Մեկնաբանություն

04.07.2023 15:20


Մեկ Նիկոլ ավել, մեկ «նիկոլ» պակաս, գումարած՝ քպ-ական ԱՄՆ դեսպանուհի

Մեկ Նիկոլ ավել, մեկ «նիկոլ» պակաս, գումարած՝ քպ-ական ԱՄՆ դեսպանուհի

Արդեն առիթ ունեցել ենք հրապարակավ կասկածելու, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանուհի Քրիստինա Քուինը, ամենայն հավանականությամբ, Նիկոլ Փաշինյանի «Քաղպայմանագիր» կուսակցությանն է անդամագրվել: Կամ էլ, եթե մյուս կողմից գանք, Փաշինյանի ՔՊ-ի գաղափարաքաղաքական կառավարման թելերն ու թելիկները ԱՄՆ դեսպանատնից են ձգվում՝ անկախ այն բանից, թե կոնկրետ ով է դեսպանն այդ պահին:

Բայց նախ, «նատուրալ» ՔՊ-ականների մասին, ավելի կոնկրետ՝ տխրահռչակ ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանի մասին: Նա, Վանկուվերում (Կանադա, եթե ինչ-որ մեկը չգիտի), ԵԱՀԿ ԽՎ տնտեսական հարցերի, գիտության, տեխնոլոգիաների և շրջակա միջավայրի հանձնաժողովի նիստում ունեցած ելույթում մասնավորապես հայտարարել է. «Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղը»

Այսքանը բավարար է: Թե ինչ է նա ասել դրանից առաջ և ինչեր է ասել այդ դավաճանական արտահայտությունից հետո, բացարձակապես անկարևոր է:

Այս՝ պաշտոնական ուրացման հրապարակային խոստովանությունը երեկ, հատկապես սոցցանցերում բուռն քննարկումներ էր հարուցել և կրքեր բորբոքել: Չնայած, Մարիա Կարապետյանը բառ առ բառ ասել է նույնը, ինչ իր կուռք ու իր քաղաքական «ֆյուրեր» Նիկոլ Փաշինյանը: Ու այդ տեսանկյունից հետաքրքիր էր առանձին հայրենակիցների վրդովմունքը, քանզի տպավորություն էր ստեղծվում, թե նրանք չէին լսել Նիկոլ Փաշինյանի՝ Արցախն ուրանալու և ադրբեջանական ճանաչելու մասին նախորդիվ արած հայտարարությունները և նոր միայն Մարիա Կարապետյանի տարբերակով իմացան ՔՊ-ի այդ բացահայտ դավաճանական դիրքորոշման մասին:

Եթե Նիկոլ Փաշինյանն արդեն իսկ հայտարարել է, որ Արցախը ճանաչում է ադրբեջանական, նշանակում է, որ բոլոր նրանք (անխտիր բոլո՛րը), ովքեր շարունակում են մնալ նրա կողքին, շարունակում են նրան բարևել և որևէ կերպ նրա նկատմամբ բացասական վերաբերմունք չեն դրսևորում, անխտիր այդ բոլորը նույնպես, իրենց հերթին միանում են Արցախն ադրբեջանական համարելուն, միանում են ուրացմանը, մտնում կամ մնում են նույն դավաճանական, հակահայ, հայատյաց գծի մեջ:

Այդ տեսանկյունից՝ մի Նիկոլ ավել, մի «նիկոլ» պակաս, անկախ այն բանից, թե անձնագրով այդ մի «նիկոլի» անուն-ազգանունն ինչ է:

Ի դեպ, Վանկուվերում Մարիա Կարապետյանը ինչ-որ խոսել է նաև Արցախի հայության դեմ Ադրբեջանի կիրառած տևական շրջափակման, պաշարման մասին (թե ասա՝ ձեզ՝ Արցախն ու Արցախի հայերին ատող նիկոլականների՞դ ինչ): Զուտ քաղաքական առումով պետք է ընդամենը նկատել, որ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիան՝ ներառյալ շրջփակումը, շարունակվում է, որովհետև Հայաստանում իշխանությունը զավթած Նիկոլ Փաշինյանի ու նրա քպ-ոների «դիրքորոշումն» այն է, թե Արցախը ադրբեջանական տարածք է: Ալիևին դա՛ է ամենից առաջ ոգևորում և մղում ավելի ու ավելի ագրեսիվ գործողությունների:

Ինչ վերաբերում է «հրավիրյալ» քպ-ական ԱՄՆ դեսպանուհուն՝ Քրիստինա Քուինին, ապա նա Նիկոլ Փաշինյանի անձնական սպասարկման «Հանրային հեռուստաընկերությանը» տված հարցազրույցում, անդրադառնալով այն մտավախություններին (պա՜հ, «մտավախություններին»), որ եթե Արցախը լինի Ադրբեջանի կազմում, ապա այնտեղ ապրող հայերի անվտանգությունն ու իրավունքների պաշտպանությունը անհնարին կդառնան՝ հաշվի առնելով Ադրբեջանի վարած քաղաքականությունը, մասնավորապես հայտարարել է. «Մենք հավատում և հուսով ենք, որ դա հնարավոր է: Մենք կարծում ենք, որ բոլոր կողմերը պետք է համատեղ ջանքեր գործադրեն դրա համար: Միացյալ Նահանգները կարծում է, որ դա ճիշտ մոտեցում է և խրախուսում է բոլոր կողմերին ապահովել իրավունքների պաշտպանությունը և անվտանգությունը: Բոլոր կողմերն ասել են այդ մասին, հիմա մնում է գտնել դրա ճիշտ ճանապարհը»,-ասել է Քուին:

Պետք է ենթադրել, որ երդվյալ քպ-ականի մոտեցում ունեցող ԱՄՆ դեսպանուհին որպես անվտանգության ու բարգավաճման փայլուն օրինակ, պետք է նշի բնիկ ամերիկացիների («կարմրամորթների») ցեղասպանությունը՝ ԱՄՆ իշխանությունների կողմից, իսկ հետագայում, այդ բնիկներին թանգարանային նմուշների վերածելու և ռեզերվացիաներում պահելու ամերիկյան փայլուն փորձը:

Սակայն հասկանալի է, որ Արցախի հայերին նույնիսկ ռեզերվացիա-համակենտրոնացման ճամբարի հեռանկար չի սպասվում ադրբեջանական իշխանության ողորմածությանը հանձնվելու դեպքում, այլ մեծից՝ մանուկ կոտորած, բնաջնջում և Արցախի իսպառ հայաթափում: Նախիջևանը՝ վկա: Դեռ Բաքվի, Գանձակի, Գարդմանքի մասին եթե չխոսենք:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը