Քաղաքական

30.06.2023 00:27


Միրզոյանն ու Բայրամովը Վաշինգտոնում «համաձայնության են հասել համաձայնագրի նախագծի ևս մի քանի հոդվածների շուրջ»

Միրզոյանն ու Բայրամովը Վաշինգտոնում «համաձայնության են հասել համաձայնագրի նախագծի ևս մի քանի հոդվածների շուրջ»

ՀՀ ԱԳ նախարարությունը Վիրջինիա նահանգի Արլինգթոն քաղաքում տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ մամուլի հաղորդագրություն է տարածել։

«Հունիսի 27-29-ը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Վիրջինիա նահանգի Արլինգթոն քաղաքի Ջորջ Շուլցի արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնում անցկացրել են երկկողմ բանակցություններ: Վաշինգտոնում ԱԳ նախարարները հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ:

Նախարարներն ու նրանց թիմերը շարունակել են առաջընթացը «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի նախագծի շուրջ: Նրանք համաձայնության են հասել համաձայնագրի նախագծի ևս մի քանի հոդվածների շուրջ և գրանցել փոխըմբռնման առաջընթաց՝ միևնույն ժամանակ արձանագրելով, որ մի քանի առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները պահանջում են հետագա աշխատանք:

Երկու նախարարներն իրենց գնահատանքն են հայտնել ամերիկյան կողմին Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները հյուրընկալելու համար և հայտնել բանակցությունները շարունակելու իրենց հանձնառությունը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը