Քաղաքական

21.06.2023 11:29


ԲԴԽ անդամներից ոմանք կհայտնվեն ճաղերի հետևում․ «Հրապարակ»

ԲԴԽ անդամներից ոմանք կհայտնվեն ճաղերի հետևում․ «Հրապարակ»

Երկու օր է՝ Բարձրագույն դատական խորհուրդը քննում է դատավոր Դավիթ Հարությունյանի դեմ բերված կարգապահական վարույթը, որի ընթացքը ոչ միայն անձամբ Հարությունյանին, այլև իրավաբանական հանրության շատ ներկայացուցիչների է ապշեցրել։ Նախ՝ ԲԴԽ-ն որոշեց, որ վարույթի քննությունը պետք է անցնի դռնփակ, մինչդեռ նրա դեմ վարույթ է հարուցվել այն բանի համար, որ նա հրապարակավ քննադատել է ԲԴԽ որոշումները, այսինքն՝ օգտվել է խոսքի ազատության իր իրավունքից, կարծիք է հայտնել: Ստացվում է` հրապարակավ հնչեցված խոսքի թույլատրելիության հարցը ԲԴԽ-ն քննում է փակ դռների հետևում՝ պատճառաբանելով, թե դա արդարադատության շահն է պահանջում: Ո՞ր շահը, ինչպե՞ս է դա հիմնավորում` լրագրողների հարցերին ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը չպատասխանեց, փոխարենը քրեական ու քաղաքացիական օրենսգրքերի հոդվածներով սպառնաց, թե` զրպարտում եք ինձ։

Նիստի մեկնարկին պարզվեց, որ ԲԴԽ դատավոր անդամ Նաիրա Հովսեփյանն ինքնաբացարկ է հայտնել՝ ասելով, որ դատավոր Հարությունյանի հետ ընտանեկան ջերմ հարաբերություններ ունի։ Միջնորդությունը ԲԴԽ-ի կողմից բավարարվեց, ապա ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին՝ ուղղված արդարադատության նախարարության ներկայացուցիչներին: ԲԴԽ դատավոր անդամ Արշակ Վարդանյանին ևս հայտնեցին` պատճառաբանելով, թե Վարդանյանն ու Դավիթ Հարությունյանն ընկերական հարաբերություններ ունեն, հետևաբար, նա չի կարող մասնակցել միջնորդության քննությանը, ինչը ևս ԲԴԽ-ի կողմից բավարարվեց։ Արդյունքում վարույթը քննվեց հետևյալ կազմով․ դատավոր անդամներ Արթուր Աթաբեկյան, Կարեն Անդրեասյանի սանիկ Քրիստինե Մկոյան, գիտնական անդամներ Երանուհի Թումանյանց, ով Կարեն Անդրեասյանի՝ ՄԻՊ և արդարադատության նախարար եղած ժամանակ նրա տեղակալն է եղել, Վիգեն Քոչարյան, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Հայկ Գրիգորյան և Սասուն Խաչատրյանի եղբայր Դավիթ Խաչատուրյան:

Թեմայի առնչությամբ զրուցել ենք Դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանի հետ. ինչպե՞ս է գնահատում Հարությունյանի դեմ կարգապահական վարույթի քննության ընթացքը, որքանո՞վ են ԲԴԽ գործողություններն օրինական` նիստը դռնփակ անցկացնելը, փաստաբաններին պաշտպանություն իրականացնել թույլ չտալը և այլն։ «Ցանկացած գիտակից անձ ինչպիսի՞ գնահատական կարող է տալ նման պայմաններում․․․, վերջին ժամանակահատվածում, մասնավորապես Կարեն Անդրեասյանի՝ ԲԴԽ նախագահ ընտրվելու ժամանակահատվածում, ԲԴԽ-ն որևէ օրինական գործողության, չեմ ասում` որոշման, գործողության անգամ մոտիկ չի եղել։ ԲԴԽ-ն նպատակ է հետապնդում՝ ազատվել բանիմաց, պրոֆեսիոնալ՝ իրենցից ավելի խելացի դատավորներից, գիտնականների մասին էլ չեմ ասում, իրենք իրենց երևի գիտնական չեն համարում։ Նպատակը Դավիթ Հարությունյանից ազատվելն է»,-պատասխանեց Ազարյանը։

Պարոն Ազարյանին հարցրինք․ ի՞նչ է կարծում՝ Դավիթ Հարությունյանից ազատվելուց հետո, նրա նման, մյուս դատավորներից ե՞ւս կփորձեն ազատվել։ «Բարձրագույն դատական խորհուրդը և արդարադատության նախարարությունը կարգապահական վարույթներ հարուցելով ու քննելով՝ երկակի ստանդարտներ են կիրառում, նույն եռյակի նկատմամբ՝ Աստղիկ Խառատյան, Տիգրան Պետրոսյան, Արտակ Բարսեղյան․․․, շատ տարօրինակ է, որ նմանատիպ այլ պայմաններում այլ անձանց նկատմամբ վարույթ չի հարուցվել, իսկ կոնկրետ անձանց նկատմամբ հարուցվել է։ Եթե խոսեմ կոնկրետ Դավիթ Հարությունյանի մասին, ապա նա ոչ միայն իմ ընկերն է, այլև մեր պետության լավագույն դատավորներից մեկն է, եթե ոչ լավագույնը։ Նկատի ունենալով, որ քաղաքական իշխանությունը հետապնդում է այս երկրում դրական ամեն ինչի ոչնչացման նպատակ, ապա ես վստահ եմ, որ Դավիթ Հարությունյանի լիազորությունները կդադարեցվեն, նաև վստահ եմ, որ մոտ ապագայում մենք ճաղերի հետևում կտեսնենք ԲԴԽ որոշ անդամների»,-պատասխանեց Դատավորների միության նախագահը։

Զրուցել ենք նաև Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ։ Նա ասաց, որ խոսքեր չի գտնում՝ նկարագրելու ԲԴԽ-ի գործողությունները, որոնք իրականացվում են Դավիթ Հարությունյանի նկատմամբ․ «Գտնում եմ, որ Դավիթ Հարությունյանի նկատմամբ ինչ որ կատարվում է, դա հետապնդում է, այլ գնահատական հնարավոր չէ ուղղակի տալ, և այն պրոցեսները, որոնք այսօր տեղի են ունենում ԲԴԽ-ում, ուղղակի աննախադեպ են: Այդ «աննախադեպ» բառն էլ այնքան են փչացրել, բայց ուրիշ բառ չեմ գտնում։ Նման բան երբևիցե չի եղել։ Ասեմ Ձեզ՝ իմ խորին համոզմամբ, ԲԴԽ-ի կազմը, ոչ միայն այս, այլ նաև նախորդը, այս իրավական «բեսպրեդելի» համար ուղղակի պատասխան է տալու, պատժվելու է»։

Վարդազարյանին հարցրինք՝ ինչպե՞ս է ստացվում, որ Արշակ Վարդանյանին արգելում են մասնակցել վարույթին, քանի որ Դավիթ Հարությունյանի ընկերն է, բայց Կարեն Անդրեասյանն ու Գրիգոր Մինասյանը կարող են լինել ընկերներ և համատեղ վարույթ իրականացնել։ «Ի՞նչ ասեմ, բառ ուղղակի չեմ գտնում, նման բան ուղղակի չի կարող լինել։ Եթե երկու ընկեր չեն կարող մի վարույթի շրջանակներում գործ քննել, ապա պարզվում է․․․, երևի իրենց ընկերությունն ուրի՞շ որակի է, երևի ընկեր են, բայց այդքան էլ ընկեր չեն։ Ինչ վերաբերում է դռնփակ ռեժիմին, երևի էլի 37 թիվ ենք վերադառնում, ի՞նչ է նշանակում՝ դռնփակ դատական նիստ։ Դավիթ Հարությունյանին մեղսագրվող արարքը հրապարակային խոսքն է եղել, հրապարակային խոսք ասելու համար կարգապահական պատասխանատվության են ենթարկում, բայց դռնփակ ռեժիմով, ի՞նչ է դա նշանակում։ Իմ խորին համոզմամբ՝ պատասխան են տալու այս ամենի համար»,-ասաց Վարդազարյանը։

Այս խորագրի վերջին նյութերը