Մեկնաբանություն

04.07.2023 16:50


Արայիկ Հարությունյանը թող իր սիրելի Նիկոլ Փաշինյանին «բաց նամակ» գրի, եթե ասելիք ունի

Արայիկ Հարությունյանը թող իր սիրելի Նիկոլ Փաշինյանին «բաց նամակ» գրի, եթե ասելիք ունի

Արցախի նախագահի պաշտոնն զբաղեցնող Արայիկ Հարությունյանը վերջին օրերին տարբեր առիթներով ունեցած հրապարակային ելույթներում բավականին ագրեսիվ ու ջղային է դրսևորվում: Ըստ որում, այդ ջղայնությունն ու վերբալ ագրեսիան ուղղված են Արցախի բնակիչներին, Արցախի հանրության տարբեր շերտերի, զանազան մարդկանց ունեցած ինչ-ինչ տրամադրությունների: Չի բացառվում նաև, որ Արայիկ Հարությունյանն «օդից» վերագրում է մարդկանց ինչ-ինչ պարտվողական տրամադրություններ, որպեսզի այդ ֆոնին ինքը խիստ վճռական, կտրիճ կամ չգիտես, թե ինչպիսին երևա:

Մեկ ինչ-որ տրտնջացողների հորդորում է, թե «քինում եք, ջհանդամը քինաք», մենակ՝ տազ արած քինացեք, այսինքն՝ գնում եք, գրողի ծոցը գնաք, ձայններդ կտրած գնացեք: Այն, որ ոչ միայն Նիկոլ Փաշինյանի, այլև հենց ի՛ր՝ Արայիկ Հարությունյանի՛ վարած «քաղաքականության» հետևանք է Արցախի տոտալ շրջափակումը, ո՛չ նա, ո՛չ իր՝ կարեկցանքի արժանի «փիարշիկները» մի տեսակ մոռացության են մատնում: Մի արցախցի ծանոթ դառը հեգնել էր, թե՝ էլ ո՞ւր գնանք, էն է՝ դրախտային Արցախը հենց «ջհանդամի» ես վերածել…

Այն օրն էլ ինչ-որ մարդկանց մասին էր խոսում, որոնք ներկայիս Արցախում ու Արցախի ներկայիս վիճակում, իբր, կոկա-կոլան ավելի կարևոր են համարում, քան թե ազատության ու ինքնորոշման համար պայքարը: Անկեղծ ասած, բազմաթիվ արցախցի հայրենակիցների ճանաչելով, ոչ մի կերպ մարդուս հավատը չի գալիս, թե Արցախում այսօր կարող է լինել որևէ հասուն մարդ, ում կարծիքով գազավորված ինչ-որ ըմպելիքն ավելի կարևոր լինի…

Ըստ որում, Արայիկ Հարությունյանը, գոնե հրապարակային ելույթներում պաշտպանությունից ու դիմադրությունից, դիմադրողականությունից է խոսում: Բայց մյուս կողմից՝ վերը նշված հիստերիկ նոտաներն ու տոնայնությունը այլ բան են վկայում: Դիմադրության պատրաստ կամ պատրաստվող, վճռական և ուժեղ ղեկավարը հիստերիկություններ չի անում, առնվազն՝ տեսախցիկների առաջ կամ հրապարակայնորեն:

Քավ լիցի, Արցախը, օրինակ, 1992-ի հուլիս-օգոստոսին ոչ պակաս օրհասական դրության մեջ էր, թշնամին՝ գրեթե Ստեփանակերտի մատույցներում: Բայց այն ժամանակ էլ Արցախն ուներ ղեկավար ու պաշտոնյաներ, ու տեսել ենք, թե այդ մարդիկ ինչպես պահեցին իրենց, ինչ վճռականություն ու կամք էր նրանցից փոխանցվում, նույնիսկ երբ լուռ էին, ու հիշում ենք, թե դեպի ինչպիսի հաղթանակների առաջնորդեցին ժողովրդին: Չեմ հիշում, թե այդ շրջանում Արցախի ղեկավարներից մեկնումեկը նման հիստերիկ դրսևորումներ ունենար:

Այս օրերին, ի դեպ, լուրեր են տարածվում, թե Արայիկ Հարությունյանը Ռուսաստանի նախագահ Պուտինին ինչ-որ նամակ է գրել: Ըստ որում, նման լուրեր, շատ հնարավոր է, տարածվում են Արայիկ Հարությունյանին հարող շրջանակներից: Իբր, սպասեք, տեսնենք, թե Պուտինին գրած նամակի պատասխանը հի՞նչ ա դառնում…

Չգիտենք, Արայիկ Հարությունյանն իսկապե՞ս նամակ է գրել ՌԴ նախագահին: Գուցե իսկապես էլ գրել է: Բայց Արայիկ Հարությունյանը, եթե նման բան է արել, ապա ամենից առաջ Նիկոլ Փաշինյանին պիտի «բաց նամակ» գրեր: Եթե իհարկե, ասելիք ունի: Հակառակ դեպքում, եթե Արայիկ Հարությունյանը ոչինչ չի ասում Նիկոլ Փաշինյանին, ապա նրա մյուս արտահայտություններն անիմաստ են: Եթե մեկը հրապարակավ խոսում է դիմադրության մասին ու այդ մեկը նաև համարվում է Արցախի նախագահը, ապա ուղղակի պարտավոր է հրապարակավ «խոսել» Արցախը, իրենով՝ Արայիկ Հարությունյանով հանդերձ, ադրբեջանական հռչակողի հետ, մանավանդ, եթե այդ անարժան-ուրացողը նաև ՀՀ վարչապետն է համարվում:

Իսկ եթե Արայիկ Հարությունյանի համար Նիկոլ Փաշինյանն ու Արցախն ադրբեջանական տարածք հռչակող նրա հայտարարությունը «օ-քեյ» են, ապա էլ ինչի՞ մասին, առավել ևս՝ Պուտինին կամ թեկուզ՝ Բայդենին նամակ-մամակ գրելու մասին կարող է խոսք լինել։

«Կամեռաների առաջ» մի կում կոֆե տվեք, այնտեղ մարդ չվատանա:

Արթուր Խայթ

Այս խորագրի վերջին նյութերը