուստով անձանց խմբերը, Երեւանի տարբեր մասերում՝ Ամիրյան փողոցում, Մաշտոցի պողոտայում, Կարապի լճի մոտ եւ Արաբկիրում հարձակվել են Հայ ազգային կոնգրեսի կողմից Մայիսի 1-ին հրավիրած արտոնված հանրահավաքի իրազեկման թռուցիկները բաժանող երիտասարդների վրա, ծեծկռտուք սարքել, խլել թռուցիկները, ոմանց առեւանգել։ Մոտիկ գտնվող ոստիկանները ոչ մի կերպ չեն արձագանքել բանդիտական խմբերի գործողություններին նաեւ այն բանից հետո, երբ նրանց դիմել են։ Թռուցիկներ բաժանող խմբերին ուղեկցող լրագրողները կարողացել են լուսանկարել բոլոր հարձակվողներին եւ նրանց մեքենաները։ Ըստ նախնական տվյալների՝ հարձակվող այդ խմբերի մեջ եղել են նաեւ ոստիկանության քրեական բաժնի քաղաքացիական բաժնի աշխատողներ,  ինչը կճշտվի համապատասխան լուսանկարների ուսումնասիրությամբ։ Ավելի ուշ նրանք դարանակալել են նաեւ Հայ ազգային կոնգրեսի գրասենյակի մոտ եւ հենց այդտեղից առեւանգել վերադարձող երիտասարդներից մեկին։

Հայ ազգային կոնգրեսը հայտարարում է, որ միաժամանակ տարբեր տեղերում այս հանցավոր գործողությունները ակնհայտորեն մեկ կենտրոնից կազմակերպված միջոցառում է, ինչի համար պատասխանատվություն է կրում գործող իշխանությունը և առաջին հերթին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը։ Համապատասխան նյութերը՝ բոլոր բանդիտների լուսանկարներով, կհանձնվեն իրավապահ մարմիններին՝ քրեական գործ հարուցելու պահանջով։ Նյութերը կներկայացվեն նաեւ պատկան միջազգային կառույցներին։

Անկախ օրինական իրազեկման դեմ իշխանության կազմակերպած ապօրինություններից, Հայ Ազգային կոնգրեսի՝ Մայիսի 1-ի հանրահավաքը լինելու է հզոր եւ քաղաքական իրավիճակի արմատական փոփոխման սկիզբ է դառնալու։

Այս խորագրի վերջին նյութերը