Մեկնաբանություն

14.10.2011 14:24


Խուճապ, շանտաժ, զսպվածություն

Խուճապ, շանտաժ, զսպվածություն

Վերջին մեկ շաբաթում իշխանության ստվերային և հրապարակային ինֆորմացիոն խողովակի դեր կատարող լրագրողական և վերլուծական շրջանակները համառորեն «տեղեկատվություն» են տարածում, թե հոկտեմբերի կեսերին «Նախագահը ԲՀԿ-ին կոալիցիայից հանելու է»: «Հաստատ ինֆորմացիա է»,- վերջում ավելացնում են:

Նախ հասկանանք իշխանության, մեղմ ասած, անհանգստության հիմնական պատճառները.

ա/ Երկրի տնտեսության աննախադեպ ծանր վիճակը,

բ/  Սոցիալական դժգոհությունների աննախադեպ մակարդակը,

գ/ Երկրում ընդհանուր բարոյահոգեբանական, հուսալքության հասնող վիճակը,

դ/ Պուտինի վերադարձը նախագահության,

ե/ Լ. Տեր-Պետրոսյանի հայտնի գնահատականները ՀՀԿ-ին և ռեվերանսները` ԲՀԿ-ին,

զ/ Ռ. Քոչարյանի վերջին հարցազրույցը։

Սրանք այն հիմնական գործոններն են, որոնք ցանկացած իշխանության վերարտադրությունը խիստ անհավանական է դարձնում: Իհարկե, առավել կարևոր են առաջին երկուսը:

Գործող նախագահը հասկանում է, որ իր կոալիցիայում կա երկու ուժ` ՀՀԿ և ԲՀԿ: ՕԵԿ-ը, ակնհայտ, բալաստ է, որը նյարդայնացնում է արդեն բոլորին` ամենից շատ` ՀՀԿ-ի վերնախավին:

Ամբողջ խնդիրն այն է, որ ՀՀԿ-ի մի զգալի հատվածը, նույնպես տեղյակ է վերը թվարկված 6 կետերին և ամենևին չի պատրաստվում փլատակների տակ մնալ: Իսկ այս ողջ ընթացքում, ԲՀԿ-ն նախկինի պես սխալներ թույլ չի տալիս, իսկ նրանց ղեկավարը դարձել է անճանաչելիորեն զուսպ և հավասարակաշռված: ԲՀԿ-ն ձեռք է բերում լայն հասարակական համախմբում ապահովող ուժի կարգավիճակ: Ասել է, թե` հստակեցնում է իր քաղաքական դեմքը:

Այս պայմաններում, Բաղրամյան 26-ի մանևրելու հնարավորությունները փոքրանում են ու հանգում արդեն իսկ մեկ անգամ կիրառված` «նոր կոալիցիոն հուշագրի» գաղափարին: Բայց պայմաններն ու իրավիճակն արդեն փոխվել են:

Հնարավոր չէ երկիրն անընդհատ թղթերով կառավարել, եթե նույնիսկ դրանք կոչվեն հուշագրեր:  Մյուս կողմից` ԲՀԿ-ին «կոալիցիայից հանելու» մեխանիզմ չկա: Թե՛ Սահմանադրությունը, թե՛ կոալիցիոն հուշագիրը նման մեխանիզմ չի նախատեսում: Հնարավոր է միայն լուծարել կոալիցիան, կազմել նոր փաստաթուղթ, ստորագրել այն` ձևավորելով նոր կոալիցիա: Այս պայմաններում ԲՀԿ-ն կարող պարզապես չստորագրել այդ նոր թուղթը` հղում կատարելով իր 2 սկզբունքների վրա.

  1. Խորհրդարանական ընտրություններին մասնակցել առանձին,
  2. Նախագահական ընտրություններին անդրադառնալ միայն խորհրդարանականից հետո:

Ամփոփում

Բաղրամյան 26-ի այս մեկ շաբաթվա տեղեկատվական արտահոսքերը, ավելի շանտաժի են նման, քան ծրագրավորված քայլերի: Եթե իրավիճակի հստակ գնահատական տանք, ապա այդ թիմը այսօր չունի պետական կառավարման համակարգում և երկրում էական տեղաշարժերի գնալու ռեսուրս: Նրանց մնացել է միայն «մուտիլովկան» կիրառելու միջոցը։ Այլ հարց է, որ Բաղրամյան 26–ում կարող են մինչև  վերջին պահը դա չգիտակցել: Նկատենք միայն, որ Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրի հայտնի հարցազրույցը արդեն իսկ էական դեվալվացիայի է ենթարկել ողջ պետական համակարգը: Ստուգեք ինքներդ:

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը