Քաղաքական

21.06.2023 20:39


ՌԴ-ն Երևանին կոչ է անում չհեռանալ եռակողմ ձևաչափով աշխատանքից, իսկ Բաքվին՝ քայլեր ձեռնարկել Լաչինի միջանցքի ապաշրջափակման ուղղությամբ (տեսանյութ)

ՌԴ-ն Երևանին կոչ է անում չհեռանալ եռակողմ ձևաչափով աշխատանքից, իսկ Բաքվին՝ քայլեր ձեռնարկել Լաչինի միջանցքի ապաշրջափակման ուղղությամբ (տեսանյութ)

Ռուսաստանը Երևանին կոչ է անում չհեռանալ եռակողմ ձևաչափով աշխատանքից, իսկ Բաքվին՝ քայլեր ձեռնարկել Լաչինի միջանցքի ապաշրջափակման ուղղությամբ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Երևանի գործունեության ընդհատումը բացասաբար է անդրադառնում տարածաշրջանում իրավիճակի վրա և հանգեցնում է հողի վրա իրավիճակի սրման։ Իսկ Բաքվին կոչ ենք անում քայլեր ձեռնարկել Լաչինի միջանցքի ապաշրջափակման ուղղությամբ և Ղարաբաղի բնակչությանը Երևանի հետ քաղաքական տարաձայնությունների պատանդ չդարձնել»,-ասել է Զախարովան։

Նա նաև հայտարարել է, որ Մոսկվան շարունակում է աշխատանքը ՌԴ խաղաղապահների միջոցով՝ Լաչինի միջանցքի ամբողջական ապաշրջափակման համար և ակնկալում է, որ հայկական և ադրբեջանական կողմերը կկատարեն եռակողմ համաձայնագրով ստանձնած բոլոր պարտավորությունները:

«Այն նախկինի պես արդիական է»,-ավելացրել է Զախարովան։

***

Ռուսաստանը հասկանում է, որ Հայաստանի համար զգայուն հարց է Շուշիում Թուրքիայի հյուպատոսության հնարավոր բացումը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հայտարարությունը, որ Անկարան պատրաստ է ցանկացած պահին գլխավոր հյուպատոսություն բացել Շուշիում։

«Ցանկացած վայրում, մասնավորապես՝ Շուշիում, հյուպատոսությունների բացման հարցը շարունակում է մնալ երկկողմ կապերի թեման: Տվյալ դեպքում՝ Բաքվի և Անկարայի միջև։

Միաժամանակ, հասկանում ենք հարցի զգայունությունը Երևանի համար։ Մեր շփումներում շեշտը դնում ենք միմյանց շահերը հաշվի առնելու անհրաժեշտության և ինչպես հայ-ադրբեջանական, այնպես էլ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի կարևորության վրա»,-ասել է Զախարովան։

***

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստը կապված է Հայաստանում ներքաղաքական գործընթացների հետ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությունները, որոնք վերաբերվում էին ռազմական գործողությունների դադարեցմանն ուղղված Ռուսաստանի միջնորդությանը։

«Վստահ չեմ, որ մենք պետք է մեկնաբանենք ներքին բանավեճերը, բայց, իհարկե, բարձր մակարդակի գաղտնի բանակցություններն էլ իմ իրավասությունը չեն։ Դա մեր ավանդույթների մեջ չի մտնում և ֆունկցիոնալ պարտականությունը չէ։ Բայց որքան էլ ներքին բանավեճը թեժ լինի, կա ճշմարտություն՝ հենց ՌԴ-ն է կարողացել Ղարաբաղում հրադադարի հասնել 2020 թվականի աշնանը, և դա արձանագրված է թղթի վրա»,-նշել Է Զախարովան։

Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը կարծում է, որ ավելի լավ է ուշադրությունը կենտրոնացնել ոչ թե մեղավորների որոնման վրա, կամ գոնե այդ հարցը թողնել պատմաբաններին, այլ բարձր մակարդակով պայմանավորվածությունների իրականացման վրա:

***

Լաչինի միջանցքի անցակետում հունիսի 15-ին տեղի ունեցած միջադեպը կապված է հայ-ադրբեջանական սահմանազատված սահմանի բացակայության ընդհանուր խնդրի հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` մեկնաբանելով Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած միջադեպը։

«Լաչինի միջանցքի միջադեպը կապված է հայ-ադրբեջանական սահմանազատված սահմանի բացակայության ընդհանուր խնդրի հետ: Ռուսական կողմը բազմիցս կոչ է արել ՌԴ խորհրդատվական աջակցությամբ գործարկել երկկողմ հանձնաժողովի արդյունավետ աշխատանքը։ Մենք պատրաստ ենք օգնել սահմանագծման և սահմանը որոշելու հարցում, որը կողմերի հերթական կռվախնձորն է դարձել։

Ռուս խաղաղապահներին ուղղված մեղադրանքները բացարձակապես անհիմն են։ Մենք խստորեն խորհուրդ ենք տալիս նվազեցնել այս կապակցությամբ լրատվամիջոցների հռետորաբանության աստիճանը: Խաղաղապահները սերտորեն աշխատում են կողմերի հետ՝ իրավիճակը կարգավորելու համար»,-ասել է Զախարովան։

Այս խորագրի վերջին նյութերը