Մեկնաբանություն

19.06.2023 22:00


Մոռացված և ուրացված Արցախը... Հուդան էլ էր վստահ, որ երեսուն արծաթը կմարսի

Մոռացված և ուրացված Արցախը... Հուդան էլ էր վստահ, որ երեսուն արծաթը կմարսի

Ադրբեջանը ավելի է սեղմել Արցախի հայության շրջափակման օղակը: Գործնականում բեռներ, որոնց անվանում են՝ «հումանիտար», այլևս չեն մտնում Արցախ: Արցախի հայությանը Նիկոլ Փաշինյանն ու նրա սիրելի գործընկեր Ալիևը որոշել են ծնկի բերել սովի միջոցով, դաղորայքից ու, առհասարակ, կենսապահովման տարրական պայմաններից զրկելու միջոցով: Նպատակը անթաքույց է. հայաթափել Արցախը՝ հայոց բազմահազարամյա գոյության, պայքարի, ինքնության բնօրրաններից մեկը, ապա ջնջել, հողին հավասարեցնել ամեն հայկականը այնպես, ասես՝ չի էլ եղել:

Այդ ամենի ու առկա իրավիճակի կոնտեքստում առանձնահատուկ ականջ են խլացնում այսպես կոչված՝ «մարդասեր», «դեմոկրատական», «հումանիստ» ու նրանց երկրպագած սատանաները գիտեն, թե էլ ի՛նչ զրթուզիբիլ Եվրոպայի, «քաղաքակիրթ Արևմուտքի», բազմերեսանիության մարմնավորում ԱՄՆ-ի ու մնացյալի ձայները: Ոչ մի անհանգստություն, ոչ մի մտահոգություն, ոչ մի բան: Պա՜հ, իրենց համար «մեծ բան է», էլի, իրենց նավթագազամատակարար Ադրբեջանը որոշել է բնաջնջել ինչ-որ մի 120 հազար հայերի: Ի վերջո, Արցախում հո ուկրաինացինե՞ր չեն կամ ասենք, ալբանացիներ, որ Արևմուտքը իրար խառնվի, ձեռուոտ ընկնի: Այ, եթե հանկարծ ու հանկարծ Ուկրաինայի հետ կապված լիներ 0,1 տոկոսն այն սրիկայությունների, որ արվում են Արցախի բնիկ հայության նկատմամբ, հիմա Պետդեպարտամենտից մինչև Բրյուսել ու Ստրասբուրգն էլ ձեզ՝ վրադիր, այնպիսի՜ աղմուկ-աղաղակ կբարձրացնեին, որ դրա ռեզոնանսից խողովակաշարերով մղվող ադրբեջանական նավթը կքայքայվեր ու կոյուղաջրերի կվերածվեր:

Օրինակ, Եվրամիության մի բարձր ներկայացուցիչ, կհիշեք, ընդամենը օրերս ուրախ-զվարթ հայտարարեց, թե Նիկոլ Փաշինյանը Հայաստանի առաջին ղեկավարն է, որ Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս: Ու վերջ, երևի բոլորը համարեցին, թե Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունից հետո Արցախում եղած հայերը վերացան, հարցը լուծվեց, այլևս ոչ մի պրոբլեմ չկա, ամեն ինչ «օ-քեյ» է:

Մյուս կողմից, բոլոր այդ եվրոպական, արևմտյան և այլն գործիչները հանգիստ կարող են շրջվել ու ասել՝ լսեք, մեզանից դուք ի՞նչ եք ուզում, վերջիվերջո այդ ձեր Նիկոլ Փաշինյանն է բացեիբաց հայտարարել, որ հրաժարվում է Արցախից էլ, Արցախի հայերից էլ, եթե ուզում եք իմանալ՝ Հայաստանի Հանրապետությունից էլ, գնացեք, նրան պահանջներ ու մուննաթներ ներկայացրեք:

Տեղ ունեն ասելու: Այնպես չէ, թե նման դիտողությունը հիմնավորված չէ: Բայց միաժամանակ, այդ նույն «քաղաքակիրթ աշխարհի», կոնկրետ՝ Միջազգային դատարանն է, չէ՞, որոշում կամ վճիռ կայացրել, որով Ադրբեջանին պարտադրում է ապաշրջափակել Արցախը, մասնավորապես, չխոչընդոտել Լաչինի (Բերձորի) միջանցքով բեռների փոխադրումը և ուղևորների երկկողմ շարժը:

Էհ, Ադրբեջանն էլ բացահայտ չի կատարում Հաագայի դատարանի որոշումը: Եվ ի՞նչ: Ոչինչ: Ինչպես միշտ՝ «անգլիական բեռնատարները չեն կարող հաղթահարել Արցախի լեռնանցքներն ու ոլորանները»:

Կարճ ասած՝ Արցախը մոռացված է «քաղաքակիրթ Արևմուտքի» համար: Ավելի ճիշտ՝ մատնված է մոռացության:

Այս ընթացքում չի լսվում նաև Արցախի «նիկոլի»՝ Արայիկ Հարությունյանի ձայնը: Երևի նրա համար էլ է ամեն ինչ «օ-քեյ»: Դե, Ալիևից ամնիստիա ստանալու վերաբերյալ ինչ-որ հեռանկարների մասին է լսել, երևի, ու ինքն իր անձնական հարցերն է լուծում: Ի՜նչ Արցախ, ի՜նչ հայություն...

Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի մասին ընդհանրապես չարժե խոսել: Սրանցը պարզ է. ուրացել են Արցախը, այն հայտարարել են ադրբեջանական ու վայելում են իրենց բրենդային տռուսիկները, մայկաները և մնացյալ քրջուփալասը:

Գիտե՞ք, Հուդան էլ էր վստահ, որ երեսուն արծաթը կմարսի:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը