Քաղաքական

04.07.2023 20:17


Եթե ՌԴ-ին ազդեցության գոտուց հեռացնելու գինը հայի ցեղասպանությունն է, ԱՄՆ-ն պատրաստ է վճարել այն․ Բենիամին Մաթևոսյան

Եթե ՌԴ-ին ազդեցության գոտուց հեռացնելու գինը հայի ցեղասպանությունն է, ԱՄՆ-ն պատրաստ է վճարել այն․ Բենիամին Մաթևոսյան

Վաշինգտոնյան բանակցություններն իրականում ընթանում են ոչ թե Արցախի հարցի, այլ Հայաստանի կարգավիճակը որոշելու համար։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։

«Բանակցություններում Ադրբեջանը պնդում է, որ դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը լինի իրենց ցանկացած քարտեզներով, բանակցեն Արցախի հետ ուղղահայաց կերպով։ Վաշինգտոնյան բանակցությունները իրականում ոչ թե Արցախի մասին են, այլ Հայաստանի կարգավիճակի՝ ինչ կարգավիճակ է ունենալու Հայաստանը Թուրքիա-Ադրբեջան ռազմաքաղաքական դաշինքի շրջանակում, կարգավիճակ, որը որևէ անվտանգային երաշխիք չունի։ Բայց քանի որ հանրային ընկալման մեջ կա Արցախի հարցը, ներառվում են դրույթներ այդ մասին»,-ասաց Մաթևոսյանը։

Քաղաքագետին չի զարմացրել ԱՄՆ դեսպանի հայտարարությունը, որ արցախցիները կարող են ապրել Ադրբեջանի կազմում։ Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել դեռ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին, Պրահայում, իսկ ԱՄՆ դեսպանն ուղղակի ասել էր ակնհայտը։

«Եթե մի քիչ էլ բացենք հայտարարությունը՝ արցախցիների համար լավագույն երաշխիքը կլինի ենթարկվելն Ադրբեջանի Սահմանդրությանը։ Արցախի համար անվտանգությունն ապահովող միջազգային երաշխիք չկա, ԱՄՆ-ն նման բանի մասին երբևէ չի խոսել, դա մեծագույն խաբեություն է։ Նիկոլ Փաշինյանը հավանություն է տվել մի ծրագրի, որով Արցախը կլինի Ադրբեջանի կազմում՝ առանց որևէ կարգավիճակի և անվտանգության երաշպավորն էլ պետք է լինի Ադրբեջանի սահմանդրությունը։ Պետք է շնորհակալություն հայտնի ԱՄՆ դեսպանին անկեղծության համար»,-նշեց Մաթևոսյանը։

Բենիամին Մաթևոսյանի կարծիքով՝ Ստեփանակերտի և Բաքվի միջև բանակցություններն անհրաժեշտություն են սակայն, ոչ այն մոդելով, որի շուրջ այսօր բանակցում է Հայաստանը։ Բանակցությունները պետք է լինեն հավասարը հավասարի տեսքով, ոչ թե ուղղահայաց։

«Բաքուն, որպես կենտրոն, Արցախի ներկայացուցիչների հետ խոսելու է տարածքային ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ։ Այս մոդելն ուղղակի տանում է ցեղասպանության։ Ամերիկյան կողմի հետ մենք ընդհանրապես չպետք է հարցեր ունենանք, իրենք հետապնդում են իրենց շահերը՝ հեռացնել Ռուսաստանին ազդեցության բոլոր գոտիներից, և եթե դրա գինը հայի ցեղասպանությունն է, իրենք այդ գինը պատրաստ են վճարել։ Իրենք համատեղ Հայաստանի իշխանության հետ իրականացնում են ծրագիրը, բայց եթե ԱՄՆ-ի շահը հասկանալի է, ապա ո՞րն է Հայաստանի շահը։ Իսկ Հայաստանի Հանրապետությունը որևէ միջաազգային երաշիք ստանո՞ւմ է, իրենք որ դրդում են Հայաստանին Ադրբեջանի հետ ռազմավարական դաշինքի անվտանգային երաշխիք տալի՞ս են՝ ոչ, բայց դա իրենց խնդիրը չէ, մերն է»,-ընդգծեց Մաթևոսյանը։

Այս խորագրի վերջին նյութերը