Մեկնաբանություն

30.06.2023 17:15


«Նիկոլի թվի Հայաստան», թե՞ «Նիկոլի թվի կոկայինաշեն»

«Նիկոլի թվի Հայաստան», թե՞ «Նիկոլի թվի կոկայինաշեն»

Հայաստան էլի Հարավային Ամերիկայից կոկայինի ոչ փոքր խմբաքանակ բերելու փորձ է եղել: Ինչպես հաղորդեց ՊԵԿ-ը, մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները, օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, բացահայտել են թմրամիջոցների մաքսանենգության խոշոր դեպք: Այս անգամ Բրազիլիայի մի քաղաքացի փորձել է Սան-Պաուլոյից Երևան հասցնել 1 կգ 216 գրամ կոկային, որը փաթեթավորված է եղել 123 հատ օվալաձև պարկուճներում: «Թաքստոցը» եղել է փոխադրողի որովայնը, որտեղից էլ ապօրինի բեռը բժշկական միջամտությամբ դուրս է բերվել: Հաղորդագրության մեջ նշվում է, որ հայտնաբերված թմրամիջոցի շուկայական արժեքը գերազանցում է 300 հազար ԱՄՆ դոլարը։

Հարկավ, փոխադրման և թմրանյութի հայտնաբերման ու առգրավման «էկզոտիկ» մանրամասնությունները եթե չհաշվենք, ապա այս դեպքն այնքան էլ տպավորիչ չէ: Ճիշտ է, ամեն մեկն ու ամեն օր չէ, որ փորի մեջ համարյա կիլոուկես կոկային կտանի-կբերի, բայց դա չես համեմատի բանանի արկղերի մեջ դրված, ընդհանուր առմամբ՝ համարյա 4 տոննա կոկայինի հետ:

Դե, դրան ոչ մի փոր ու ոչ մի աղիք չէր դիմանա: Մնում է պարզել, թե ում «փորը կտաներ» Հայաստան համարյա 1 միլիարդ եվրոյի համարյա 4 տոննա կոկային ներկրել: Դեռևս մայիսին պայթած կոկայինային սկանդալը արդեն երևի շատերը մոռացել են կամ իշխանական քարոզչությունը ամեն ինչ արել է, որ այն մոռացության մատնվի: Բայց գրեթե ոչ մեկը չի կասկածում, որ առանց իշխանության «դաբրոյի» կամ ներգրավման՝ անհնար է, որ որևէ մեկը նման խոշոր խմբաքանակ Հայաստան ներկրելու կամ Հայաստանով փոխադրելու ռիսկի տակ մտներ: Այդ գործը, առնվազն 1 տոննայի մասով, ինչպես հայտնի է, Փաշինյանի ԱԱԾ-ն փորձում է բարդել ու «ջարդել» բանանի արկղերում կոկայինը հայտնաբերած «մրգային» ընկերության ղեկավարության վրա: Առնվազն հրապարակված պաշտոնական տեղեկատվությունն այդ առնչությամբ «կարված» է սպիտակ թելերով ու չափազանց շատ հարցերի տեղ է թողնում: Պաշտոնական տեղեկությունները ծայրահեղ անարժանահավատ են թվում նախ այն պատճառով, որ շատ թույլ հիմնավորումներ ունեն կամ գրեթե չունեն, երկրորդը՝ որովհետև դրանք Նիկոլ Փաշինյանի՛ իշխանության մարմինների տեղեկություններն են: Այսինքն՝ «պրոֆեսիոնալ» ստախոսի գլխավորած ու բազմաթիվ առիթներով զանազան ստերի մեջ «բռնված» իշխանության հաղորդած տեղեկություններ են ու, բնականաբար, անվստահելի:

Մյուս հարցը, որ այս առնչությամբ մնում է օրակարգում, այն է, թե այդ ինչպես է պատահել և ինչ հանգամանքների բերումով, որ հատկապես վերջին 4-5 տարիներին, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի իշխանավարման շրջանում է ակտիվացել Հայաստան թմրանյութերի ներկրումը, ավելացել են թմրանյութերի գործածման ծավալները, թմրամոլների թիվը:

Բացի այն, որ Հայաստանում այժմ իշխանության է մի խմբավորում, որի տարբեր ներկայացուցիչներ հրապարակավ հանդես են գալիս այսպես կոչված՝ «թեթև» թմրամիջոցների գործածումն օրինականացնելու, «արտադրական» կանեփ աճեցնելու օգտին, իսկ որոշ իշխանավորներ կամ իշխանական թևի որոշ ներկայացուցիչներ էլ հրապարակավ կասկածվում են թմրանյութեր գործածելու մեջ, այդ թեմայով լուրեր են տարածվում նրանց մասին և այսպես շարունակ:

Թմրամոլությունը Հայաստանում դարձել է լուրջ սպառնալիք: Այսինքն, իբր Փաշինյանի իշխանությունը մեզ քիչ էր՝ Հայաստանի կործանման իմաստով, մի բան էլ՝ թմրամոլությամբ են հարվածում: Այսպես ասած՝ «Նիկոլ թվի Հայաստանը», կարծես, արդեն պետք է վերանվանել «Նիկոլի թվի կոկայինաշեն»:

Արթուր Խայթ

Այս խորագրի վերջին նյութերը