Մեկնաբանություն

22.06.2023 16:15


Նիկոլի համար Վիգեն Խաչատրյանն ավելի կարևոր է, քան 120 հազար արցախցիները, քան Արցախը, քան Հայաստանը

Նիկոլի համար Վիգեն Խաչատրյանն ավելի կարևոր է, քան 120 հազար արցախցիները, քան Արցախը, քան Հայաստանը

Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Արցախի տոտալ շրջափակմանը և նույնիսկ մի քանի րոպեանոց ելույթ ունեցավ այդ թեմայով: Չնայած ինքը՝ Նիկոլ Փաշինյանը վաղուց այլևս անհետաքրքիր է, բայց նրա ելույթի տոնայնությունը, բովանդակությունը, ինչպես նաև՝ նրա պահվածքը այլ հարցերի անդրադառնալիս, ինչ-որ չափով հետաքրքիր են:

Ի՞նչ ասաց Նիկոլ Փաշինյանը Արցախն Ադրբեջանի կողմից տոտալ շրջափակման ենթարկելու վերաբերյալ: Առանձնապես ոչինչ: Մոնոտոն ձայնով ու մի տեսակ անհաղորդ նկարագրեց իրավիճակը, ապա երկար-բարակ խոսեց Հաագայի դատարանի ս.թ. փետրվարի 22-ի հայտնի որոշման ու Ադրբեջանի կողմից այն չկատարելու մասին: Ո՛չ մի դատարապտող արտահայտություն Ադրբեջանի ու Ալիևի հասցեին, ո՛չ մի խիստ ձայներանգ, ո՛չ մի հուսադրող կամ գոտեպնդող ելևէջ: Այնպիսի տպավորություն էր, որ նրա առջև Արցախի դամբանականի տեքստն է դրված, որի ընթերցանությունն իրեն հարկադրել են:

Ի վերջո, Փաշինյանը հասավ որոշ դադարներով ընթերցվող տեքստի այն մասին, որտեղ շարադրված էին իրադրության լուծման վերաբերյալ իր կառավարության պատկերացումները: Ու ի՞նչ պատկերացում ունեն Նիկոլ Փաշինյանն ու նրա կառավարությունը: Ահավասիկ.

«1. Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումը պետք է կատարվի, և սա միջազգային օրակարգի հարց է, ներառյալ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հարց, որովհետև հենց այս մարմինն է լիազորված ապահովելու Արդարադատության միջազգային դատարանի որոշումների կատարումը:

2. Պետք է, ի վերջո, գործարկվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմը, որի շրջանակներում կհասցեագրվի Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հիմնախնդիրը»:

Այսի՞նքն: Այսինքն՝ Հաագայի դատարանի որոշումը «միջազգային հանրությունն» ինչպես ընդունել է, թող այնպես էլ հետամուտ լինի դրա իրականացմանը, «մենք», այն է՝ Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունն այստեղ ի՞նչ կապ ունեն: Մի խոսքով, այդ հարցն ու դրա համար պատասխանատվությունը իր վրայից «գցեց»:

Ինչ վերաբերում է Արցախի հայությանը, ապա ըստ Նիկոլ Փաշինյանի ասածի ակնհայտ տողատակի, թող իրենց գլխի ճարը տեսնեն, գնան՝ Ալիևին խոնարհվեն, ներողություն հայցեն, հալբաթ կթողնի, որ մի երկու պարկ ալյուր տեսափոխեն Ստեփանակերտ: Եվ էլի՝ «մեզանից», այն է՝ Նիկոլ Փաշինյանից ու նրա իշխանությունից ի՞նչ եք ուզում, իրենք ասել են, որ Արցախն ադրբեջանական է, և վերջ: Իրենք վերջապես ազատվել են Արցախից ու Արցախի բեռից:

Եվ դրանից անմիջապես հետո, Նիկոլ Փաշինյանը խոսեց այն մասին, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների հարցում իր իշխանության դիրքորոշումը մնում է նույնը, այն է՝ «բոլոր ջանքերը պետք է գործադրենք խաղաղության հաստատման և հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքելու համար: Հաջորդ շաբաթ Վաշինգտոնում տեղի է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, և մեր պատվիրակությունը Միացյալ Նահանգներ է մեկնում հենց այս տրամադրվածությամբ»:

Ինչպիսի՜ երեսպաշտություն ու բացահայտ սրիկայական վերաբերմունք: Սա իրեն տիեզերքի «ամենից հայրենասեր» անձնավորություն երևակայողի մոտեցումն ու վերաբերմունքն է: Նիկոլ Փաշինյանը, իր սիրելի Ալեն Սիմոնյանի նման թքա՛ծ ունի Արցախի, Արցախի հայության, առհասարակ՝ հայության ու Հայաստանի վրա:

Ու դա, ի լրումն ամենի, շատ լավ ևս մեկ անգամ երևաց նրա վարքից: Եթե Արցախի վերաբերյալ տեքստը Փաշինյանը կարդում էր մոնոտոն-անհաղորդ, ապա երբ բանը հասավ իր անձնական սպասարկմանը լծված տխրահռչակ բազմակուսակցական, ադրբեջանական ու թուրքական շահերի բացահայտ լոբբինգով զբաղված Վիգեն Խաչատրյանի մեռնելու մասին հայտարարելուն, Նիկոլ Փաշինյանը մի կերկերուն-ողբերջական ձայներանգ վերցրեց ու՝ էլ պետական գործի՜չ, էլ ավանդ ունեցո՜ղ, էլ չգիտես ի՜նչ, վերջում էլ, թե՝ «1 րոպե լռությամբ հարգենք...»: Այսինքն, Նիկոլ Փաշինյանի համար Վիգեն Խաչատրյանն ավելի կարևոր է, քան Արցախը, Արցախի հայությունը և Հայաստանը:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը