Մեկնաբանություն

14.10.2011 20:09


Ո՞ր տարբերակով կհեռանա Սերժ Սարգսյանը

Ո՞ր տարբերակով կհեռանա Սերժ Սարգսյանը

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանի նախագահության օրոք համատարած ձախողումներ են արձանագրվել ՀՀ թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքականության (հատկապես՝ սոցիալ–տնտեսական ոլորտում) մեջ՝ նրա վերընտրվելու հավանականությունը գրեթե զրոյական է։ Այս ամենը հասկանում են շատերը, բայց արի ու տես, որ մեր «նախաձեռնող» նախագահը, հաշվի չառնելով ստեղծված իրավիճակը, փորձում է ձեռնոց նետել հասարակության մեծամասնությանը և վերարտադրվելու խնդիր է դնում։

Նախագահության երկրորդ ժամկետի գնալու նպատակով էր, որ այս տարվա փետրվարի 17–ին կոալիցիոն նոր հուշագիր ստորագրվեց, որով ուզում էին կանխել ԲՀԿ–ի առաջխաղացումը, բայց ամիսներն անցան ու պարզվեց, որ ԲՀԿ–ի դեմ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած ՀԱԿ–ի օգնությամբ Բաղրամյան 26–ի իրականացրած քայլը որևէ էական բան չփոխեց քաղաքական ուժերի հարաբերակցության և ներքաղաքական կյանքի մեջ։ Ճիշտ հակառակը՝ կոալիցիոն նոր հուշագրի ստորագրման մեջ շահագրգիռ Ս. Սարգսյանի ու Լ. Տեր–Պետրոսյանի գլխավորած թիմերը հիշյալ թղթի ստորագրությանը հաջորդած ժամանակահատվածում վարկանիշային գահավիժում արձանագրեցին, իսկ Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ–ն ոչ միայն կարողացավ հաղթահարել շոկը, այլև նոր թափ հավաքեց, և այդ փաստը ստիպված ֆիքսեց անգամ ՀԱԿ առաջնորդը, ով իր հանրահավաքային ելույթներից մեկում խոստովանեց, որ ԲՀԿ–ի հետ պետք է հաշվի նստել, քանի որ այն ռեալ ուժ է և հանրային աջակցություն ունի։

Հիմա եթե Սերժ Սարգսյանը փորձի սեփական դիրքերն ամրապնդելու և փլուզումից վերջնականապես խուսափելու նպատակով «կոալիցիոն նոր հուշագրի ստորագրման» պես ևս մեկ քայլի գնալ ու հոգեբանաքարոզչական մեթոդներով շանտաժի ենթարկել կոալիցիոն «գործընկերոջը»՝ ԲՀԿ–ին, ապա դա նրան այլևս չի հաջողվի։

Բանն այն է, որ այս տարվա փետրվարին երկրում առկա էր հեղափոխական մթնոլորտ, և արմատական քայլերի պատրաստ զանգվածը հավաքվել էր Լևոն Տեր–Պետրոսյանի շուրջ, սակայն ՀԱԿ առաջնորդը նախընտրեց Սերժ Սարգսյանի իշխանության կայունության երաշխիքը դառնալ և կուլիսային գործարքի գնաց նախագահական նստավայրի հետ՝ բավարարվելով «պահանջներ» առաջ քաշելով և «երկխոսված» լինելու հեռանկարով։

Այն ժամանակ, փաստորեն, Սերժ Սարգսյանը ԲՀԿ–ի դեմ հանեց վարչական ու նաև Տեր–Պետրոսյանի տնօրինման տակ հայտնված փողոցի ռեսուրսը և ստացավ կոալիցիոն նոր հուշագիր։ Սակայն հետագա զարգացումները ցույց տվեցին, որ դա պյուռոսյան հաղթանակ էր Բաղրամյան 26–ի համար։  Նույն բանն անել այժմ չի հաջողվի, քանի որ  ՀԱԿ–ն արդեն մարգինալացել է և ցանկության դեպքում անգամ չի կարող ԲՀԿ–ի դեմ օգտագործվել Սարգսյանի կողմից ինչպես նախկինում (Տեր–Պետրոսյանի շուրջ այլևս չկան զանգվածներ)։ Իսկ դա նշանակում է, որ Սերժ Սարգսյանն այժմ զրկված է փողոցի անուղղակի աջակցությունից։ Փորձել «երկխոսական» բեմականացումներով արհեստականորեն ուժեղացնել ՀԱԿ–ին՝ իշխանությանն արդեն չի հաջողվի։

Բացի այդ, եթե կոալիցիոն հուշագրի ստորագրման ժամանակ ֆորմալ առումով Ղարաբաղի հետ կապված լարված բանակցային փուլ կար և դա ներկայացվեց որպես հիմնական պատճառ, թե ինչու պետք է Ծառուկյանը դնի իր ստորագրությունը, ապա այժմ նման բան չկա և չի աշխատի «մենք Ղարաբաղի համար կռիվ ենք տալիս, իսկ ԲՀԿ–ն չի սատարում մեզ ու մեջքից հարվածում է» դեմագոգիան։

Գագիկ Ծառուկյանն իր վերջին հարցազրույցով ֆիքսեց երկու բան՝

ա. ԲՀԿ–ն առաջիկա ԱԺ ընտրություններին մասնակցելու է առանձին, բայց միևնույն ժամանակ պատրաստ է նպաստել հանրային լայն կոնսոլիդացիային, որը, սակայն, ավելին է, քան այսօրվա կոալիցիան,

բ. սպասվող նախագահական ընտրություններում այս կամ այն թեկնածուին սատարելու հարցը ԲՀԿ–ն կորոշի խորհրդարանական ընտրություններից հետո։

Հիմա եթե Սերժ Սարգսյանը ԲՀԿ–ի հետ կոալիցիոն կապերը խզելու շանտաժ–սպառնալիքով փորձ անի վերջինիցս ստանալ նշյալ երկու կետերում դիրքորոշման փոփոխություն, ապա նրա մոտ ոչինչ չի ստացվի։

ԱԺ ընտրություններին շատ ժամանակ չի մնացել և Սարգսյանը չի հասցնի ու նաև, հաշվի առնելով ներիշխանական քանդված վիճակը, չի կարողանա ԲՀԿ–ի հետ կապերը խզելով ռեպրեսիաներ կիրառել այդ կառույցի դեմ, իսկ ոչ կոալիցիոն ուժի կարգավիճակում Ծառուկյանին ընտրությունների գնալը միգուցե ավելի ձեռնտու լինի։

Իսկ եթե այնուամենայնիվ Սարգսյանը, ընդառաջ գնալով իր շրջապատի ճնշումներին, որոշի կոշտ առճակատման գնալ ԲՀԿ–ի հետ, ապա մեզանում տեղի կունենա այն, ինչի ակնկալիքն ուներ մեր հասարակության ճնշող մեծամասնությունն այս տարվա փետրվար–մարտին, այն է՝ Սերժ Սարգսյանն ամենայն հավանականությամբ կարժանանա Եգիպտոսի նախկին նախագահ Մուբարաքի ճակատագրին, բայց ոչ թե իր «էջմիածնական միաբանների», ինչպես միամտաբար այս տարվա սկզբում կարծում էին ոմանք, այլ լրիվ այլ սուբյեկտների կողմից։ Այն զանգվածները, որոնք պատրաստ են դուրս գալ Սարգսյանի իշխանության դեմ՝ լևոնական ձևերով տուն չեն ուղարկվի, այլ կուղղորդվեն համապատասխան մեթոդներով ու տեխնոլոգիաներով։ Առճակատման դեպքում խաղի մեջ կմտնեն համապատասխան «զակալկայով» ու գաղափարական հստակ դիմագիծ ունեցող  մարդիկ, և այդ ժամանակ թող ոմանք չասեն, թե բա էս ի՞նչ եղավ։ Ագահությունը դեռ ոչ մեկին չի փրկել կործանումից։ Ինչևէ։

Կարծում ենք, որ Սարգսյանը ճիշտ կանի, եթե իշխանության հանձնման ուկրաինական տարբերակն ընտրի, երբ տնտեսական խայտառակ ցուցանիշներ արձանագրած Ուկրաինայի նախագահ Յուշչենկոն, քիչ ձայներ ստանալով հաջորդ ընտրություններում, խաղաղ ձևով հեռացավ։ Նա այնքան խելամիտ գտնվեց, որ փորձ չարեց ավելորդ ապակայունացում մտցնել երկրում ու կառչել աթոռից։ Դա, ի դեպ, թույլ տվեց Յուշչենկոյին քրեական օրենսգրքի հետ խնդիրներ չունենալ և ճաղերի հետևում չհայտնվել։

Ճիշտ է, Յուշչենկոյի ժամանակվա վարչապետ Տիմոշենկոյին հիմա դատում են, բայց դա այն գինն է, որը վճարում է Ուկրաինայի նախկին նախագահը՝ տնտեսական կտրուկ անկում արձանագրելու (15 %) և սեփական կաշին փրկելու համար։ Ասել է թե՝ Յուշչենկոյի ճակատագրին արժանանալու համար Սերժ Սարգսյանը պետք է համակերպվի այն մտքի հետ, որ «Հայկական աշխարհ» կառուցելու անվան տակ Հայաստանի տնտեսության հերն անիծած Տիգրան Սարգսյանը պետք է արժանանա Տիմոշենկոյի ճակատագրին։ Ինչ որ մեկն ի վերջո պե՞տք է պատասխան տա այս խայտառակ վիճակի համար, թե՞ ոչ։ Ս. Սարգսյանը պետք է ընտրի, թե ով է լինելու պատասխան տվողը՝ ի՞նքը, թե՞ վարչապետը։

. . .

Եվ այսպես, ներկա քաղաքական իրավիճակում անվիճելի է, որ անփառունակ կառավարած Սերժ Սարգսյանը պետք է հեռանա։ Հարցն այն է, թե ո՞ր տարբերակով։ Եթե նա հաշվի չառնի օբյեկտիվ գործոնները և անհեռատեսորեն առաջնորդվի «մեկ ազգ, մեկ օլիգարխ, մեկ տիրացու, մեկ փեսա» ծրագիրը կյանքի կոչելու ցանկությամբ,  ապա նրա մուբարաքացումը, թերևս, անխուսափելի կդառնա և այդ ամենից նրան չի կարողանա փրկել անգամ իր վաղեմի ընկերը, ում դեմ ինքը «լևոնական» մամուլով կեղտոտ քարոզարշավ է տանում նրա շնորհիվ նախագահ դառնալուց ի վեր։

Մյուս տարբերակը Սարգսյանի համար, ինչպես արդեն նշեցինք, Յուշչենկոյի ճանապարհով հեռանալն է, երբ քեզ չեն դատում, այլ բավարարվում են միայն «տիրացուիդ» շատ կոնկրետ հարցադրումներ անելով՝ սկսած դրսից բերված միլիարդանոց վարկերի օգտագործումից, «Նաիրիտից», դեղերի շուկայից  մինչև ՀՀ պահուստային դոլարները 305 դրամով մասնավոր բանկերին վաճառելն ու մեկ գիշերվա մեջ դրամի փոխարժեքը 25%–ով արժեզրկելով բնակչության գրպանը մտնելը։ Թե այդ ընթացքում ուրիշ էլ ինչեր կբացահայտվեն, դա արդեն քննությունը ցույց կտա։ Բայց մեկ բան աներկբա է՝ Տիգրան Սարգսյանն իշխանափոխությունից հետո պետք է պատասխան տա իր արածների՝ փոքր ու միջին բիզնեսի դեմ դահիճություն անելու, 3-4 տարվա ընթացքում ՀՆԱ–ի մեկ քառորդը ոչնչացնելու և այլ բաների համար՝ չհաշված ԿԲ նախագահ աշխատած տարիներին արված քայլերը։

Հուսանք, որ շախմատ խաղալ սիրող Սերժ Սարգսյանը սթափ կգնահատի ամեն ինչ և կհեռանա «պո խառոշոմու»՝ Յուշչենկոյի տարբերակով։ Այդպես լավ կլին հա՛մ իր, հա՛մ երկրի համար։

Կարեն Հակոբջանյան

թեմայի շուրջ քննարկումներին կարող եք մասնակցել՝ http://blog.7or.am/archives/7483#comments

Այս խորագրի վերջին նյութերը