Մեկնաբանություն

30.06.2023 00:30


Նիկոլ Փաշինյանի թուրք-ադրբեջանական «նշաձողը». hարցը «միջազգային հանրությունը» չէ, հարցը Փաշինյանն է

Նիկոլ Փաշինյանի թուրք-ադրբեջանական «նշաձողը». hարցը «միջազգային հանրությունը» չէ, հարցը Փաշինյանն է

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մարսել կատարած եռօրյա այցի ընթացքում Մարսելի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի ու շրջափակման վերաբերյալ ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի ԿԿ ներկայացուցիչ Հրաչ Վարժապետյանի հարցին, հայտարարել է. «Ես Ալիևի վրա ավելի շատ ճնշում եմ բանեցրել և կբանեցնեմ, քան Փաշինյանը: Հարցը Փաշինյանն է: Ես Արցախի հարցով միակն եմ, որ հստակ կեցվածք և պատգամ ունեմ»:

Հետագա հարցուպատասխանի, մասնավորապես, ՀՅԴ ներկայացուցչի շեշտադրմանը, որ հազարամյակներով հայաբնակ ու հայապատկան Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելու որևէ մտադրություն կտրականապես անընդունելի է, Ֆրանսիայի նախագահ Մակրոնը ընդգծել է. «Չկասկածեք, Արցախի և ընդհանրապես Հայաստանի հարցերով վճռականությանս մեջ: Պիտի շարունակեմ ջանքերս, նույնիսկ եթե մինչ օրս այս օրակարգով գրեթե միակն եմ միջազգային ընտանիքի մեջ: Գիտեք նաև, որ առաջին անգամ Ֆրանսիան Հայաստանում իր դեսպանություն է ուղարկել զինվորական կցորդ, իսկ դա ինչ-որ բան նշանակում է, չէ՞: Մենք պիտի անենք մեր կարելին, առավելագույնը»:

Ինչ կարելի է նշել այս առնչությամբ: Առաջինը. Նիկոլ Փաշինյանը, կհիշեք, պաշտոնապես հայտարարել է, իսկ ավելի ճիշտ՝ պաշտոնապես ու բացահայտ ՍՏԵ՛Լ է, թե՝ «միջազգային հանրությունը մեզ կրկին ասում է՝ մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը»:

Բայց այդպես էլ Փաշինյանը երբեք չպարզաբանեց, թե այդ ո՞ր երկրները, գերտերություններն էին «միջազգային հանրությունը», որը Հայաստանին ասում, Հայաստանի վրա ճնշում էր գործադրում, թե «Lեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում իջեցրեք նշաձողը», մինչև ուր էին այդ նշաձողը պահանջում իջեցնել: Եվ, ամենից կարևորը. 2022-ի ապրիլի 18-ից հետո, մինչև 2022-ի հոկտեմբերի 6-ն այդ ի՞նչ երկրաշարժային փոփոխություններ եղան, որ Նիկոլ Փաշինյանը Արցախի հարցում «նշաձողն» իջեցրեց մինչև այն ընդհանրապես վերացնելու աստիճան և հայտարարեց ու շարունակում է հայտարարել, թե «Արցախը ադրբեջանական տարածք է»:

Հիմա էլ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը գործնականում «մատնում», եթե կուզեք՝ «վառում» է Նիկոլ Փաշինյանին, անուղղակիորեն բացահայտում է նրա սուտը, թե «միջազգային հանրությունը» նման բաներ էր պահանջում: Ավելին, Մակրոնը պարզ ու կոնկրետ նշում է, որ ինքն Ալիևի վրա շատ ճնշում էր գործադրում, քան նույն Փաշինյանը: Եվ ընդհանրապես, Ֆրանսիայի նախագահն ընդգծում է, որ ինքը միակն է, որ Արցախի հարցում հստակ կեցվածք ու պատգամ ունի:

Սա ևս մեկ անգամ ապացուցում է ակնհայտը. Նիկոլ Փաշինյանի համար «միջազգային հանրություն» ասվածը բացառապես իր սիրելի, իր եղբայր թուրքերն ու ադրբեջանական թուրքերն են: Միայն ու միայն նրանք, այսինքն՝ Հայաստանի ու հայության թշնամիներն են Նիկոլ Փաշինյանի ու նրա ՔՊ-ի հասկացած «միջազգային հանրությունը»: Ու, այո՛, այդ «միջազգային հանրության» ամեն մի պահանջ սրանք վազեվազ կատարում են:

Ի դեպ, Մակրոնը շատ ճիշտ հուշում է տվել. «Հարցը Փաշինյանն է»:

Կարճ ասած՝ Ֆրանսիայի նախագահը պարզորոշ ակնարկել է բոլորիս. մեջտեղից հանե՛ք (իշխանությունից հեռացրե՛ք) Փաշինյանին ու գոնե այդքանով «հարց» չեք ունենա կամ առնվազն՝ «Փաշինյանի տեսքով հարց» չեք ունենա:

Այո՛, հարցը Փաշինյանն է: Ու Եթե հայությունը ցանկանում է ունենալ Հայասատան, ունենալ Արցախ և ապագա, պիտի չունենա Փաշինյան՝ որպես պետության ղեկավար: Այդքան բան կամ՝ սե լա վի:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը