Քաղաքական

04.07.2023 09:00


Ուրվականն ու ավտոբուսը․ ինչո՞ւ քաղաքացին «չնկատեց» ավտոբուսով երթևեկող Փաշինյանին․ «Կարճ ասած» (տեսանյութ)

Ուրվականն ու ավտոբուսը․ ինչո՞ւ քաղաքացին «չնկատեց» ավտոբուսով երթևեկող Փաշինյանին․ «Կարճ ասած» (տեսանյութ)

Վաղուց ենք նշել, որ Հայաստանը կառավարվում է սոցիալական ցանցերի արձագանքներով։ Այս հարթակում է իշխանությունը ցույց տալիս գոյության նշաններ, այս հարթակում են տեղի ունենում իշխանության դեմ հիմնական իրադարձությունները, իրենց հակադարձումները, մասամբ ընդդիմության դեմ ելույթները։ Բայց համացանցից դուրս՝ հանրային կյանքում, քար անտարբերություն է։ Իշխանությունը երևի հենց այսպես էլ պատկերացնում էր ժողովրդին՝ ինքը զբաղվի հարստանալով, ժողովուրդը զբաղվի իր օրվա խնդիրներով, իսկ որ դուխ անի մի 2 բան էլ գրի, ոչինչ, թող գրի՝ հանգստանա։

Երեկ Եռաբլուրում տեղի ունեցավ Ադրբեջանի կողմից սպանված հայ զինծառայողների հուղարկավորման արարողությունը։ Մեր տղերքը զոհվել էին, բայց դիերը չէին կարողանում բերել, հողին հանձնել։ Հուղարկավորության արարողությանը ռազմական ղեկավարությունը չկար, ռիսկ չէին արել գնալ Եռաբլուր, իսկ պետության ղեկավարող ընտանիքը հանգստյան կիրակի էր վայելում։ Աննա Հակոբյանը մասնակցում էր նորաձևության շաբաթին․ իսկ իր ամուսնու շնորհիվ ևս երկու ընտանիքի մայրեր իրենց գույնզգույն շորերը նետեցին աղբամանը ու մեկընդմիշտ ընտրեցին սևը։ Սովորական քաղաքացին էլ անտարբեր էր նաև այս ամենի նկատմամբ։

Որոշներն այս անտարբերությունը կբացատրեն մեզ հասած շատ մեծ ողբերգությամբ, որոշները դա կբացատրեն նրանով, որ հեռուստաեթերից, իշխանական քարոզչությունից անվտանգության ողբալի իավիճակը բացակայում է։ Բայց դա մի մասն է միայն։ Քաղաքացին անտարբեր է նաև ինքն իր նկատմամբ․ ծիրանը չի մթերվում, ջուրը թանկանալու է, արտագաղթում է, Արմավիրում դպրոց է փակվում, Տիգրանաշենն են հանձնում թշնամուն, ամենուր անարդարություն է, հենց իրեն վերաբերող հարցերում անզգայացած մարդու վիճակ է: Մենք ասում ենք՝ առիթ է փնտրում իշխանությունը հանրության ուշադրությունը շեղելու կարևոր պրոցեսներից․ այո, այդպես է, բայց եթե այդ առիթ չփնտրի, հանության ուշադրությունը ո՞ր կողմի վրա է։ Արդյո՞ք կա էդ ուշադրությունը։

10 օր է՝ Ֆրանսիան տակնուվրա է լինում, քանի որ մեկ դեռահասի է սպանել ոստիկանությունը։ 4 մեր եղբայրներ զոհվեցին Նիկոլ-Ալիև խաղաղության բանակցությունների ֆոնին, ի՞նչ ենք անում։ Բագրատ սրբազանն ասում է անտարբերների մասին մոռացեք, պետք է ակտիվ քաղաքացու օրինակը վարակիչ լինի, ոչ թե անտարբերի։ Կարելի է և համաձայնել, բայց անտարբերության երեկվա դրսևորումը շատ ավելի կարևոր բան բացահայտեց։ Փաշինյան ընտանիքը որոշեց ցնցել համացանցը։ Նիկոլն ու կինը ավտոբուս էին բարձրացել։ Հետաքրքիր էր։

2018 թվականին Նիկոլը դուրս էր գալիս փողոց, մարդիկ փաթափվում էին, ընդամենը 5 տարի անց թիկնապահներով ավտոբուս էր բարձրացել, հանրությունից թաքնվող, միայն թիկնապահներով շրջող Փաշինյանը ու անձամբ հանդիպեց այդ քար անտարբերությանը։ Նախ չտեսանք մարդկանց, որ որպես հարգանքի նշան, ոտքի կկանգնեին, տեղ կզիջեին, ամեն դեպքում՝ արդեն կիսաճերմակած, մորուքավոր մարդ է։ Վարչապետը բարձրանում է ավտոբուս, ու բոլորի համար մեկ է՝ կամ եղած կամ չեղած։ Ինչպես որ էդ ուղևորների համար մեկ էր, որ իրենցից 150 կիլոմետր այն կողմ մի մարդ կա, որ, ասենք, գերեզմանաքար է հղկում, նույնկերպ մեկ էր, որ էդ ավտոբուս բարձրացավ դեռ երկրի վարչապետ աշխատողը։ Քաղաքականապես ակտիվ մասը կգրի, ամոթանք կտա, որ՝ երբ բլոկադա է, երբ զինվոր է զոհվել, էս վիճակում ինչպես ես քեզ թույլ տալիս և այլն։ Իսկ սովորական քաղաքացին արհամարհած ունի։ Էնքան արհամարհանք, որ անգամ չեն էլ անիծում, չեն էլ հայհոյում, ամենքն իր համար ունի իր բացատրությունը, թե ինչու արժան չէ այլևս ոչ մի բանի։ Շատ հայտնի հոլիվուդյան ֆիլմ կա, տեսած կլինեք, կոչվում է «Ուրվականը»։ Ի՞նչ է լինում, երբ ուրվականը դեռ չգիտի, որ ինքը ուրվական է, մտնում է մետրոի վագոն․ բացարձակ ոչ մի բան, քար անտարբերություն, ոչ ոք իր կողմ չի նայում, կարծես ինքը չկա։ Մեկ այլ անգամ մեկ այլ ուրվական փորձ անում գրավել ուշադրություն՝ կարծես հայտնելով թե, տեսե՛ք, եսել եմ ստեղ ու մարդիկ սկսում են անհանգստանալ միայն, երբ ուրվականը, էդ անուշադրությունից նյարդայնացած, սկսում է ինչ-որ կերպ թղթերը մարդկանց ձեռքից նետել այս ու այն կողմ։ Հիշեցի՞ք։ Դիտեք այդ ֆիլմը, այդ դրվագը, և երեկվա տեսանյութը ավտոբուսից, լուրջ եմ ասում շատ նման էր։

Այ Նիկոլի նկատմամբ էլ այդքան անտարբեր են և աշխուժանում են միայն այն ժամանակ, երբ ամեն մեկին վնաս տալով՝ իր գոյության մասին հիշեցնում է։

ՔՊ-ականներն այս մասին լավ էլ գիտեն, հասկանում են, ու իրենց էլ է դա անհանգստացնում։ Նրանք տեսնում են, որ շարունակում են կառավարել, բայց դա ոչ մեկին պետք չէ, բոլորի համար մեկ են իրենք, ու իրենք իրենց համոզում են, թե նորմալ է, երևի այդպես էլ լինում է ցանկացած իշխանության հետ։ Բայց ախր՝ ոչ, այդպես չի լինում ոչ մի նորմալ իշխանության հետ։ Դա տեղի է ունենում նրանց հետ, ովքեր հոգնեցրել են իրենց ներկայությամբ, երկրին հասցրել են հսկայական հարված ու մնում են, շարունակում են, բայց ամեն օր հայտարարելով՝ թե տեսեք, տեսեք ինչքան լավ ա, որքան է ուրախ ու շնորհակալ ժողովուրդը, որ մենք կանք։

Նիկոլի աշխատակազմի պաշտոնյան մի հատ տեսանյութ է հրապարակել, թե ի տարբերություն նախկինների, Փաշինյանն ազատ շրջում է, ու մի կնոջ է ցույց տալիս, որն ավտոբուսից մատով ցույց է տալիս կանգառում կանգնած Փաշինյանին ու ինչ-որ բան է խոսում հեռախոսով։ Նախ ասում են երբ ձեզ մատով են ցույց տալիս, ամեն դեպքում նայեք, թե որ մատով է․ բայց կարող ա՞ մի հատ ձայնագրությունն էլ միացնեք-լսեք՝ ինչ ա ասում․ ասում է մեր թագավորը կանգառում ա՞, թե՞, օրինակ, ասում է՝ սա հլը կա՞։ Դա ճշտեք, դա կարևոր պահ ա։

Դուրս եք գալիս փողոց մի քանի ախրանիկի հետ ու եթե չեն թքում երեսներիդ, չեն գոռում դավաճան, անմիջապես տեսանյութը գցում եք համացանց, թե՝ ուրեմն ազատ զբոսնում է, ուրեմն քաղաքացիներն ընդունում են, ուրեմն մոռացան, ուրեմն ներել են, ուրեմն այսպես ու այնպես. Տղե՛րք, ուրեմն արհամարհում են։ Անխափան 15 մետր գնում եք ու արդեն մտածում եք մեծ մեծ բաներից․ իզուր, ոչոք ոչինչ էլ չի մոռացել․ հարմարվե՞լ, մի գուցե, բայց դա չի նշանակում որ մարդն ընդունել է ձեր արածը, ո՛չ, զայրույթն էլ կա, հարցերն էլ կան, ամենն էլ կա․ իսկ ձեզ ընդամենը արհամարհում են։

Տղերք, ձեզ չեն ընդունում, ուղղակի ձեր գոյությունը քարշ եք տալիս անտարբերության պայմաններում։ Ու չեն էլ ընդունելու, վստահեցնում եմ։ Ո՞ր մի քաղաքացին չունի ձեր նկատմամբ պատկերացում, ո՞վ չգիտի ով է բերել պատերազմ, ով է բերել պարտություն, ինչ է արել պարտությունից հետո, ո՞վ չգիտի, որ ամենավաճառվող բանը մեր երկրում դրոշն է, որն էլ առնում են խփելու շիրիմների վրա, դուք անշնչություն եք բերում։

Ամեն հայ ու առավել ևս՝ ՀՀ ամեն քաղաքացի հազար փաստարկ ունի թե ինչու պետք է ձեզ չհարգի։ Ես էլ ունեմ 1000 փաստարկ ու դրանց մեծ մասն արտահայտում եմ․ բայց եթե հարյուր հազարները չեն արտահայտում, պահում են իրենց մեջ, դա հո չի նշանակում, թե ձեզ ընդունում է։ Ինքնախաբեությունը վատ բան է։

Կարճ ասած՝ անտարբերությունը անմենավատ բաներից մեկն էր, որ ժողովրդի հետ կարող էր կատարվել։ Բայց սա վերջ է ունենալու։ Հլը պատկերացրեք՝ մի օր չլինեք իշխանություն, ի՞նչ է տեղի ունենալու։ Համոզված եղեք, էս անտարբերությունն անցնելու է անմիջապես, հա՛մ թքելու են, հա՛մ հայհոյելու են, հա՛մ ուշադրություն են դարձնելու մետրո բարձրացած ամեն մի իշխանավորի․ դուք էլ պադեզդ չեք դուրս գալու։ Էս էմոցիաները դուք եք կուտակում մարդկանց մոտ։ Դրանց մի օր բնական ազատություն է տրվելու։

Սևակ Հակոբյան

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը